Ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է ՀԱԿ անդամներ Հովհաննես Հարությունյանի եւ Առաքել Սեմիրջյանի կողմից նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը: «Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2010 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ք. Էլազյանը գնացել է Երեւան քաղաքի Կորյունի 19ա հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, որտեղ պետք է հանդիպեր Կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյանի հետ: Սակայն Ք. Էլազյանը, չհանդիպելով Ա. Խաչատրյանի հետ, որոշել է սպասել: ՀԱԿ անդամներ Հովհ. Հարությունյանը եւ Ա. Սեմիրջյանը, տեսնելով Ք. Էլազյանին, կանչել են նիստերի դահլիճ եւ երկուսով ծեծի ենթարկել՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հովհ. Հարությունյանին եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: