Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը դրական կողմեր ունի

Օգոստոս 19,2010 00:00

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգությունն ապահովելու իդեալական տարբերակ չէ, բայց մեզ համար որոշ դրական կողմեր ունի: Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Հայաստանը նույնիսկ ընդհանուր ցամաքային սահման չունի:
«Պարզ է, որ այդ մեխանիզմը չի լինի իդեալական մեր երկրի անվտանգության համար: Բայց, այնուամենայնիվ, այդ մեխանիզմում մեզ համար շատ դրական կողմեր կան: Դրանիցից մեկը, որը պարտավոր ենք անընդհատ հիշեցնել ՀԱՊԿ անդամներին, 4-րդ հոդվածն է, որի համաձայն՝ եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկին դրսից սպառնում են ուժով, մյուս պետությունները պարտավոր են պաշտպանել ու աջակցել: Դա նաեւ զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի համար: Մեծ լումա ՀԱՊԿ-ը չունի մեր անվտանգության ապահովման հարցում, բայց դրական կողմեր ունի, որոնք պետք է օգտագործել»,- մանրամասնեց բանախոսը: Բացի այդ, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է օգտվի նաեւ այն հնարավորությունից, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք է տրամադրում ՀԱՊԿ անդամ երկրներին: Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանն իր անվտանգության ապագան միայն այդ կազմակերպության հետ չպետք կապի, բայց այսօր այլընտրանք չունի:Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Գրիգորյանը նշեց, որ դա ակնհայտորեն ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այդ երկիրը ցանկանում է Հարավային Կովկասում ամրապնդել իր դիրքերը:
«Բայց որն է Հայաստանի շահը, ես դժվարանում եմ ասել: Ես դրական եմ համարում այն, որ ըստ պայմանագրի կետերից մեկի՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի անվտանգությունը կպաշտպանի: Ես չեմ հասկանում, թե ինչ ի նկատի ունեն, երբ այդ կետը փոփոխել են, բայց կարելի է հասկանալ մեր ուզածը: Ես առաջարկում եմ մեր պատվիրակությանը բանակցությունների ժամանակ այդ կետը մի քիչ լրացնել՝ ձեւակերպելով, որ ռուսական ռազմաբազան կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը նաեւ կոնֆլիկտների լուծման ժամանակ»,- նշեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել