Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԼԱՎ ՀԻՄՔ Է

Օգոստոս 19,2010 00:00

ԵԽ թիվ 2216 բանաձեւը գնահատում է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:

– Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2216՝ «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի առնչությամբ տեղեկություններ կային, թե դեռ ամիսներ առաջ է մեր դեսպանությանը հայտնի եղել, որ այդ փաստաթղթում պարունակվում են Հայաստանի համար աննպաստ ձեւակերպումներ: Ո՞րն է պատճառը, որ այսուհանդերձ չհաջողվեց կանխել բանաձեւում այն պահանջի ամրագրումը, ըստ որի՝ «Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»:
– Այո, նորություն չէ, որ այդ բանաձեւի զեկուցող Եվգենի Կիրիլովի կողմից մշակված փաստաթղթի առաջին նախագծի մասին ԵՄ-ում Հայաստանի առաքելությունն առաջին իսկ օրից է տեղյակ եղել: Առաջին նախագիծը Եվրոպական խորհրդարանում ի հայտ եկավ դեռ հունվարին: Եվ հենց այդ օրվանից սկսած՝ դեսպանությունը սկսեց շատ ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: Այդ առաջին նախագիծը ոչ միայն չէր արտահայտում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տեղի ունեցած զարգացումները, այլ նաեւ շատ սուբյեկտիվ ներկայացված փաստաթուղթ էր եւ մոտ էլ չէր առկա իրավիճակին ու հեռանկարներին: Հարկ է նաեւ անդրադառնալ Կիրիլովին:
– Դուք է՞լ եք փորձելու ԵԽ ընդունած փաստաթղթի բովանդակությունը պայմանավորել դրա զեկուցողի անձնական հատկանիշներով:
– Իհարկե, նաեւ դա է կարեւոր, քանի որ այդ զեկույցի մշակումը նրա սեփական նախաձեռնությունն էր, եւ ոչ՝ Եվրոպական խորհրդարանի: Ուստի տվյալ պարագայում այս նախաձեռնությունն անձի հետ չկապելը դուրս է առողջ տրամաբանությունից:
Եվգենի Կիրիլովը նշանակվեց զեկուցող 2009 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին: Դրան հաջորդեցին Ծննդյան տոները, եւ արդեն հունվարի 11-ին կամ 12-ին նա ներկայացրեց Հարավային Կովկասի մասին բանաձեւի առաջին նախագիծը: Այսինքն, իր նշանակվելուց հետո մինչ այդ փաստաթղթի ներկայացումն անցավ ընդամենը 20 օր, որից 15-ը արձակուրդային էին: Մինչդեռ սովորաբար ամիսներ են անցնում, որպեսզի մշակվի զեկույցի առաջին նախագիծը: Եվ զեկուցողն այդ ընթացքում, որպես կանոն, այցելում է տարածաշրջան, հանդիպում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ, այդ հանդիպումներն ամփոփվում ու գնահատվում են ու նոր ընդունում փաստաթղթի տեսք: Իսկ այս դեպքում ներկայացվել էր մի նախօրոք պատրաստված մի քանի էջանոց փաստաթուղթ, որն, ի դեպ, շատ քիչ ընդհանուր եզրեր ունի մայիսին ԵԽ ընդունած բանաձեւի հետ, քանի որ բավականին շատ փոխվեց: Հունվարի այդ փաստաթղթում Հայաստանը ներկայացված էր որպես մի սեւ կետ Հարավային Կովկասում, Ադրբեջանը՝ իբրեւ այս տարածաշրջանի մի շատ վառ կետ, իսկ Վրաստանն ընդհանրապես գոյություն չուներ: Բավականին ակտիվ փորձեր էին արվում ԼՂ հակամարտության վերաբերյալ հատվածը սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ամրագրմամբ, ինչպես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ հատվածներն են սկսվում ձեւակերպումով, ըստ որի՝ Եվրոպական խորհրդարանը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մեր դեսպանության աշխատանքը հիմնականում ուղղված էր դա չեզոքացնելուն եւ ավելի անաչառ ներկայացնելուն հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ վերջին տարիների զարգացումները: Որոշակի գործունեություն ծավալելու շնորհիվ՝ կատարվեցին բավականին շատ լրացումներ այդ փաստաթղթում: Դա այդքան հեշտ չէ. ի տարբերություն, ասենք, ԵԽԽՎ-ի, որին Հայաստանն անդամակցում է, եւ մեր պատվիրակությունն ինքը կարող է նախաձեռնել լրացումներ, այս դեպքում մենք գրեթե չունենք աշխատանքի «սենյակ»՝ լրացումներ կարող են կատարել միայն Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Այնուամենայնիվ, նախաձեռնեցինք 80-ից ավելի լրացումներ, եւ գրեթե բոլորն անցան:
«Օկուպացված ադրբեջանական տարածքներ» ձեւակերպումը երեւի միակ լրացումն էր, որ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցավ 27 «կողմ» 26 «դեմ» ձայներով: Եվ այդ ձեւակերպումն անցնելուն օգնեց ինքը՝ զեկուցողը (հիշեցնենք, որ Եվգենի Կիրիլովն «Առավոտին» ասել էր, թե հայկական ուժերը ԼՂ հարակից տարածքներից դուրս բերելու վերաբերյալ պահանջը «ներառվել է օրինագծի մեջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջարկությամբ», ու բոլորը պաշտպանել են այդ առաջարկը, որովհետեւ այն հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի վրա.- Ա. Ի.): Դա իր կարծիքն ու համոզմունքն է, որը չի թաքցնում: Այնուամենայնիվ, այդ զեկույցը Կիրիլովի «սեփականությունն» է, եւ ԵԽ պատգամավորները պարզապես լսեցին զեկուցողի կարծիքը:
Այլ հարց է, որ այն, ինչ ընդունվեց այդ փաստաթղթում՝ հակասում է Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը: Եվ սա առաջին դեպքը չէ, որ 180 աստիճանի տարբերություն կա Եվրոպական խորհրդարանի եւ այն փաստաթղթերի միջեւ, որոնք ընդունում է Եվրոպական միությունը՝ նախարարների կամ բարձր ներկայացուցչի մակարդակով: Շատ-շատ են հակասությունները կամ տարբեր կարծիքները՝ նույնիսկ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերում:
– Անկախ նրանից, որ սա Կիրիլովի սեփական նախաձեռնությունն էր, անկախ նրանից, որ պատվիրակներն ընդառաջեցին զեկուցողի գնահատականին՝ սա այլեւս Եվրոպական խորհրդարանի բանաձեւ է: Ու թերեւս կանխատեսելի՞ էր, թե նման ձեւակերպումը հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի համար:
– Հաղթաթուղթ՝ ոչ, բայց անշուշտ՝ սա մի փաստաթուղթ է, որը շահարկման լավ հիմք է Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր կառույցներում՝ թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակով: Եվ դա արդեն արվում է: Դրա մասին բազմիցս զգուշացրել էինք թե՛ Եվրոպական խորհրդարանի, թե՛ ԵՄ տարբեր կառույցներին: «Օկուպացված տարածքների» մասին այդ մի պարբերությունը ողջ փաստաթուղթը գոնե մեզ համար դարձրեց անընդունելի:
– «Օկուպացված տարածքներն» այդ բանաձեւի միակ մտահոգիչ ձեւակերպումը չէ: Հայ քաղաքական շրջանակներին ոչ պակաս մտահոգության տեղիք է տվել 2216 բանաձեւի այն առաջարկը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը փոխարինվի Եվրոպական միության մանդատով:
– Այնուամենայնիվ, դա Եվրոպական խորհրդարանի կարծիքն է: Եվրոպայում շատերի կարծիքով, ԵՄ-ն այժմ պիտի ստեղծի բոլոր հնարավորություններն ավելի ակտիվ ներգրավված լինելու տարբեր հակամարտությունների կարգավորման գործընթացներում՝ ներառյալ ԼՂ հակամարտությունը: Դրա հետ մեկտեղ՝ ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրները դիտարկում է որպես ավելի բարձր մակարդակի գործընկերներ, քանի որ մենք արդեն մտել ենք մի փուլ, որն, իհարկե, տարիներ կտեւի, բայց շատ կարեւոր է՝ նկատի ունեմ Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ Արեւելյան գործընկերության փուլը: Այն ռեսուրսները, որոնք ծախսում է ԵՄ-ն Հարավային Կովկասում՝ Եվրոպական խորհրդարանի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ իրենց տալիս են իրավունք արծարծել այդ հարցը:
– Կարելի է ենթադրել, թե շոշափելի՞ է հեռանկարը, որ ԵՄ-ն իրոք կփորձի ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդությունը:
– Չի կարելի բացառել, որ այդ հարցը կարող է դառնալ քննարկման առարկա: Բայց այսօր ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման առումով միանշանակ ընդունում է միայն Մինսկի խմբի ձեւաչափը եւ բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է աջակցել համանախագահողների ներկայացրած ցանկացած առաջարկի, որը կօգնի կարգավորել այս հակամարտությունը:
– Ի դեպ, Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության ղեկավարը վերջերս Երեւանում հայտարարեց, թե ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աշնանը կընդունի հայտարարություն Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ: Դա իրոք հավանակա՞ն է:
– Նոր Ջուղայի խաչքարերի մասին Եվրոպական խորհրդարանը 2006 թվականին արդեն իսկ ընդունել է համապատասխան բանաձեւ, որից հետո նախատեսված էր դիտարկման առաքելություն ուղարկել տարածաշրջան: Բայց Ադրբեջանը շատ բացասաբար ընդունեց այդ նախաձեռնությունը եւ փակեց դռներն այդ առաքելության առջեւ, ուստի այն չիրականացվեց: Իհարկե, այդ հարցն այժմ էլ քննարկվում է, բայց այնուամենայնիվ՝ նոր բանաձեւ ընդունելու առարկա չէ: Օրակարգում այդպիսի հարց չկա:
– Իսկ ԵՄ բազմազան կառույցներում այժմ մշակվո՞ւմ են փաստաթղթեր, որոնք առնչվում են մեր երկրին:
– Դարձյալ նշեմ, որ մտել ենք ԵՄ հետ հարաբերությունների մի փուլ, որն ավելի կուժեղացնի եւ ինտենսիվ կդարձնի Հայաստանում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի կամ զարգացումների դիտարկումն ու գնահատումը. Արեւելյան գործընկերությունը եւ Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները դա ենթադրում են թե՛ խորհրդարանական, թե՛ Եվրոպական հանձնաժողովի մակարդակով: Վերջինս առանց այդ էլ ամեն տարի հանդես է գալիս ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի կատարման առաջընթացի վերաբերյալ զեկույցով, որտեղ գնահատում է իրավիճակը եւ հեռանկարները: Ինչ վերաբերում է ԵԽ-ին՝ ԱԼԳ հարցերով նշանակվել է առանձին զեկուցող Հայաստանի համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմազ Պորեբան, որը Լեհաստանից է եւ Եվրոպական պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության անդամ: Հաստատվել են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողները: Բնականաբար, պարոն Պորեբան կայցելի Հայաստան, եւ կլինեն պարբերական զեկույցներ:
Եվ միայն Եվրոպական խորհրդարանի կամ հանձնաժողովի մակարդակով չեն լինելու զեկույցները: ԵՄ հետ մեր համագործակցության մակարդակը փոխվել, բավականին բարձրացել է. դա ենթադրում է ավելի ինտենսիվ եւ արդյունավետ բարեփոխումների գործընթաց Հայաստանում, եւ այդ ամենը գնահատվելու է ԵՄ տարբեր կառույցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել