Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն, իրենց սեփական հողը թողած, մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն: Համայնքի 374 հա վարելահողից 252-ը աղակալած է: «Աղը դուրս է եկել, ցանում են, բերք չեն ստանում: Դիմում են, ուրիշ տեղերից են հող վերցնում, մշակում, որ գոյատեւեն: 100 տնտեսությունից ավելի էսօր վարկի տակ են»,- ասաց Արտաշարի գյուղապետարանի հաշվապահ Ջուլիետա Սարգսյանը: Թեպետ արտաշարցիներն իրենց սեփական հողերը չեն մշակում, սակայն պարտավոր են վճարել հողի հարկը:
Արմավիրի մարզում մոտ 5000 հա հողատարածություններ աղակալած են, որոշ տարածքներում ընթանում են կրկնակի աղակալման գործընթացներ: Աղակալման պատճառը ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է: Գյուղերում շատանում են ճահճուտները: Արտաշարի 60%-ը ճահիճներ են: Պատճառը մարզում առկա կոլեկտորադրենաժային ցանցերի՝ մասնավորապես փակ ցանցի չգործելն է: «Կառավարությունը փորձում է մեխանիզմ մշակել աղազերծումներ իրականացնելու համար»,- ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը,-«Հին ջրանցքը սխալ է կառուցված: Նոր ջրանցք պետք է կառուցվի, որպեսզի ֆիլտրացիոն պրոցեսները վերանան»: Հարցին, թե ե՞րբ կկառուցվի նոր ջրանցքը, նա պատասխանեց. «Երբ որ կառավարությունը գումարներ կհատկացնի, դա կառավարական խնդիր է»: