Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կանգնած այս գործի հետեւում

Օգոստոս 19,2010 00:00

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հասել են դատարան

Շուրջ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում բավականին ուշագրավ դատավարություն է ընթանում:
Այս գործի ընթացքին հետեւելով` կարելի է պարզ պատկերացում կազմել, թե երկու գերատեսչությունների՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջեւ տարիներ շարունակ առկա ներքին հակասությունն ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել եւ մարդկանց ճակատագրերի կործանման պատճառ դառնալ:
Ռոման Սարգսյանը, որը ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբայրն է, այս տարվա հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Մինչդեռ թե՛ Ռոմանը, թե՛ նրա հարազատները եւ թե՛ նրա պաշտպան Ռուբեն Բալաբանյանը համոզված են, որ այս գործը պարզապես ոստիկանության կողմից «ոտքից գլուխ սարքած» է եւ որ այդ ամենն ընդամենը Ռոմանի եղբորը՝ Սամվել Սարգսյանին վարկաբեկելու, նրանից վրեժ լուծելու համար է արվում: «Առավոտն» այս գործի մանրամասներին իր 23.07.2010 թվականի «Ոստիկանությունը ԱԱԾ-ից վրե՞ժ է լուծում» եւ 05.08.2010թ. «ԱԱԾ-ի եւ ոստիկանության պայքարը շարունակվում է» հրապարակումներում արդեն մանրամասն անդրադարձել է: Մեզ հետ զրույցում Ռոմանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը նշել էր, որ քրեական գործի հիմքում ոչ մի իրեղեն ապացույց գոյություն չունի. «Ռոման Սարգսյանին ոչ գործի վրա են բռնել, ոչ գործին կցված որեւէ իրեղեն ապացույց կա, մեր կողմից ներկայացված մի շարք ապացույցներն էլ, որոնք վկայում են Ռոմանի անմեղ լինելու մասին, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, հաշվի չի առել: Հենց սա էլ մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամենի հետեւում ինչ-որ մեկն է կանգնած, որն ամեն կերպ փորձում է շինծու գործն առաջ տանել»: Բացի այդ, Ռ. Սարգսյանի հարազատներին անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիսում լրագրողներից մեկի հարցին հերքել, որ Ռոման Սարգսյանը կալանավորված է, այն դեպքում, երբ նա արդեն մոտ 10 օր գտնվելիս է եղել Նուբարաշենի բերդում:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Սարգսյանի գործի հերթական դատավարությունն էր: Դատական նիստի հենց սկզբում Ռոմանի պաշտպան Ռ. Բալաբանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Ռոմանի նկատմամբ կիրառվի այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, եւ պատրաստակամություն հայտնեց դատարանի դեպոզիտ հաշվին վճարել 500 հազար եւ ավելի դրամ: Պաշտպանն իր միջնորդությունը պայմանավորեց Ռոմանի առողջական վատ վիճակով: Բացի այդ, Ռ. Բալաբանյանը խնդրեց, որ դատարանը նաեւ հաշվի առնի Ռ. Սարգսյանի՝ Արցախյան պատերազմում հայրենիքին մատուցած ծառայությունները եւ նրան թույլատրի ազատության մեջ գտնվելու պայմաններում ներկայանա դատավարություններին: Մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանն առարկեց միջնորդության դեմ:
15-20 րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, գործը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանը որոշեց Ռոմանի պաշտպանի միջնորդությունը մերժել, ընդ որում՝ առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու:
«Դատարանը պարզապես նպատակահարմարությունից ելնելով՝ վերցրեց եւ մերժեց, մինչդեռ պետք է պատճառաբանված որոշում կայացներ, թե ինչո՞ւ է մերժում մեր միջնորդությունը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին: Նմանատիպ մերժումներ տվել են նաեւ մինչ այդ եղած դատական մարմինները՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները, այն դեպքում, երբ մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որ սպանության գործերով մարդկանց նկատմամբ կիրառել են այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Ստացվում է, որ անտեսվում է Եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ նշվում է, որ հանցագործության ծանրությունը հիմք չէ մարդուն կալանքի տակ պահելու համար, այդ իրավանորմից բխում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատաքննության ներկայանալ ազատության մեջ լինելու պայմաններում»,- ասաց Ռ. Բալաբանյանը:
Երեկ դատական նիստում վկաներ հարցաքննվեցին, սակայն նրանք ոչ թե Ռ. Սարգսյանի գործով էին անցնում, այլ՝ Ռոմանի դեմ ցուցմունք տված 2 անձանցից մեկի՝ Տիգրան Ղարիբյանի, որը նույնպես մեղադրվում է թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու մեջ: Եվ քանի որ մի քանի վկաներ  չէին ներկայացել դատարան, ուստի դատավորը որոշեց նրանց բերման ենթարկել: Նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 26-ը: Ի դեպ, Ռոմանի գործով որեւէ վկա չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել