Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադեկվատը ո՞րն է»

Օգոստոս 19,2010 00:00

Չարենցավանի նախկին ոստիկանապետն ինքնակամ ներկայացավ դատարան

\"\" \"\"

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ պետք է վկայություն տար այն ժամանակվա Չարենցավանի ոստիկանապետ՝ գնդապետ Նորայր Հեբոյանը: Վերջինս նույն օրը դատարանին տեղեկացրել էր, թե քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ, բուժման նպատակով բացակայում  է հանրապետությունից: Ոստիկանապետը դատարանին խնդրել էր որպես հիմք ընդունել իր նախաքննական մարմնին Հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքները:
Նրա այդ գրավոր խնդրանքին դեմ էին արտահայտվել ինչպես տուժողի իրավահաջորդներն ու մեղադրող կողմը, այնպես էլ ամբաստանյալի աթոռին հայտնված Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն ու մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:
Դատարանը որոշեց Նորայր Հեբոյանին կրկին հրավիրել դատարան, իսկ չներկայանալու դեպքում դատարանը բերման կենթարկի նրան:
Երեկ Հեբոյանը ինքնակամ ներկայացավ դատարան, ում մուտքը դատարանի դահլիճ՝ ուղեկցվեց Վահան Խալաֆյանի հարազատների եւ մտերիմների կողմից նրա հասցեին հնչող անեծքներով:
Դատարանում Հեբոյանը ներկայացրեց այդ օրը տեղի ունեցած դեպքի մանրամասները: Իր խոսքը ներկայացնելիս՝ ոստիկանապետը կմկմում էր, պատասխանում էր խճճված, երբեմն էլ այնպիսի պատասխաններ էր տալիս, որ դահլիճում ներկա գտնվողների մեջ ծիծաղ էր առաջացնում: Երբ Հեբոյանը ներկայացնում էր, թե ինչ խոշտանգված վիճակում է տեսել Խալաֆյանին, Խալաֆյանի մայրը լացակումած հայտարարեց. «Իմ առողջ որդուն տարաք քաղմաս, դիակը դուրս հանեցիք»: 
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հարցին, թե ձեր գործողությունները, որպես ոստիկանապետ, ադեկվա՞տ են եղել, Հեբոյանը մի պահ դադար տվեց ու արձագանքեց. «Ադեկվատը ո՞րն է», ինչը ծիծաղ առաջացրեց դահլիճում՝ անգամ դատավորի եւ մեղադրողների մոտ:
Երբ Հեբոյանին սկսեցին հարցեր տալ ամբաստանյալ, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանն ու նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը, նախկին ոստիկանապետը ամբողջովին խուճապի էր մատնվում եւ հարցերին տալիս անհասկանալի պատասխաններ:
Աշոտ Հարությունյանի հարցը, թե՝ «ես քանի՞ անգամ եմ զգուշացրել, որ Մորիս Հայրապետյանը այն աշխատողը չի, որը կարող է աշխատել քրեական հետախուզությունում», եւ որ իր եւ Մորիս Հայրապետյանի միջեւ կան աշխատանքային թշնամական հարաբերություններ, դատավորը թույլ չտվեց, որպեսզի ամբաստանյալը հարցն ավարտի: Սրան հետեւեց փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքը, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է Մորիս Հայրապետյանի տված ցուցմունքի հիման վրա: Նշենք, որ Մորիսն իր ցուցմունքում գրել էր, որ «Աշոտ Հարությունյանը հայրական ապտակ է տվել Խալաֆյանին»:
Ի դեպ, Աշոտ Հարությունյան եւ Նորայր Հեբոյան հարցուպատասխանի ժամանակ Ա. Հարությունյանը մի քանի անգամ կրկնեց, որ ինքը չի պատրաստվում քավության նոխազ դառնալ ուրիշի արածների համար: 1 ժամ ընդմիջումից հետո ցուցմունք տվեցին ամբաստանյալներ Մորիս Հայրապետյանն ու Գարիկ Դավթյանը:
Նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին:
Երեկ դատավորը դահլիճից դուրս հանեց «Ազատություն» ռադիոկայանի օպերատորին, քանի որ նա սահմանված ժամանակից հետո էլ շարունակում էր տեսանկարահանել դատական նիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել