Բաց նամակ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին ու բոլոր շահագրգիռ անձանց
Հարգելի հայոց լեզվի մասնագետներ, կներեք անտեղյակությանս, շատ հավանական է, որ մեր լեզվի կանոններում կատարված են հիմնավոր փոփոխություններ, լայն հնարավորություն տալով հայերենը առավելագույնս հարմարեցնելու ռուսերենի առանձնահատկություններին: Եթե այդպես չէ, ապա ինչպե՞ս հասկանալ ահավոր թափ առած թարգմանամոլուցքի պատճառը, երբ իրեն կիրթ համարող խավի մեծ մասը համոզված է, որ այդպիսին երեւալու համար պետք է կատարել ռուսերենից բառացի թարգմանություն, իսկ միջին եւ կիսագրագետ խավը ընդօրինակում է: Ահա մի օրինակ. իմ շախմատի խաղընկերը ինչ-որ առիթով ասաց՝ «սպասիր ակնոցներս հագնեմ»: Երբ ես հարցրի՝ ինչո՞ւ այդպես, նա զարմացավ՝ «չէ՞ որ ռուսերենում այդպես է»՝ ստրկամիտ հիմնավորումով եւ շարունակեց՝ «բացի դրանից, երեկ հեռուստացույցով այսինչ ակադեմիկոսը եւս այդպես ասաց»: Վերնախավի մյուս մասը, հիմնականում ռուսական կրթությամբ, նույն ձեւով է հայերեն արտահայտվում՝ կամ անտեղյակության պատճառով կամ պարզապես կիսագրագետ է, բայց՝ բարձրաստիճան: Այդպիսի «գոհարներից» են, օրինակ՝ «…որոշեցինք կանգ առնել Փարաջանովի վրա» (մշակույթի նախարար՝ Բուլղարիայում մեր մշակույթը ներկայացնելու առիթով), կամ՝ «…նրանք մտել են ռեժիմների տակ» (էկոնոմիկայի նախարար, «Հ1»): Եթե առաջինը սրբապղծություն է ոչ միայն մայրենիի, այլեւ մեծ արվեստագետի նկատմամբ (կանգ առնելով նրա վրա), ապա երկրորդը՝ ընդհանրապես անհնար է թարգմանել հայերեն: Այսպիսի օրինակները, ցավոք, բազմաթիվ են եւ ամենուրեք, եւ, առաջին հերթին, հեռուստատեսությամբ, որի օգնությամբ նաեւ մեր շատ հարգելի շախմատի հեռուստատեսային մեկնաբանները իրենց հաղորդաշարի միջոցով «օգնում» են անգիտակ մասսային տիրապետելու ռուսերենի ուղղվածությամբ «նորագույն» հայերենին: Համենայնդեպս, չի երեւում ոչ մի լուրջ միջոցառում ահագնացող վտանգի առաջն առնելու ուղղությամբ: Լեզվի վերաբերյալ միակ հաղորդաշարը («Մեր լեզուն, մեր խոսքը») նախ շատ չնչին է՝ շտկելու համար վիճակը, հետո, նա իներցիայով շարունակում է նախկին ուղղվածությունը՝ առանձին բառերի ճշտումը, ստուգաբանումը, ինչը նույնպես պետք է, բայց հիմա ոչ առաջնահերթ, մանավանդ որ՝ հետաքրքրվողը այդ հարցերի պատասխանը լիարժեք կարող է գտնել «Արմատական բառարանում»: Օգնել է պետք անտարբեր մեծամասնությանը: Անհրաժեշտ են ամենօրյա եւ բազմապատիկ միջոցառումներ՝ պետական կառույցների հովանավորությամբ, տարբեր հեռուստաալիքներով եւ որակյալ մասնագետների ներգրավումով: