ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Սոչիում ընդունել է Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի առաջնորդներին: Գագաթաժողովը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի եւ Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայի համար հազվադեպ հանդիպման առիթ է, առավել եւս այն բանից հետո, երբ Քարզայը Պակիստանի հետախուզությանը մեղադրել էր թալիբներին աջակցելու մեջ:
BBC-ի մատուցմամբ, Զարդարին ի սկզբանե ծրագրել էր երկու օրով գնալ Ռուսաստան, բայց հետո այցի ժամկետը կրճատել էր՝ հասցնելով մի քանի ժամի: Նա Պակիստանում արդեն խիստ քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ երկրի աղետի գոտիներ այցելության փոխարեն արտասահմանյան ուղեւորությունների էր մեկնել:
Սոչիում քառակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել թալիբների եւ նարկոթրաֆիկի դեմ պայքարի շրջանակներում միջազգային հանրության ջանքերի հարցը: Դրանք մինչ այժմ շոշափելի հաջողություններ չեն գրանցել:
Ռուսաստանի պաշտոնական անձինք մեկ անգամ չէ, որ հայտարարել են Մոսկվայի կողմից Աֆղանստանում միջազգային կոալիցիային եւ ժամանակավոր թույլ կառավարությանը ցանկացած միջոցով օգնելու պատրաստակամության մասին: Խոսքը, իհարկե, չի վերաբերում Աֆղանստան ռուսական զորքեր ուղարկելուն, ինչը մասամբ բացատրվում է նաեւ 1979-89թթ. Աֆղանստան ներխուժած խորհրդային զորքերի անհաջող փորձառությամբ:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանը պատրաստակամ էր քննարկել աֆղանական կառավարական զորքերի համար կամ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերին 100 ռազմական ուղղաթիռ տրամադրելու հարցը: