Մարդիկ սկսում են գիրանալ կամ ավելորդ քաշ հավաքել այն ժամանակ, երբ խախտվում է նրանց մարմնի զանգվածի սահմանված ինդեքսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է «Մալաթիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Աղավելյանը։ Ավելորդ քաշը թեեւ առանձին վերցրած հիվանդություն չէ, սակայն, ըստ նրա, դա դիտվում է որպես համախտանիշ եւ կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների. «Մարմնի ավելորդ զանգվածը կարող է պատճառ դառնալ հիպերտոնիայի (զարկերակային բարձր ճնշում), ինչպես նաեւ սրտանոթային մի շարք հիվանդությունների: Բացի այդ, գիրության եւ դրանից բխող հիվանդություններին հակված են առավելապես տղամարդիկ։ Թեեւ առանձին վիճակագրություն մինչ այժմ չենք առանձնացրել, սակայն ակնհայտ է, որ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն ավելի շատ արական սեռի ներկայացուցիչները։ Կանանց մոտ այդ խնդիրն սկսում է ի հայտ գալ հատկապես կլիմաքսային երեւույթներից հետո։ Իսկ ընդհանրապես, 40-ից հետո գիրությունից ապահովագրված չէ ոչ ոք՝ մանավանդ հայերը: Ավելորդ քաշ հավաքելու հիմնական պատճառը ոչ ճիշտ սնվելն է, նստակյաց կենսակերպ վարելը, ինչպես նաեւ էնդոգեն եւ հորմոնալ խանգարումները»Ж Ա. Աղավելյանը ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ տվեց առողջ ապրելակերպ վարել՝ իրենց օրակարգում ներառելով ֆիզիկական ակտիվությունն ու ճիշտ սննդակարգը. «Հակառակ տարածված կարծիքին, թե հայերը չեն սիրում ճիշտ ժամանակին բժշկի դիմել, քիչ չեն այն մարդիկ, ովքեր գիրության հետ կապված խնդիրներով մեզ մոտ են գալիս»: