Ծեսը սպառնում է փղերի կյանքին
Հնդկական Թաիլանդ քաղաքի իշխանությունները դիմել են տեղական հինդուիստական եկեղեցիների պահապաններին՝ պահանջելով դադարեցնել փղերի մասնակցությամբ կրոնական ծեսը: Նրանց կարծիքով, այդ ծեսը կարող է վնասել հինդուիստական եկեղեցիներում պահվող 50-ից ավելի փղերի առողջությանը:
Ծեսի բովանդակությունը հետեւյալն է. փղերը կնճիթով «օրհնում» են ուխտավորներին՝ միաժամանակ դիպչելով հավատացյալի գլխին: Պաշտոնյաները հաշվարկել են, որ փղերը ստիպված են «օրհնել» օրական մինչեւ 50 ուխտավորի, որոնցից կարող են վարակվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաեւ թոքախտ: Եկեղեցում պահվող չորս փիղ արդեն սատկել է այդ հիվանդությունից: Կենդանիների պաշտպանները հանդես են գալիս փղերին՝ կրոնական ծեսերին ներգրավելուց լիովին հրաժարման օգտին, քանի որ փղերը, իրենց պաշտպանների կարծիքով, չպետք է բռնի կերպով ենթարկվեն մեկուսացման:
«Ոսկորների» ցուցահանդես
Մյունխենի Բավարական ազգային թանգարանում կազմակերպվել է V-XV դարերում փղոսկրից պատրաստված եկեղեցական արվեստի իրերի ցուցահանդես: Իրերը պատրաստվել են Կ.Պոլսում, Վենետիկում, Առլում, Փարիզում, Քյոլնում, Տրիրում, Ախենում եւ եվրոպական այլ քաղաքներում:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 յուրօրինակ ցուցանմուշներ՝ փոքր շարժական խորաններ, մասնատուփեր, սկավառակի տեսքով սրբապատկերներ, Ավետարանի համար դրվագներ, եպիսկոպոսական գավազանի ծայրակալներ, փղոսկրե զարդատուփեր, մեդալիոններ եւ այլ իրեր՝ Դարմշտադտ քաղաքի Հեսսենյան թանգարանից: Ցուցադրված են նաեւ մի քանի հին իրեր, որոնք գտնվում են Բավարական ազգային թանգարանի հարուստ պահուստարաններում: Ցուցահանդեսային նմուշները վկայում են, որ միջին դարերում Արեւմտյան Եվրոպայում մանրապատկերներն արվել են ոչ միայն փղոսկրից, այլեւ բրածո մամոնտների ժանիքներից, ինչպես նաեւ ծովափղերի ատամներից եւ ռնգեղջյուրի ժանիքներից:
Ցուցահանդեսը, որը Մյունխենում կտեւի մինչեւ հոկտեմբերի 17-ը, կուղեկցվի ուսումնական ֆիլմով, որը պատմում է ոսկրի վրա փորագրության գործիքների եւ արվեստի մասին:
Մամերտինյան բանտը կրկին բաց է
Պեղումներից եւ վերականգնման աշխատանքներից հետո վերաբացվել է Հռոմի Մամերտինյան բանտը, որտեղ, ըստ ավանդույթի՝ մահապատժից առաջ պահել են Պետրոս եւ Պողոս առաքյալներին: Տարվա ընթացքում շարունակվել են այդ պատժախցի պեղումները, որը հունական պետությունը դեռեւս նախաքրիստոնեական շրջանում օգտագործում էր որպես բանտ:
Այն փորված է Կապիտոլիումի ժայռում: Ավելի ուշ բանտի վրա կառուցվել է Սբ. Հովսեփ Հյուսնի քրիստոնեական եկեղեցին, որը ներկայումս խոյանում է հին զնդանի վրա: Կատարված աշխատանքների արդյունքում հնագետներն այդպես էլ չկարողացան ստանալ անհերքելի ապացույցները այն բանի, որ բանտում պահել են Պետրոս եւ Պողոս առաքյալներին, սակայն նրանք, համենայնդեպս, հայտնաբերել են որոշ կարեւոր վկայություններ՝ հօգուտ հին քրիստոնեական ավանդույթի ստույգության: Մամերտինյան բանտը Կապիտոլիումի ստորոտի մոտ է, հարում է նախկին հռոմեական ֆորումին:
Հնագետները հաստատել են, որ այն կառուցվել է Հռոմի Սերվիուս Տուլիուս կայսեր կողմից՝ մ. թ. ա. VI դարում: Այն կազմված է իրար վրա կառուցված երկու շինությունից: Բանտի ներքեւի հարկը խոնավ, նեղ խուց է, ուր կարելի է մտնել վերեւում գտնվող խցի հատակին բացված անցքից: Այն օգտագործվել է Հանրապետության եւ Կայսրության օրոք՝ որպես բանտ, ուր պահել են նրանց, ովքեր սպասել են մահապատժի իրականացման: