Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացը շարունակվում է

Օգոստոս 19,2010 00:00

Երեկ, հղում անելով «Արմինֆո» գործակալությանը, տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ, ըստ իսրայելական լրատվամիջողների, «Արմավիան» եւ եւս երեք ավիաընկերություններ՝ ՌԴ-ից, Ուկրաինայից  եւ Իսրայելից, մոտ ապագայում կստեղծեն ավիամիավորում:
Այդ լուրը հաստատելու կամ հերքելու համար դիմեցինք «Արմավիային»: Ըստ ընկերության մամլո ծառայության՝ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն այս մասին ասել է. «Արմավիա» ընկերությունն այժմ մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում եւ ԱՊՀ-ում, այլեւ՝ Եվրոպայում: Այդ պատճառով ունենք բազմազան հետաքրքիր առաջարկներ՝ միություններ, կորպորացիաներ ձեւավորելու վերաբերյալ: Եվրոպական եւ ասիական որոշ ընկերությունների կողմից առաջարկներ ենք ստացել նաեւ բաժնետոմսերի փոխանակման, այլ համագործակցության շուրջ: Դա զարմանալի չէ, քանի որ այսօր միայն միավորումներն են, որ թույլ են տալիս գոյատեւել ավիացիոն աշխարհում: Ավիացիոն միջազգային աշխարհում արդեն ձեւավորվել են նման միություններ, մասնավորապես, այդ հարցում առաջատարներից են «Էյր Ֆրանսը», «Բրիթիշ էյրվեյսը», «Լյուֆթհանզան»: Միությունների ձեւավորման քաղաքականության առանցքում վերլուծական ընկերությունները արել են իրենց հաշվարկները եւ առաջարկել են միություն ձեւավորել ռուսական, ուկրաինական, իսրայելական եւ հայկական ընկերությունների միջեւ: Բանակցությունները դեռ ավարտված չեն՝ գործընթացը շարունակվում է: Կկայանա՞ այդ միությունը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Համենայն  դեպս՝ կարող եմ ասել, որ այդ միությունը հնարավորություն կտա ՌԴ-ով, Իսրայելով, Ուկրաինայով ավելի հարմարավետ համակցումներ իրականացնել եւ կատարել արագ ու ավելի մատչելի թռիչքներ»:
Պարոն Բաղդասարովը հարկ է համարել ավելացնել նաեւ հետեւյալը. «Առավոտ» թերթը մենք բոլորս հարգում ենք իր օբյեկտվության համար, թեեւ լինում են դեպքեր, երբ ոչ ստույգ տեղեկտվություն է հանդիպում, սակայն կարծում եմ, որ դա եզակի թյուրիմացություն է»: Ցավոք, որեւէ կոնկրետ օրինակ պարոն Բաղդասարովը չի բերել, որ իմանանք, թե խոսքը ի՞նչ թյուրիմացության մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել