Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ՝ 4 ՏԱՐԻ

Օգոստոս 19,2010 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, վերսկսվեց «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին վթարի ենթարկած Վահան Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

\"\"

Դատարան էր ներկայացել այս անգամ Երեւան քաղաքի դատախազությունից Արամ Մնացականյանը: Նա ստանձնեց արձակուրդի մեկնած նախորդ դատախազի պարտականությունները: Սակայն մինչ իր պարտականություններին անցնելը, այսինքն՝ մինչ դատական նիստը սկսվելը, դատական կարգադրիչներին կարգադրեց թույլ չտալ լուսանկարել եւ հրահանգեց վերցնել լրագրող Գայանե Առուստամյանի լուսանկարչական սարքը: Երբ լրագրողը ասաց, որ դատախազը իրավունք չունի դատական կարգադրիչներին կարգադրել, նա լռեց: Սակայն «դիմադրում» էր (վեր կենալով նստած տեղից) եւ չէր ուզում լուսանկարեին իրեն: Այս անգամ միջամտեցին քաղաքացիները, ասելով, որ լրագրողը դատախազին նկարում է հասարակական վայրում, բացահայտ եւ ոչ թե նրա առանձնատանը:
Հետո դատական կարգադրիչները «ժրեցին»: Նրանք թույլ չտվեցին լրագրողներին տեղ զբաղեցնել առաջին շարքում, ինչպես սովորաբար բոլոր դատարաններում ընդունված է, ասելով՝ թե «վաշտ է գալու»: Վաշտը, գումարտակը այդպես էլ չեկան, նստարանները մնացին թափուր եւ սկսվեց դատական նիստը:
Դատարանին եւ տուժողի իրավահաջորդ Աիդա Բաբայանին անհայտ պատճառներով նիստին չներկայացան տուժողի երկու ներկայացուցիչները՝ Գիվի Հովհաննիսյանը եւ Հակոբ Ճարոյանը: Գայանե Բաբայանի քույրը ստիպված էր միայնակ պաշտպանել իր քրոջ եւ ընտանիքի շահերը:
Ամբաստանյալը կրկին հրաժարվեց ցուցմունք տալ, այդ պատճառով էլ դատախազը հրապարակեց նրա՝ ապրիլի 9-ին նախաքննության մարմնին տված ցուցմունքը: Ամբաստանյալ Վ. Եղիազարյանը հայտնել էր, որ առաջնեկի ծնվելու կապակցությամբ խմել է ընկերների հետ «Բաբիկ» ՍՊԸ-ում: Հետո իր «Հունդայի» մեքենայով շարժվել է Դ. Անհաղթի եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկ, ուր չհասած՝ իրեն զանգել են տնից, ասելով, որ գնա ծննդատուն:
Վարորդ-ամբաստանյալի պնդելով՝ մեքենան ընթացել է 50/60կմ արագությամբ:
«Սթարի» մոտ ինչ-որ մի մեքենա «շլացուցիչ» լույսեր է արձակել առջեւից, վարորդն էլ «շլացած լույսի շլացքից», հայտնվել է, իր բառերով ասած, «շլացած վիճակի մեջ»: Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն, փողոցի կենտրոնում, գծերի վրա նկատել է կանգնած կնոջ: Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկելուց հետո, փորձել է տուժողին օգնել, իր ավտոմեքենայով գնացել է հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած էր: Հիվանդանոց հասած ոստիկանների հետ վերադարձել է դեպքի վայր, մասնակցել տեղազննությանը:
Ճանապարհը չոր էր, ասֆալտապատ…
Ապացույցների հետազոտման փուլում կողմերից եւ ոչ մեկը նոր ապացույց դատարանին չներկայացրեց: Մեղադրող Ա. Մնացականյանը ներկայացրեց դատահետքաբանական-դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը, ճանապարհային երթեւեկության դեպքի վայրի զննության արձանագրությունը:
Դատաքննությունն ավարտվեց, եւ մեղադրողն իր ճառի վերջում պահանջեց 4 տարվա ազատազրկում: Նա ծանրացուցիչ հանգամանք համարեց վարորդի հարբած վիճակում գտնվելը, իսկ հանցագործությունը համարեց միջին ծանրության:
Աիդա Բաբայանն ասաց, որ իր ծերացած մայրը Գայանեի մահվանից հետո կաթված է ստացել:  Նա ասաց, որ Գայանեի մահվանից հետո վարորդի հարազատներից եղել է հեռախոսազանգ՝ սպառնալիքի ձեւով՝ «չհամարձակվեք բողոքել»: Նա պահանջեց ամենաօպտիմալ պատիժը, որը դաս կլինի հարբած եւ ուրիշների կյանքը խլած վարորդների համար:
Ամբաստանյալը վերջին խոսքում ասաց մի բառ՝ զղջում եմ, իսկ նրա պաշտպան Կարինե Ավանեսյանը դատարանից խնդրեց ազատ արձակել նրան, ասելով, որ իր պաշտպանյալն այնքան պարկեշտ է գտնվել, որ տուժողին միայնակ չի թողել, չի փախել դեպքի վայրից եւ պատրաստ է օգնել Բաբայանների ընտանիքին: Նա ասաց, որ շատ սթափ վարորդներ ոչ միայն վրաերթից հետո փախչում են, այլ որեւէ քայլ չեն ձեռնարկում:
«Նա դատված չի եղել: Ունի նորածին երեխա: Հիվանդ է: Վրաերթից հետո գտնվում է շատ խորը ապրումների մեջ: Նա տառապում է: Նա զղջում է»,- ասաց պաշտպանը:
Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով վճռեց՝ դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել