Այսպես է հայերի՝ «երթալը կփրկե»-ն մեկնաբանում Միգրացիոն գործակալության պետը
Ինչպես արդեն «Առավոտը» տեղեկացրել է՝ «Գելափ» հետազոտական կենտրոնը, ուսումնասիրելով 2009 թվականին ԱՊՀ երկրներում առկա միգրացիոն միտումները, պարզել է, որ հայ երիտասարդը ամենափոքր հնարավորության դեպքում կփախչեր Հայաստանից՝ արտասահմանում սովորելու կամ աշխատելու նպատակով: Հարցումների համաձայն՝ ՀՀ բնակչության 44%-ն էլ պատրաստ է երկրից հեռանալ՝ ժամանակավոր աշխատանք փնտրելու համար: 39%՝ սա է մեր հավանական «փախնողների» քանակը, որը գրեթե 1,3 միլիոն մարդ է:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ հարցումների վերաբերյալ մտավախություն չունի եւ հորդորեց չմտահոգվել. «Դրանք միայն մտադրություններ են… Մեր ձեռքի տակ եղած հետազոտություններն այդ չեն վկայում: Վկայում են, որ պարզապես մտել ենք միգրացիոն տեղաշարժերի ինտենսիվ փուլ, որին բնորոշ է երկկողմանի տեղաշարժերի ծավալների աճը»: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանից արտասահման է մեկնել 44 000 հայ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000-ի դիմաց: Սակայն պարոն Եգանյանը հավատացնում էր, թե մեկնողների թվի աճն ամենեւին էլ չի նշանակում, թե մեր երկրում արտագաղթի ցուցանիշն է բարձրացել. «Այս տարի, նախորդ տարվա համեմատ, մեկնողները 12 հազարով ավելի են, որովհետեւ 2009-ին ճգնաժամի պատճառով մեր երկրից ավելի քիչ թվով մարդ մեկնեց, գիտեին, որ արտասահմանում էլ է աշխատանքի ճգնաժամ, իսկ հիմա, երբ ճգնաժամը թուլացել է, մեկնում են այնքան, որքան ճգնաժամից առաջ: Ոչ մի արտառոց փոփոխություն չկա»:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական գործոններից ազդված է մարդը լքում իր հայրենիքը, իսկ ավելի կոնկրետ՝ հայի դեպքում, կա մի առանձնահատուկ գործոն՝ էթնոհոգեբանական. «Եթե Հայաստանի Արարատյան դաշտավայրում բնակվող անձին ու ՌԴ տափաստանային շրջանում բնակվող մուժիկին համեմատենք, ապա կարձանագրենք, որ մեր գյուղացու կենսամակարդակը անհամեմատ բարձր է, չնայած սրան, մեկնելու, տեղաշարժվելու, ուրիշ վայրերում ապրելու ցանկությունը մեր գյուղացու մեջ անհամեմատ ավելի բարձր է: Ինչո՞ւ, որովհետեւ մեր ազգին բնորոշ է գաղթականի ցուպը ձեռքին ծնվելը, հետո, երբ գալիս է ժամանակը, սկսում են օգտագործել»: Իսկ թե Հայաստանը լքողները որ երկրներն են նախընտրում, պարոն Եգանյանն ասաց, որ ինչպես միշտ, հայերի նախասիրությունները չեն փոխվել, արտագաղթողների մոտ 70%-ը նախընտրում է մեկնել ԱՊՀ երկրներ, 10 մեկնողից 7-ը գնում է ՌԴ: Մնացած 30%-ը մեկնում է եվրոպական երկրներ: ՌԴ-ն են նախընտրում նաեւ աշխատանք փնտրող միգրանտները. «Սեզոնային աշխատանքի մեկնողների 94%-ը եւ երկարատեւ աշխատանքի մեկնողների մոտ 70%-ը Ռուսաստան է գնում»: Ծ
Պարոն Եգանյանը նաեւ տեղեկացրեց, որ ամռան այս ամիսներին աճել է Հայաստան այցելողների թիվը. «Նախորդ տարվա 5200 հոգու փոխարեն 6000 մարդ է մեզ այցելել: Այս տարի աճել են նաեւ ուղեւորահոսքերի ծավալները՝ 16,3 տոկոսով, մուտքն ու ելքը միասին կազմել է 1 միլիոն 331 հազար մարդ»: