Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը խաղ է, շոու»

Օգոստոս 19,2010 00:00

Դարձյալ Աղթամարի Սուրբ Խաչի մասին

Մասնակցե՞լ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, թե՝ ոչ: Երեկ Ազգային գրադարանում կազմակերպվել է քննարկում՝ «Աղթամարի Սուրբ Խաչը՝ հավատի, գիտակցության, արժանապատվության քննություն» թեմայով, որը սկսվեց Վանի հիմնով:
Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը դեմ է հայերի՝ Աղթամար եկեղեցու պատարագին մասնակցելուն. «Սա ուղղակի շոու է, խաղ՝ Եվրոպայի համար, եւ ոչ մի դրական փոփոխություն չի ունենա մեր այնտեղ գնալն ու մասնակցություն ապահովելը այդ արարողությանը»:
Ռ. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ գնալու կամ չգնալու հարցը նախ քննարկվել է Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական ազգային արժեքների, հուշարձանների ենթահանձնաժողովում: Ըստ այդ քննարկումների, ընդունվել է հայտարարություն, որը կոչ է անում հայերին՝ չմասնակցել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Ըստ այդ հայտարարության, «իր ազգային եւ կրոնական արժանապատվությունը հարգող յուրաքանչյուր գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին թուրքական շոուին մասնակից լինելու գայթակղությունից, որ այդ օրը կայանալիք հայավնաս խաղն իրականացվի առանց հայերի մասնակցության»:
Պատմաբանը նշում է. «Չեմ ասում, թե ինչեր են շահում թուրքերը, եւ ինչ ենք մենք կորցնելու: Քաղաքական առումով թուրքերը շահում են հսկայական դիվիդենդներ: Նախ տորբեդահարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում, Կոնգրեսում: Թուրքերը մեր մասնակցությամբ կունենան մի խաղաքարտ, որը կցուցադրեն աշխարհին, ասելով՝ թե այնտեղ գնացել է ոչ թե 5-10 հոգի, այլ 5000-6000: Կհայտարարեն, որ շփման եզրերը շատ են ուժեղացել, ազգովի եկել են, էլ ինչո՞ւ եք այդ վերքը քչփորում: Մյուս դրական ազդեցությունը Թուրքիայի համար ԵՄ մտնելը կլինի: Կաթիլ-կաթիլ ժայռը ծակում են, սա շատ լավ փաստարկ կլինի Եվրոպայի առաջ, որ տեսեք՝ հայերի հետ զրո պրոբլեմ: Երրորդը՝ սառեցված են պրոտոկոլները: Նախ թուրքերն իրենց լավ չէին պահում ստորագրման պահից, եւ դրանից հետո մեր նախագահի կողմից՝ նախապայմանների սառեցումը: Սա միայն հօգուտ թուրքերի է, միայն իրենք են շահում… Թուրքերն ուզում են Աղթամարի միջոցով ապակոնսերվացնել սառած գործընթացը: Ասում են՝ մենք ձեզ ձեռք ենք մեկնում նույնիսկ սառած պրոտոկոլների պայմաններում…»:
Պատմաբանը ընդգծեց նաեւ հարցի բարոյահոգեբանական կողմը. «Այս երկիրը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ որ օրը ճանաչեց, այդ օրը կստորագրի իր մահախոսականը: Նրանք ուզում են հիմարացնել հայերին ու աշխարհին՝ Աղթամարով: Ես չեմ ասում՝ մի գնացեք Աղթամար, մի այցելեք, ուղղակի՝ թուրքի նշանակած օրը մի գնացեք: Հայի եւ հայ եկեղեցու միջեւ հայտնվել է անկոչ մի միջնորդ, ով փորձում է մատնացույց անել հային՝ երբ գնալ պատարագի, երբ՝ ոչ: Սեպտեմբերի 19-ին մի գնացեք, ոչ ասեք այդ օրվան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել