Կոտայքի մարզպետն ընդունում է, որ սխալ է արել, որը, սակայն, պետք է ուղղի պետական այլ կառույց
Կովալենկո Շահգալդյանն ու Աբգար Գյուլումյանը:
Անցած տարվա հոկտեմբերից «Առավոտը» անդրադարձել է Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ մեկ հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Աբգար Գյուլումյանի եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դատական վեճին: Երկու դպրոցների միավորման արդյունքում Կովալենկո Շահգալդյանը Աբգար Գյուլումյանին ազատել է աշխատանքից, վերջինս դիմել է դատարան, դատարանն էլ որոշել է, որ հեռացված տնօրենը չի վերականգնվի, բայց մարզպետը նրան փոխհատուցում կվճարի:
Վերջին անգամ այս մասին գրել ենք հունիսի 17-ին եւ տեղեկացրել, որ թեեւ դատարանի վճիռը ուժի մեջ է մտել 2010-ի ապրիլի 10-ին, սակայն Աբգար Գյուլումյանը դեռ փոխհատուցում չի ստացել:
Այս վերջին հրապարակմանը արձագանքել է Կոտայքի մարզպետը: Նամակի սկզբում Կովալենկո Շահգալդյանը գրում է, թե մեր հրապարակումը «հստակ ճշգրտումների եւ ճշմարտությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն» ունի, իսկ վերջում ընդունում, որ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ մեկ հատուկ (օժանդակ) դպրոցի հեռացված տնօրեն Աբգար Գյուլումյանը փոխհատուցում չի ստացել եւ հավելում, որ փոխհատուցում վճարող պետական մարմինը մարզպետարանը չէ, ՀՀ ֆինանսների նախարարությունն է, քանի որ ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1790-Ն որոշմամբ «Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը»:
Մարզպետի պարզաբանումը նորություն չէ: ՀՀ կառավարությունը 2002-ի սեպտեմբերի 19-ին 10 տարբեր որոշումներով (1790-Ն, 1975-Ն, 1808-Ն եւ այլն) հաստատել է բոլոր 10 մարզպետարանների կանոնադրությունները: Մարզպետարանները գործադիր իշխանության տարածքային քաղաքականությունն իրագործող կառույցներ են (ՀՀ Սահմանադրություն, հոդված 88.1), եւ բոլորի համար էլ պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը:
Լավ կլիներ, եթե Կոտայքի մարզպետը եւ մնացած պաշտոնյաները այնպես աշխատեին, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեր դատարաններում, ոչ Եվրոդատարանում եւ եվրոպական այլ կառույցներում պատասխանատվություններ չկրեր կամ քիչ կրեր, որ հարկատուներիս փողերով ոչ թե պաշտոնյայի սխալ ուղղվեր, այլ առավել կարեւոր ծրագրեր իրականացվեին: Լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետությանը մեկից ավելի անգամ պատասխանատվության առաջ կանգնեցրած պաշտոնյային որեւէ օրենքի համաձայն հեռացնեին: Հասկանալի է, որ այս դեպքում մեր պաշտոնյաների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին՝ կզրկվի աթոռից: Ու երեւի հենց այս պատճառով օրենքները բացեր ունեն:
Մնում է պաշտոնյային պաշտոնազրկելու իրավասություն ունեցող պաշտոնյաները ճիշտ ընտրություն կատարեն ու որոշեն՝ պետությանը փաստի առաջ կանգնեցնող պաշտոնյա ունենալը լա՞վ է, թե՞ վատ… պետության համար:
Իսկ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ մեկ հատուկ (օժանդակ) դպրոցի հեռացված տնօրեն Աբգար Գյուլումյանը ՀՀ աշխարհիկ իշխանություններին դիմելուց հետո դիմել է հոգեւոր իշխանությանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Պատմելով իր եւ իր պաշտոնի շուրջ վերջին մեկ տարվա զարգացումները, պարոն Գյուլումյանը հարցրել է. «որքանո՞վ է արդարացի, որ նման մի մարդ, ինչպիսին ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալով պարգեւատրված լինի: Ժամանակը չէ՞, արդյոք, որ պաշտոնավորները հասկանան՝ պարգեւատրումը պետք է արդարացվի: Մանկավարժի նկատմամբ բռնություն կիրառող, երկրի բարձրագույն դատարանի պահանջը չկատարող, քրիստոնեությանը հակառակ գնացող անձը ինչպե՞ս կարող է արժանի լինել այնպիսի մի բարձր պարգեւի, ինչպիսին «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալն է: Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը միշտ էլ եղել է ծանրակշիռ ու աստվածահաճո: Գուցե Ձեր խոսքը լսելի լինի մինչ այժմ քրիստոնեաբար չընթացող որոշ պաշտոնավորների համար եւ նրանք գոնե պաշտոնի մայրամուտին հասկանան, որ «պաշտոն» բառը շատ հեռու չէ «պաշտել» բառից: Իսկ գուցե՝ Ձեր խոսքը մի ընտանիք փրկի»: