Ֆրանսիական Մոնպելիե քաղաքում Վլադիմիր Լենինի հուշարձանը կտեղադրվի: Այդ մասին երեկ փոխանցել է «Ֆրանսպրեսը»: Մոնպելիեում միաժամանակ նախատեսվում է կանգնեցնել նաեւ Ուինստոն Չերչիլի, Շարլ դե Գոլի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Ժան Ժորեսուի արձանները, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ավելի քան 3 մետր, իսկ քաշը 850 կգ-ից մինչեւ մեկ տոննայի կհասնի: Արձանների բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերին: Դրանցից յուրաքանչյուրի համար քաղաքային բյուջեից վճարվել է 200-հազարական եվրո:
Lenta.ru-ի փոխանցմամբ, այդ ինքնատիպ ակցիայի գաղափարը Մոնպելիեի շրջաններից մեկի՝ Լանգեդոկ-Ռուսիլիոնի ղեկավար Ժորժ Ֆրեսշինն է (նկարում): Նա այդ առաջարկն առաջին անգամ արել է դեռ 2008թ.-ին: Շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Լենինին, Չերչիլին, դե Գոլին, Ռուզվելտին ու Ժորեսին համարում է «20-րդ դարի մեծագույն մարդիկ»:
Նա ծրագրում է 2011-ին առաջարկել Մոնպելիեում կանգնեցնել նաեւ Մահաթմա Գանդիի, Գոլդ Մեյերի, Համալ Նասերի, Նելսոն Մանդելայի եւ Մաո Ցզեդունի արձանները: Ի դեպ, շրջանի ղեկավարը սոցիալիստ է եւ Սոցիալիստական կուսակցությունից հեռացվել է ռասիստական հայտարարություններ անելու համար: Ֆրանսիայի «կանաչներն» արդեն սպառնացել են քանդել հուշարձանները, իսկ աջերը վրդովված են, որ շրջանի ղեկավարը դե Գոլին եւ Լենինին նույն հարթության վրա է դրել: