Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ՝ ՄԱ՛Հ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Կամ տպավորություն՝ «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ձեռնարկից

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 148-րդ կետում փաստվում է, որ ՀՀ քաղաքացիների 98,1%-ը կրթության ոլորտը բնորոշել է այս կամ այն չափով կոռումպացված: Կոռուպցիայի տարածվածության ընկալման այս ցուցանիշով կրթության ոլորտը զիջում է միայն ընտրական համակարգին:
Օրերս կայացավ «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում աշակերտների հակակոռուպցիոն կրթությանն ու դաստիարակությանը: Ծրագիրը, որ պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ միջոցներով, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի եւ «Ապագան քոնն է» հ/կ-ի ջանքերով, դպրոցներում կներդրվի նոր ուսումնական տարվա սկզբից: Ի դեպ, «հակակոռուպցիոն» ձեռնարկը ողջունած Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանի մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի նա $70 հազարանոց «ջիփ» ավտոմեքենա էր նվիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, իր խոսքով՝ իր ղեկավարած հիմնարկի ձեռք բերած գույքը օրինական պայմանագրով հանձնել («Առավոտ», 13.11.2009) նրան:
Դառնալով ձեռնարկին, փաստենք, որ այն կարդալիս կարող ես զուգահեռ նաեւ զվարճանալ: «Կոռուպցիայի հիմնական պատճառը մարդկային եսասիրությունն է եւ ագահությունը»,- փաստորեն, նման պաթետիկ, տեսական նախադասություններով են հակակոռուպցիոն դաստիարակություն տալու երեխաներին, որոնք ամեն քայլափոխի հանդիպում են կոռուպցիոն դրսեւորումների: «Իրավահավասարություն կամ իրավունքի գերակայություն. կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները» դասին էլ պահանջվում է. «Սովորողները պետք է հասկանան կոռուպցիայի հասարակական վտանգավորությունը եւ սեփական դերի անհրաժեշտությունը վերջինիս կանխարգելման գործընթացում: Նրանց տրվում է 5 րոպե ժամանակ, որպեսզի յուրաքանչյուրը թղթի վրա գրի իր դերը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում»: Համապատասխան մարմինները չեն կարողանում կամ ցանկանում դրա դեմ պայքարել, խեղճ աշակերտներն ինչպե՞ս են միջոցներ մոգոնելու… Ձեռնարկում նույնիսկ առանձին թեմա կա՝ «Կոռուպցիայի դրսեւորումը Օսմանյան կայսրության մեջ (XVII-XVIIIդդ)»: Ուսուցիչը, ըստ ձեռնարկի, պիտի պահանջի աշակերտներից՝ «Ապացուցեք, որ այս ժամանակաշրջանում կոռուպցիան մեծ տարածում ուներ Օսմանյան կայսրությունում»: Լավ, մեզ ի՞նչ, ինչո՞ւ գնանք այդքան հետ, այն էլ Օսմանյան կայսրություն, բա մեր հայրենական, ժամանակակից կոռուպցիա՞ն… Չմոռանանք նշել, որ ձեռնարկում բազմաթիվ լրացուցիչ նյութեր էլ կան օսմանցիների կոռումպացվածության մասին՝ հատված Կոստանդնուպոլսում Անգլիայի դեսպան Հ. Գրենվիլի՝ իր կառավարությանն ուղղված զեկուցագրից, ֆրանսիացի բնագետ Գ. Ա. Օլիվիեի ուղեգրությունից, թուրք պատմագիր Ահմեդ Ջեհետ փաշայի աշխատությունից… Հայ երեխաներ, տեսեք, թե ի՜նչ կաշառակեր են եղել թուրք սուլթաններն ու փաշաները:
Հավելենք, որ սովորողները այս ձեռնարկով ծանոթանալու են նաեւ Գ. Բաշինջաղյանի «Հուդայի զղջումը», «Հուդան իրեն կախելուց առաջ», «Գեթսեմանի պարտեզը» ստեղծագործություններին, նրանց բացատրվելու է, թե դրամի դիմաց վատ արարք կատարելը որքան պախարակելի է:
«Հակակոռուպցիոն» ձեռնարկի ցուցումներով նաեւ որոշել են երեխաներին տեսականորեն բարոյականություն, արդարություն քարոզել. «Բարոյականությունը շատ լայն հասկացություն է, այն մարդու ամենախորքային հատկանիշներից է»: Իսկ ինչպե՞ս կընկալի այս ամենը գործնականում հակառակ բաների հանդիպող դպրոցականը: Ի դեպ, մի տեղեկատվություն էլ կաշառված ԶԼՄ-ների մասին կա. «Կաշառված ԶԼՄ-ները կարող են պաշտպանել իրենց կաշառողի շահերը, չհրապարակել նրան վարկաբեկող տեղեկությունները, ընդհանրապես տեղեկություններ չտալ կամ խեղաթյուրել դրանք՝ հօգուտ կաշառատուի»:
Կցկտուր տեղեկություններ կան այն մասին, որ Ք.ա. 18-րդ դարում Հին Բաբելոնում՝ Համմուրապիի օրենքներում ակնարկներ կան զինվորականներին կաշառելու համար մահապատժի ենթարկելու մասին, իսկ Մխիթար Գոշի եւ Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերում՝ նյութական կամ այլ շահագրգռության պատճառով կողմնապահություն դրսեւորած դատավորին պաշտոնից զրկելու վերաբերյալ: Չմոռանանք նշել գրքում առկա «հակակոռուպցիոն» խաղ-դասերի մասին: Օրինակ, ուսուցիչը կարող է գրատախտակին գրել կոռուպցիա բառը, իսկ յուրաքանչյուր աշակերտ այդ երեւույթը բնորոշող երկու-երեք բառ ավելացնել կողքին:
Հրաշալի՜ է, ձեռնարկի հեղինակների կանխատեսումներով, դպրոցն ավարտելուց հետո, այս դասընթացն անցածները հաստատ արմատախիլ կանեն հայաստանյան կոռուպցիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել