Այդպես է Ժիրայր Լիպարիտյանը բնութագրում ռազմակայանի վերաբերյալ պայամանագրի 49 տարով երկարաձգումը
Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանի «դիվանագիտական ձախողման» արդյունք է համարում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու մասին որոշումը: «Ինձ մտահոգում է մեկ հարց. նման պայմանագիր, որ այդքան երկարաձգված ժամկետով է կնքվում, նշանակում է, որ ինչ-որ ձախողություն ունենք դիվանագիտական բնագավառում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը կարծիք հայտնեց Լիպարիտյանը, ով 1991-97 թվականներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում, այդ թվում՝ հանդիսացել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Ակնկալվում է, որ օգոստոսի 19-ին պետական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրություն կստորագրեն Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի՝ սկսած 1995 թվականից: Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: «Այսինքն՝ երկրի անվտանգությունը շատ ավելի վստահելու ենք ռազմական ոլորտին, քան՝ դիվանագիտական,- մեկնաբանում է Լիպարիտյանը,- Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարողացել լուծել մեր հարցերը հարեւանների հետ, եւ հիմա ստիպված գնում ենք նման քայլերի»: Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի նոր տարբերակը չի կարող Երեւանի համար անվտանգության երաշխիք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: «Պայմանագիրը նույնիսկ պայման ունի, որը վստահ եմ՝ նորի մեջ էլ պիտի լինի: Պայմանն այն է, որ եթե Հայաստանի սահմաններում ռազմական գործողություն լինի, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար Ռուսաստանը օժանդակության կգա: Եթե հարձակման ենթարկվի մեկ կողմը, խորհրդակցություն կլինի մյուս կողմի հետ: Մյուս կողմն է, որ կորոշի՝ պիտի մասնակցի, թե ոչ,- նշեց Լիպարիտյանը:- Օրինակ Թուրքիայի պարագայում ենթադրում եմ, որ այո, եթե Թուրքիայից հարձակում լինի, ՌԴ-ն կօժանդակի: Բայց Ադրբեջանի պարագայում վստահ չեմ, որ Ռուսաստանը կգա օժանդակության, որովհետեւ վստահ եմ, որ Ադրբեջանը առանց Մոսկվայի համաձայնության նման հարձակում չի անի»: