Մեկնաբանում է Հրանտ Բագրատյանը
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին կիսամյակում նորից մեծ աշխուժություն է արձանագրվել: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 81 հազար 89 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 23,4%-ով: «Top» եռյակում գործարքներով առաջատար հորիզոնականներում են Երեւանը՝ 32,4%, Կոտայքը՝ 13,2%, Լոռին՝ 11,1%: Ամենաքիչ գործարքն իրականացվել է Վայոց ձորում: Այս ընթացքում անշարժ գույքի նկատմամբ 20 902 օտարման գործարք է իրականացվել, որի առյուծի բաժինը հասել է առուվաճառքներին՝ 80,9%, երկրորդ տեղում նվիրատվություններն են՝ 17,8%, եւ 1,3% էլ կազմել են փոխանակությունները: Տարեսկզբից իրականացվող օտարման գործարքները 2009-ի առաջին կիսամյակի համեմատությամբ աճել են 16,3%-ով: Երեւանում իրականացված անշարժ գույքի 5865 առուվաճառքի գործարքների 64,4%-ը արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 33,8%-ով:
Չնայած գործարքների աճին՝ գնային սեգմենտը էական փոփոխություններ չի կրել: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը կոմիտեին թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւանում 2010թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են 1,3%-ով, իսկ հանրապետության մնացած քաղաքներում՝ 0,9%-ով:
«Օլիգարխները, կառավարության նախկին ու ներկայիս անդամները էսօր իրար մեջ արիշ-վերիշ են անում՝ իրենց տները վաճառում, ավելի շքեղը գնում: Ակնհայտ է, որ հանրապետությունում կա 2-3 հազար էլիտար ընտանիք, որ ամբողջ օրն իրար տուն են վաճառում, կոմիտեն էլ հենց այդ ընտանիքների կատարած գործարքներն է արձանագրել, թե չէ էս աղքատ ժողովուրդը, որ ամբողջ օրը մտածում է՝ երկրից ոնց փախչի, ո՞նց է էդքան գործարք անելու: Վերջին տվյալներով՝ Հայաստանից մեկնողները 40 հազարով ավելի են եղել վերադարձողներից: Ամեն օլիգարխ, հնարավոր է, առնվազն 40 բնակարան ունենա, բայց դա ի՞նչ կապ ունի երկրի իրական տնտեսական վիճակի հետ: Իրական տնտեսական վիճակը պարզելու համար տեսեք, թե ինչ գներ են դրել բանջարեղենի վրա, 10 դրամի մեռած էին, 10 դրամով հաց են թանկացնում, ամոթ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներով, նախորդ 6 ամիսներին հանրապետությունում ակտիվ է եղել նաեւ անհատական բնակելի տների առուվաճառքը: Նման 2309 գործարք է կատարվել, որոնցից 672-ը՝ Երեւանում, մարզերում էլ միասին վերցրած՝ 1672: Նախորդ տարվա համեմատությամբ առանձնատների գործարքների քանակն աճել է 28,3 %-ով, ընդ որում, Երեւանում՝ 71,7%-ով, իսկ մարզերում միասին վերցրած՝ 17%-ով: Գնային ինդեքսներն ուսումնասիրելով, կոմիտեն արձանագրել է անհատական բնակելի տների շինության՝ 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), որը նախորդ տարվա կիսամյակային տվյալների համեմատությամբ նվազել է 8,2%-ով: Սա, ըստ Հրանտ Բագրատյանի. «Արդեն ցույց է տալիս, որ ժողովուրդը փող չունի: Անհատական բնակարանային շինարարությունն էլ հենց հիմնականում ժողովրդին է առնչվում, լավ էլ հստակ արձանագրել են»: Կոմիտեի տվյալներով, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում հանրապետությունում օտարվել է 7682 միավոր (5324,49 հա) հող, որից 417 միավոր (63,75 հա)՝ միայն Երեւանում: Հանրապետությունում աճ է արձանագրվել նաեւ հողերի առուվաճառքի գործարքներում՝ 17,9%-ով: Ընդ որում, ավելի շատ աճել են գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ՝ 24,2%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ աճը կազմել է 11,6%, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ՝ 12,9%: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրում: Վաճառված հողերի քանակի 24,7%-ն էլ կազմել են պետական կամ համայնքային սեփականության հողերը, որից 73 միավորը՝ միայն Երեւանում: Աճել են նաեւ հողերի աճուրդ-վաճառքի գործարքները՝ 4,3%-ով: Մեծ աշխուժություն է նկատելի նաեւ գրավադրման գործարքներում, որոնք առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ 43,8%, ինչպես նաեւ առանձնատների ու հասարակական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հիփոթեքային գրավադրման 822 գործարքից էլ 597-ը իրականացվել է Երեւանում, ընդ որում՝ այս գործարքների մեծ մասը՝ 80,3%-ը, կրկին բազմաբնակարանային շենքերի բնակարանների նկատմամբ է եղել: Իսկ նախորդ տարվա համեմատությամբ հիփոթեքային գրավադրումն աճել է 3,3 անգամ: