ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Համաձայն այդ հրամանի, հաստատվել է «Հայ ուսուցչի երդումը» եւ կազմակերպման ընթացակարգը: Ըստ edu.am-ի, 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները եւ ծնողները, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը: Ուսուցիչները կերդվեն հետեւյալ տեքստով. «Ես՝ ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ՝ պատվով կրել Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը: Երդվու՛մ եմ: Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության եւ դաստիարակության գործին: Երդվու՛մ եմ:
Երդվում եմ՝ լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված եւ այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՛մ եմ:
Երդվում եմ՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՛մ ենք: Երդվում եմ՝ բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՛մ ենք»: