Իրերը իրենց անունով կոչելու օգուտը
Սկիզբը՝ նախորդ համարում:
Խորհրդային ռեժիմի տարիներին ամենից շատ կորուստներ, հայերի նման, տվեցին ռուսները: Երբ տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր հարազատ ռուսական տարածքներ արհեստական կերպով միացվեցին, այսպես կոչված, խորհրդային հանրապետություններին: ԽՍՀՄ-ի փլուզումը շանս էր տալիս ռուսներին, ինչպես հայերին, աբխազներին, օսեթներին եւ ուրիշներին, վերականգնել իրենց կորուստները:
Բայց առավելապես կորստի մատնված, խորհրդայնացված ռուսական ազգային ոգին եւ կամքը ոչինչ ավելի արժանապատիվ եւ արդյունավետ կերպով չդրսեւորվեց, քան ԳԿՉՊ-ի արկածախնդրությունը: Իսկ դրա հետեւանքով առաջացած փլուզման պահին ընկավ Բելովեժյան համաձայնագրերի թակարդը: Առանց պայմանի նախնական բանակցություններ վարելու նոր սահմանների վերբերյալ՝ Ելցինի ռեժիմը ճանաչեց խորհրդային հանրապետությունների անկախությունները: Երբ նա ամենեւին պարտադրված չէր դա անելու: Ազգային քաղաքական մտքի, ոգու եւ կամքի անկման ինչպիսի անդունդի պետք է հասած լինի այն քաղաքական վերնախավը, որպեսզի նրա ներկայացուցիչը՝ Վլ. Պուտինը հայտարարեր. «ԽՍՀՄ-ի փլուզման պահին Ռուսաստանը, որպեսզի խուսափի հարավսլավական սցենարից, գնաց պատմության մեջ օրինակը չունեցած զոհողությունների, հանձնելով տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր իր հարազատ հողերը»:
Ընդունա՞կ են, արդյոք, ռուսները վերջապես պսակազերծ անել այդ հրեշավոր սուտը: Մի՞թե կարելի է լրջորեն ենթադրել, որ մինի-կայսրությունները պատերազմ պիտի հայտարարեին Ռուսաստանին, եթե ռուսները, չընկնելով Բելովեժյան համաձայնագրերի ծուղակը, չճանաչեին մինի-կայսրություններին՝ առանց անհրաժեշտ բանակցությունների՝ որոշելու համար նոր սահմաններ՝ փոխարեն եղածի, մեծ մասամբ հանցավոր կերպով, հաստատված խորհրդային սահմանների, որոնք նշանակություն ունեին միայն խորհրդային պայմաններում: Ռուսները, թերեւս, պատերազմ չեն հայտարարում Ճապոնիային, երբ նա հրաժարվում է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, պահանջելով վերադարձնել ճապոնացիներին պատկանած կղզիները:
Այս պարտվողական եւ առանց անհրաժեշտության հաշտվողական քաղաքականության հետեւանքն է, որ կամք չի մնում՝ իրերը, երեւույթները իրենց անունով կոչելու համար:
Ռուսները իրականում ազատագրեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, ուր նրանք հայտնվել էին իրենց կամքին հակառակ՝ հանցավոր ռեժիմի անիրավ որոշումների հետեւանքով: Բայց համաշխարհային հանրությունը չի հասկանում եւ չի ընդունում կատարվածը իբրեւ ազատագրում, այլ հակառակը, իբրեւ զավթում: Եվ դա ամենեւին ոչ թե նրա համար, որ իբրեւ թե աշխարհը ի սկզբանե դեմ է ռուսներին, ինչպես կարծում են մոլորության մեջ գցված նրանցից շատերը: Իրողությունը Կրեմլի կողմից ներկայացվում է սուտ, իբր խորամանկ ձեւով: Այսինքն՝ Մոսկվան կշարունակեր ճանաչել Վրաստանի տերիտորիալ ամբողջականությունը, եթե վրացիները չհարձակվեին ռուս խաղաղապահ ուժերի վրա, չոչնչացնեին մի քանի ռուս քաղաքացիների: Ովքեր եւ ինչպես կարող էին չընդունել այն անվիճելի իրողությունը, եթե ռուսները պետական մակարդակով ընդունեին նախկին ռեժիմի հանցագործությունները, դատապարտեին դրանք եւ հայտարարեին, որ հրամայական պահանջ է այդ հանցագործությունների հետեւանքների անհապաղ սրբագրումը, ապահովելու համար խաղաղություն եւ կայունություն: Մի՞թե առաջադեմ աշխարհը, Արեւմուտքը, ԱՄՆ-ը պիտի հակառակեին կոմունիստական տոտալիտար ստալինյան ռեժիմի կողմից գործված հանցագործությունների ուղղման դեմ, պաշտպանեին այդ ռեժիմի կողմից ստեղծված հանցավոր, անօրեն սահմանները:
Նույն (ան)տրամաբանությամբ հայերը, իբր թե խորամանկություն, «ճկուն» դիվանագիտություն բանեցնելով, Արցախի, հարակից տարածքներով, ազատագրումը, Հայաստանի մասնակի տարածքային վերականգնումը, չգիտես ինչու՝ անվանում են «ղարաբաղցիների ինքնորոշում»:
Իհարկե, լավագույն վարիանտը կհանդիսանար, եթե հնարավոր լիներ վերջ տալ ազգամիջյան տարաձայնություններին, սահմանավեճերին, տերիտորիալ պահանջներին եւ ստեղծել Անդրկովկասյան միություն, ներգրավվելով Եվրամիության մեջ, ինչը իր գործելակերպով, իբրեւ ապագայի նպատակ, հետապնդում է Արեւմուտքը: Բայց սա անհնարին է դարձել Վրաստանը՝ վրացիներին, Ադրբեջանը՝ ադրբեջանցիներին հռչակված քաղաքականության հետեւանքով, երբ մերժվում են՝ հարգել ազգային փոքրամասնությունների ազատությունն ու ապահովությունը, նրանց ինքնավարության իրավունքները: Ադրբեջանը եւ Վրաստանը ամեն գնով, խաբեությամբ, զրպարտությամբ, օգտվելով Մոսկվայի անսկզբունք կեցվածքից, ջանում են պահպանել տոտալիտար ռեժիմից իրենց նվիրված, երբեք իրենց չպատկանած տարածքները:
Այս պայմաններում եւ իրողություններում, մինչեւ լավ ժամանակների գալը, խաղաղություն եւ տեւական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է իրատես քաղաքականություն վարել, ազգային-տերիտորիալ արդար տարանջատում ապահովել: Չեխոսլովակիայի տարանջատումը կայացավ քաղաքակիրթ եւ խաղաղ կերպով: Հարավսլավյանը՝ ողբերգական, արյունալի եւ կորուստներով, հատկապես սերբերի համար, նրանց նացիոնալ-բոլշեւիկ, անիրատես, անհաշվարկ ղեկավարների մեղքով, որոնք հույսները դրել էին, թերեւս, պանսլավիզմի վրա, չհասկանալով, որ խորհրդայնացվածությունից դեռ չձերբազատված ռուսները դեռ աննշան կապ ունեն մինչհոկտեմբերյան քրիստոնյա ռուս մեծ ազգի հետ: Ռուսաստանի ապախորհրդայնացումը, ապաբոլշեւիկանացումը կատարվում են դանդաղ եւ ցավագին:
Մի մոլորություն եւս: Կոսովոյի դեպքը ոչ մի կապ չունի Արցախի հիմնախնդրի հետ: Կոսովոն, սերբական այդ տարածքը ժամանակի ընթացքում դարձավ մեր Նախիջեւանը, ուր մենք ինչ-ինչ պատճառներով կորցրինք հայ բնակչությանը: Այդ իսկ պատճառով շատ դժվար է այն վերադարձնելը, ինչպես, օրինակ, Կարսը, Վանը, Սասունը եւ այլն: Ռուսները եթե ժամանակին ետ չվերցնեն իրենց պատկանած տարածքները, ասենք՝ Ղրիմը, ապա այն ոչ շատ հեռու ապագայում նախիջեւանացվելու է:
Արցախի եւ հարակից տարածքների՝ մնացած մայր հայրենիքի հետ դե ֆակտո վերամիացումից հետո, հնարավոր է հասնել դրա դե յուրե իրականացմանը: Սեւրի դաշնագրով դե յուրե ունեինք հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ երկրատարածք, սակայն այն դե ֆակտո իրականացնելու, երկրի պաշտպանողականությունը ապահովելու համար չբավարարեց հավաքական ոգի, հավաքական միտք, հավաքական կամք, հավաքական ուժ՝ դիմագրավելու համար քեմալա-բոլշեւիկյան արշավանքը: Այսօր, երբ արտաքին պայմանները ավելի բարենպաստ են, քան դարասկզբում, դասեր քաղելով անցյալի (տես թեկուզ միայն Լեո, «Անցյալից»-ը, «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը») սխալներից, հրամայական պահանջ է՝ ապահովել համայն աշխարհի հայության ամեն տեսակի ակտիվ մասնակցությունը հայոց պետականության վերկանգնմանը եւ զարգացմանը, նրա տարածքների ամբողջականության գեթ մասնակի վերականգնմանը, օգտվելով երկրորդ անգամ նորագույն պատմությունում ընծայված հնարավորությունից: Ժամանակը չի ներում եւ նա կարող է մեր օգտին չլինել: Այն դեպքում, երբ այս դարը կարող է Հայոց Դարը լինել: