Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ

Օգոստոս 19,2010 00:00

Պետական հիմնարկներն ավելի շատ սոցվճարումներ են կատարում, քան մասնավոր խոշոր ընկերությունները

Այս տարի գրեթե բոլոր հիվանդանոցները՝ անգամ Արտաշատի, Գորիսի, Հրազդանի, Արմավիրի, ավելի շատ սոցվճարումներ են կատարել իրենց աշխատակիցների համար, քան նախորդ տարիներին: Մայրաքաղաքի հայտնի ու խոշոր հիվանդանոցներից շատերը նույնպես մի քանի միլիոնով ավելացրել են իրենց սոցվճարները: Միայն Հանրապետական հիվանդանոցն է՝ «Արմենիա» բուժկենտրոնը, որը այս տարվա 6 ամիսների կտրվածքով ոչ միայն չի ավելացրել, այլեւ շուրջ 7 մլն դրամով պակասեցրել է սոցապահովագրության ֆոնդին կատարված վճարումները: Այս մասին է վկայում վերջերս Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 3 մլն դրամ եւ ավելի սոցվճարումներ կատարած հարկատուների ցանկը:
Թե ինչու է այդ հսկայական հիվանդանոցը այդքան քիչ սոցվճարումներ կատարել ու ինչպես է, որ տարբերվում է մյուս բոլոր հիվանդանոցներից, Հանրապետական հիվանդանոցի գլխավոր հաշվապահ Մարինե Հրաչիկովնան առայժմ չկարողացավ պարզաբանումներ տալ: Նա նույնպես ապշել էր, որ, ըստ ՊԵԿ-ի ցանկի, նախորդ տարի 95 մլն դրամ են վճարել, այս տարի՝ ընդամենը 88 մլն: Այն դեպքում, երբ բաժիններ չեն փակել ու աշխատողներ չեն կրճատել. «Ընդհակառակը՝ աշխատողներն ավելացել են: Հնարավոր է, որ անցյալ տարի պարտք ենք ունեցել՝ միանգամից տվել ենք՝ թիվը շատ է եղել, թե չէ՝ մենք քիչ չենք վճարում»:
Նշենք, որ «Արմենիան» 1094 աշխատող է ցույց տվել եւ այդքան մեծ թվով աշխատողների համար կատարած սոցվճարումները երբ համեմատում ես այլ հիվանդանոցների հետ՝ պարզ է դառնում, որ այնտեղ աշխատավարձը նույնպես շատ ցածր է ներկայացված: Օրինակ, «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոցը, որն ընդամենը 225 աշխատող ունի՝ 43 մլն դրամի սոցվճարումներ է կատարել: Խոշորներից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, որը Հանրապետական հիվանդանոցի աշխատողներից մոտ 200-ով ավելի է ցույց տվել, նրանց համար 124 մլն դրամի սոցվճարումներ է կատարել: Ի տարբերություն «Էրեբունու», «Նաիրի» բուժկենտրոնի կատարած սոցվճարումներն են ցածր: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատությամբ այս հիվանդանոցը մոտ 2 մլն դրամով ավելի է վճարել, բայց երբ համեմատում ենք մյուս հիվանդանոցների հետ, պարզվում է՝ կա՛մ այնտեղ բավականին ցածր աշխատավարձով են աշխատում, կա՛մ ցածր աշխատավարձ են ցույց տալիս: Այսպես, «Նաիրի» բժշկական կենտրոնն իր 291 աշխատողի համար վճարել է 26 մլն դրամ: Մոտավորապես նույնքան աշխատողի համար մոտ այդքան է վճարել նաեւ Գորիսի հիվանդանոցը: «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որն ընդամենը 15 աշխատող է ավելի ցույց տվել, քան «Նաիրին», վճարել է ավելի քան 41 մլն դրամ: Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը, որն առավել հայտնի է որպես «Մարգարյան» հիվանդանոց, 310 աշխատողի համար վճարել է 44.6 մլն դրամ: Այսինքն, այս բոլոր հիվանդանոցներում, անգամ Վաղարշապատի պոլիկլինիկայում աշխատելն աշխատավարձի առումով, փաստորեն, ավելի ձեռնտու է, քան բարձրակարգ «Նաիրիում»: Մյուս երկու հիվանդանոցները, որոնք նույնպես աչքի են ընկնում իրենց կատարած քիչ սոցվճարումներով՝ «Միքայելյան» հիվանդանոցն է եւ «Նորքի ինֆեկցիոնը»: Առաջինը ցույց է տվել, որ ունի 326 աշխատող, բայց վճարել է ընդամենը 17 մլն դրամ: Ճիշտ այդքան է վճարել նաեւ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցը՝ 201 աշխատողի համար: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում «Միքայելյան» հիվանդանոցը վճարել է 21 մլն դրամ, «Նորքի ինֆեկցիոնը»՝ 18.7 մլն: Նույնիսկ Նոր գյուղի հայկական բարեգործական հիմնադրամը 19.5 մլն դրամ է վճարել իր աշխատողների համար, Վանաձորի ինչ-որ կարի ֆաբրիկա վճարել է ավելի քան 22 մլն դրամ, մոտ 20 մլն դրամ էլ վճարել է միայն «Մաքուր Աջափնյակը», որը զբաղվում է մի համայնքի մաքրությամբ, մինչդեռ հսկայական մասնավոր հիվանդանոցները, որտեղ ակնհայտորեն ավելի շատ աշխատողներ կան՝ ավելի քիչ են վճարում:
Բացի բուժկենտրոններից, հետաքրքիր են նաեւ կապի ոլորտի ընկերությունների կատարած վճարումները: Պարզ է, որ այսօր այդ դաշտում 3 խաղացողներ կան, որոնցից ամենաշատ աշխատողներն ունի «Բիլայնը»՝ 3227: Սակայն, ինչպես ասում են՝ քանակը դեռ որակ չէ. այդքան աշխատողի համար «ԱրմենՏելը» վճարել է 460 մլն դրամ, իսկ «ՎիվաՍելը», որը ցույց է տվել 1852 աշխատող՝ 500 մլն դրամ է վճարել, այսինքն՝ «Բիլայնից» 40 մլն-ով ավելի: Ընդ որում, նախորդ տարվա համեմատությամբ, «Բիլայնն» այս տարի կրճատել է վճարումները, «ՎիվաՍելը»՝ ավելացրել: «Օրանժի» վճարումները չենք կարող համեմատել նախորդ տարվա հետ, բայց այս տարի այդ ընկերությունը 316 աշխատողի համար վճարել է 81 մլն դրամ:
Ինչ վերաբերում է բիզնես ոլորտին, այս տարի էլ որոշ գործարարներ շարունակում են զարմացնել իրենց խոշոր ընկերությունների ու մեծ թվով աշխատողների համար կատարած փոքր սոցվճարներով:
Կենտրոնի մաքրությամբ զբաղվող ընկերությունը անհամեմատ ավելի շատ է վճարել, քան պատգամավոր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպն» ու Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» միասին: Դժվար է հավատալ, որ սուպերմարկետի աշխատակիցն ավելի քիչ է վճարվում, քան համայնքի աղբը հավաքողները, բայց, ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի, նույնիսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ընկերության աշխատողների, Վարդենիսի տուն-ինտերնատի աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է: Ընդ որում, Վարդենիսի ինտերնատը 100-ից էլ քիչ աշխատող ունի եւ կատարել է 28.6 մլն դրամի սոցվճար, իսկ «ՍԱՍ»-ն իր 242 աշխատողի համար 18 մլն էլ չի վճարել: Պարզ է, որ Վարդենիսի դեպքում թաքցնելու բան չկա՝ պետական հիմնարկ է եւ սնվում է բյուջեից: Եթե նույնիսկ «ՍԱՍ»-ը համեմատենք իր նման ընկերության՝ սուպերմարկետի հետ, օրինակ՝ «Ֆրեշի», դարձյալ «ՍԱՍ»-ի վճարումները քիչ են: «Ֆրեշ» ընկերությունը 185 աշխատողի համար ավելի քան 19 մլն դրամի սոցվճարներում է կատարել: Այս ֆոնի վրա նույնիսկ Ազգային արխիվի աշխատակից լինելն ավելի ձեռնտու է, թեեւ այնտեղ հիմնականում նվազագույն աշխատավարձ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել