Ըստ ամերիկաբնակ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի, այստեղ արվեստագետը զրկված է միջազգայնացման հնարավորություններից:
Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը այն եզակի արվեստագետներից է, ով ԱՄՆ-ում է հայտնվել ոչ թե ստեղծագործական անբավարարվածության կամ գնահատված չլինելու պատճառով: Հայրենիքում 1990-ականների սկզբներից ծավալել է բուռն գործունեություն: Ա. Բերբերյանը, սակայն, համոզված է, որ արվեստագետի համար, այնուհանդերձ, տեղային սահմանները չափազանց նեղ են, մի տեսակ առօրեական, հեռու միջազգայնացման հնարավորություններից: Երաժշտաթատերական աշխարհում 1990-ականների սկզբներին նոր խոսք էին «Մետրո» թատրոնում կոմպոզիտորի «Տերն ու ծառան» (բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան) եւ «Կախարդված արքայազնը» (բեմադրիչ՝ Նիկոլայ Ծատուրյան) մյուզիքլները: Ժամանակին նա Մանկապատանեկան գեղագիտական կենտրոնում հիմնեց կամերային նվագախումբ՝ զուտ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը հնչեցնելու նպատակով: Քչերին է հայտնի, որ այսօր Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած ու ճանաչված «Ջեզըլ» կանանց անսամբլի երգչուհիները Ա. Բերբերյանի ժամանակին ստեղծած մանկական ջազային երգչախմբի աղջնակներն են: Ի վերջո, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարած տարիներին Բերբերյանը հանդիսանում էր համերգահյուրախաղային բաժնի տնօրենը, նվագախումբն առաջին անգամ հանդես եկավ Ամերիկայում եւ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ այլուր:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի դասարանում ուսանելու տարիներին երիտասարդ կոմպոզիտորը մի շարք միջազգային մրցույթներից վերադարձել է մրցանակներով:
«Առավոտի» դիտարկմանը, թե մինչ օրս մատների վրա կարելի է հաշվել հայ ժամանակակից այն կոմպոզիտորներին, որոնք ներկայացել են միջազգային նման միջոցառումներին, Ա. Բերբերյանն ասաց. «Արեւմուտքում պրոդյուսերների հսկա շուկա կա, որտեղ նրանք համագործակցության առաջարկ են անում թե կատարողներին, թե կոմպոզիտորներին: Օրինակ, Ուկրաինայում առաջին մրցանակի արժանացավ իմ «Հայաստանի երեխաների հիմնը»: Երբ 1988թ. անվանի կինոռեժիսոր Ռոլան Վիշնեւսկին ֆիլմ էր նկարում հայաստանյան երկրաշարժի մասին՝ «Տեր, փրկեա նրանց հոգիները», մտաբերել էր մրցույթին ներկայացրած երգս եւ ինձ համագործակցության առաջարկ արեց: Աղետի գոտուց շուրջ 400 երեխա կատարեցին այդ հիմնը Մոսկվայում, ինչը եւ ընդգրկվեց ֆիլմում: Ես ուզում եմ նշել նաեւ հայաստանյան տարբեր մրցույթներ, որոնք ճանաչելի են դարձնում ստեղծագործողին, սակայն կրկնում եմ, մեզ մոտ շուկան ու շփումները անչափ փոքր են: Ինձ համար թանկ է, օրինակ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի 1997թ. կազմակերպած՝ «Այո» մրցանակաբաշխության շրջանակներում հնչած եւ լավ իմաստով աղմուկ հանած «Իմ մայրը» երգը՝ Նունե Եսայանի կատարմամբ: Հիշում եմ, Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված ստեղծագործությանս՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձրակարգ կատարումը կամ «Աղոթք քեզ, Երեւան» բալլադը՝ երգչախմբի, նվագախմբի եւ մենակատարների համար՝ նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը եւ այլն»:
Հետաքրքրությանը՝ փաստորեն ոչ մի փակ դուռ չի եղել հայրենիքում, ուրեմն ինչո՞ւ 2008թ. ապրելու եւ ստեղծագործելու համար ընտրեց Սան Ֆրանցիսկոն, կոմպոզիտորը պատասխանեց. «Ստեղծագործողի կայացման փուլից հետո նոր շրջան պետք է սկսվի: Մեծ ծրագրեր իրականացնելը Հայաստանում պրակտիկորեն հնարավոր չէ, էլ չեմ խոսում չկամեցողության մասին: Բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի, դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ իմ՝ Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված ամիսների աշխատանքը, որի արդյունքում ստեղծվել էր մեկուկես ժամանոց բալետային ներկայացում, այդպես էլ չկարողացանք իրականացնել, որի փոխարեն եղավ ընդամենը համերգ-խառնարան: Հիմա էլ աջակցում են այս կամ այն միջոցառմանը, որն ընդամենը մեկ օրվա կամ մեկ ամսվա կյանք ունի, մինչդեռ կոթողային, մնայուն արժեքներ են հարկավոր: Այսօրվա վիճակը տեսնելով, հայաստանցի երիտասարդ կոմպոզիտորները չեն ստեղծագործում մեծ կտավի գործեր, ինչը պետք է լինի մեր պետության գերխնդիրը»: Առաջիկա ամերիկյան ծրագրերի մասին խոսելիս Ա. Բերբերյանը հայտնեց, որ իր հեղինակային երեկոն աշնանը կկայանա Կանադայում, իսկ Օքլենդի (Սան Ֆրանցիսկո) սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Մայքլ Մորգանի առաջարկով, պատրաստվում է մի բաժին հնչեցնել Բրամս՝ «Ռեքվիեմ», մի բաժին էլ տրամադրել իր երկերին: