Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնանցքը՝ 2 մասի բաժանված

Օգոստոս 19,2010 00:00

Պետությունը մոռացե՞լ է գյուղն ու գյուղացուն

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի ամենասակավահող համայնքը՝ Լեռնանցքը, որ 1648 բնակիչ ունի, երկրաշարժից հետո 2 մասի է բաժանվել՝ հին եւ նոր գյուղերի: Հետաքրքիր է, որ գյուղապետարանն այժմ հին գյուղում է, իսկ 2008-ին քարաշեն կառույց տեղափոխված դպրոցը՝ նոր գյուղում: Կրթօջախում 225 աշակերտ է սովորում, դպրոցի մի սենյակում էլ մանկապարտեզն է, ուր 20 երեխա է հաճախում, չնայած 3-5-ից տարեկան 70 մանկահասակ երեխա կա գյուղում: Հին եւ նոր գյուղերը բաժանող 2 կմ ճանապարհը խանգարում է երեխաներին մանկապարտեզ հաճախել, թեկուզեւ գյուղապետարանն ավտոբուս է տրամադրել, որը դպրոցականներին յուրաքանչյուր առավոտ մի քանի երթով դպրոց է տանում, սակայն մանկապարտեզի ժամերը հարմար չեն գյուղական առօրյային: Դպրոցականները դասերից հետո Սպիտակ քաղաքի ծայրամասից (նոր գյուղը հիմնվել է Սպիտակ քաղաքին պատկանող հողերում) ոտքով են վերադառնում տուն: «Մանկապարտեզ ասածը հարաբերական է, ուղղակի առավոտվա 10-14-ը՝ անասունն ու կաթը մշակելու ժամը, երեխեքին հետեւող է լինում, որ գյուղացին կարողանա իր գործն անել, կեսօրից հետո գործն արդեն հողամասում կամ հանդում է՝ երեխուն էլ հետը կտանի»,- ասում է Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը:
Համայնքը մարզադահլիճ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, գրադարան ու մանկապարտեզի շենք չունի: Համայնքապետը փորձել է դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով վերը նշվածներից գոնե մեկն ու մեկն ունենալ, սակայն, տեսնելով, որ դա գյուղացուն չի հետաքրքրում, թողել է: «Երկրաշարժից հետո դեռեւս 90 բնակարանի կարիք ունեցող ընտանիք ունենք, մարդիկ, որ գլխավերեւում տանիք չունեն, չեն ընդունի, որ տան փոխարեն որեւէ այլ հաստատություն կառուցվի»,- ասում է Լեւիկ Աբգարյանը: Գյուղի երիտասարդներն իրենց առօրյան հետաքրքիր դարձնելու, ազատ ժամանց կազմակերպելու որեւէ տեղ չունեն: Ինչպես իրենք են ասում՝ գյուղում դրա ժամանակն էլ չկա. «Հազարից մեկ քաղաք ենք իջնում, այն էլ գնումներ անելու, օգտվելով առիթից՝ մի քիչ շունչ ենք քաշում, որ հանգստանանք գյուղի հոգսերից»,- ասաց Լեռնանցքի երիտասարդներից մեկը: Համայնքում ամբուլատորիա եւ բուժքույր կա, սակայն միայն տարեցներն են օգտվում այդ ծառայությունից, այն էլ միայն գյուղապետարանի կողմից փոխանցված 10 հազար դրամի դիմաց՝ առաջնային օգնության դեղորայքից: Գյուղացիները նախընտրում են բուժօգնություն ստանալ Սպիտակ քաղաքում: Գյուղը քաղաքից ընդամենը 5 կմ ճանապարհ է բաժանում, երթուղային տաքսին էլ կես ժամը մեկ գյուղում է լինում: Անցած տարի երկնագույն վառելիքն էլ գյուղ հասավ, 50 ընտանիք արդեն բաժնետեր է: «Չնայած վառելիքի թանկացմանը՝ գազից օգտվողների թիվն ավելի շատ կլիներ, բայց տներն իրարից այնքան հեռու են, որ իրենց ուժերով գազատար անցկացնելը ծախսատար է՝ 350-400 հազար դրամին մոտ գումար է պահանջվում, իսկ գյուղացին այսօր այդքան հնարավորություն չունի»,- ասում է գյուղապետը: Ու քանի որ փայտը թանկ է, գյուղացու համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը մնում է աթարը:
Տարեցտարի գյուղացու՝ հողից սպասելիքները հօդս են ցնդում, մի կողմից եղանակային կտրուկ փոփոխությունները, մյուս կողմից՝ կարկուտը, նրանց հուսահատության եզրին է կանգնեցրել: Գյուղացիների խոսքով, իրենք ցանքաշրջանառությունը ճիշտ չեն կազմակերպում՝ հողային ռեսուրսներ չունենալու պատճառով, որի հետեւանքով էլ լավ բերք չի ստացվում: Լեռնանցքի բնակչությունն այս տարի նաեւ ազոտական պարարտանյութից է հրաժարվել՝ ֆինանս չունենալու պատճառով: «Էս հողը սպանում ենք, մի տարի որ ցանում ես՝ մյուս տարին պիտի անպայման հանգստանա, բայց որ չցանեմ էդ տարին, իմ երեխեն ի՞նչ ուտի, առանց այդ էլ հող չկա, մի փայաբաժինը 3300 քմ է, էլ չեմ ասում, որ մենակ մի տեսակի պարարտանյութ ենք տալիս, ոչ մի ուրիշ բան չենք տալիս ու շատ բան ենք ուզում էս հողից: Ի՞նչ անենք, մեր ապրուստի միջոցն էլ էս է…», նկատեցին մեր զրուցակից գյուղացիները: Լեռնանցքում միայն կարտոֆիլ են ցանում, իսկ հացահատիկային մշակաբույսերը որպես անասնակեր են օգտագործում: «Ալյուրն առնում ենք նպաստով կամ թոշակով, հող չունենք, տնամերձն էլ հետը մի կերպ հերիքում է»,- ասում է տիկին Աիդան: Միակ բանը, որից գյուղացին չի դժգոհում՝ ջուրն է, որ սարերից բերել, գյուղ են հասցրել:
Բայց գյուղացու վիճակը ծանրացնում է գյուղտեխնիկայի բացակայությունը: Ժամանակին սեփականաշնորհված տեխնիկան մաշվել է եւ ավելի շատ ծախս է պահանջում գյուղացուց, քան օգուտ տալիս, չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Լեռնային տարածքի պատճառով հնձի եւ փոխադրող մեքենաներն էլ են հաճախակի փչանում: «Սովետական շրջանի մասեր են, որ փչանում է՝ ամբողջ հանրապետությունով մեկ ընկած էդ մասը ման ենք գալիս, պատահում է՝ մինչեւ գտնում ենք, հնձի ու հողի մշակման սեզոնն անցնում է, կամ մեր աշխատող մասը տալիս ենք մյուսին, մի քանի տեխնիկայից հազիվ մեկը հավաքում, որ հունձ ու վար անենք»,- ասում է տրակտորիստ Մ. Վիրաբյանը: Իսկ վարելագները տեխնիկայի տերերը համապատասխանեցնում են ժողովրդի գրպանին, երբեմն միայն վառելիքի գումարն են վերցնում, շատ հաճախ՝ նաեւ ապառիկ:
Լեռնանցքի գյուղացիների 40%-ը անասնապահությամբ չի զբաղվում՝ 1400 հավ, 317 խոշոր, 211 մանր եղջերավոր եւ 28 խոզ կա գյուղում: Նրանք նախընտրում է կաթը ինքնարժեքից էլ ցածր գնով՝ 90-100 դրամով հանձնել վերամշակող կազմակերպություններին, պանիր ու յուղ գյուղացին պատրաստում է միայն ընտանիքի համար՝ իրացման խնդիր կա. «Ոչ մի տարբերակն էլ հարմար չէ: Էն է որ՝ հանձնելով ձեռիդ փող է լինում, չունեցած ապրանքն առնում ես, թե չէ շահութաբեր չէ, ապրանք էլ սարքես ավել ծախս է՝ գազ, փետ, ժամանակ ես ծախսելու, քաղաք էլ տանես, չգիտես՝ կառնեն, թե չէ, հանձնելն էլի հարմար է, բայց շատ էժան է»,- պատմում է Լեռնանցք գյուղի բնակիչը:
Չնայած այս խնդիրներին, համայնքը ժամանակին կատարում է հարկային պարտավորությունները, գյուղի բյուջեն սեփական եկամուտների մասով 23 միլիոն դրամ է: Գյուղապետարանը յուրաքանչյուր ծնվող երեխայի համար 10 հազար դրամ է տալիս, իսկ մահվան դեպքում հանգուցյալի ընտանիքին օգնում են՝ սոցիալական վիճակից ելնելով: 2009-ին 15 ծնունդ եւ 9 մահ է գրանցվել գյուղում:
Թե քանի տարեկան է Լեռնանցք գյուղը, նույնիսկ գյուղի տարեցները չեն հիշում: Շատերը հիշում են, որ 1988-ի երկրաշարժից ավերված եկեղեցին թվագրված է 1863թ.: Մինչ այժմ լեռնանցքցին անտրտունջ ապրել է իր հողի վրա, այժմ արտագնա աշխատանքի գնացողների թիվն աճել է՝ 300 ընտանիքից 100 մարդ այժմ ապրուստի միջոց է փնտրում արտերկրում: «Գյուղն ինքն իրանով խնդիր է, գյուղացուն կապել են էս մի կտոր հողին ու մոռացել նրա մասին»,- վստահ են Լոռու մարզի լեռնային Լեռնանցք գյուղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել