Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը չի սկսվում եւ ավարտվում իրական շոուով

Օգոստոս 18,2010 00:00

«Ալֆրեդի սենյակ», «Կուբ», «Քլաբ բար». իրական դատարկաբանությո՞ւն, թե՞…

Մոտենում է ավարտին «հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քլաբ բար» իրական շոուն: Ստորեւ ներկայացնեմ մի քանի նկատառումներ վերոհիշյալ նախագծի եւ ընդհանրապես նախորդ տարիներին 5-րդ ալիքով հեռարձակված նմանատիպ նախագծերի մասին: Անկեղծ ասած, հույս ունեի, որ «Քլաբ բար» նախագիծը շահեկանորեն կտարբերվի նախորդ ծրագրերից, ավաղ, իմ հույսերը չարդարացան: Տարբերությունը թերեւս մասնակիցների ավելի հաճախ դրսում հայտնվելու, բարը աշխատեցնելու եւ հարազատներին տեսակցելու ու էլի շատ աննշան առանձնահատկություններն են: Սկսենք նրանից, թե արդյոք նախագիծը խա՞ղ է, թե՞ երիտասարդության բացասական դրսեւորումների յուրօրինակ հայելի է: Նախագծի կազմակերպիչները (ի դեպ, դա վերաբերում է նաեւ նախորդ նախագծերին), կարծում եմ, չպետք է զլանային եւ խաղի կանոնների մասին հենց սկզբից տեղեկացնեին հեռուստադիտողներին, այլապես ի՞նչ է ստացվում. խաղի ընթացքում նրանք ինչպես ցանկանում են, այնպես էլ խաղի կանոնները փոփոխում են, օրինակ՝ խաղը լքած մասնակցի փոխարեն նոր մասնակից այդպես էլ չմտավ, դրա փոխարեն խաղ վերադարձավ խաղը լքած մասնակիցը, կամ հուլիսի 24-ին քիչ հաղորդագրություններ ստացած մասնակիցը, որը խաղի կանոններից ելնելով պետք է լքեր նախագիծը,  կազմակերպիչների «բարեհաճությամբ» վիճակահանության արդյունքում մնաց խաղում:
Մի այլ տեսանկյունից անդրադառնանք այդ հաղորդումներին («Ալֆրեդի սենյակ», «Կուբ», «Քլաբ բար»): Նախ բոլորն էլ սկսում են ամպագոռգոռ գովազդներով, թե հեռուստադիտողը դիտելու է նմանը չունեցող, անկրկնելի, հետաքրքիր մի շոու: Այնինչ, իրականում գրեթե բոլոր նախագծերում նույն պատկերն է. երիտասարդ մասնակիցների անիմաստ «գզվռտոց» (այս անգամ նաեւ ձեռնամարտի եւ ոտնամարտի դրսեւորումներով), տհաճ փոխադարձ մեղադրանքներ՝ համեմված ժարգոնային արտահայտություններով, որոնք շատ հաճախ փոխվում են հայհոյանքների (հնչյունային ռեժիսորները ջանք ու եռանդ չեն խնայում հեռուստատեսային հաղորդումների ժամանակ համապատասխան ձայնով լսելի չդարձնել դրանք), դատարկ խոսակցություններ եւ այլն: Նկատենք, որ հեռուստատեսային հաղորդումները հեռարձակվում են ամենադիտելի ժամանակահատվածում եւ կրկնվում են: Տպավորություն է ստեղծվում, թե որքան մասնակիցը հանդուգն է եւ լկտի տեսախցիկի առաջ, այդքան լավ «խաղացողի» համբավ է ձեռք բերում: Փաստացի իրական խաղ՝ համապատասխան հանձնարարություններով, չկա: Ճիշտ է, սրանից 8 տարի առաջ «Ալֆրեդի սենյակ» նախագծի առաջին խաղի ընթացքում նման հանձնարարություններ տրվում էին, բայց հետագա խաղերի ընթացքում դրանք դարձան սակավաթիվ եւ ոչ հետաքրքիր: Որքան էլ որ «Քլաբ բարը» կոմերցիոն նախագիծ է, այնուամենայնիվ, հեռուստատեսային շոու է հորջորջվում, եւ հեռուստադիտողին բնավ չի հետաքրքրում բարը մի երեկոյի ընթացքում որքան վաստակեց կամ մասնակիցները երբ փակեցին բարի պակասորդը: Շատ տաղտկալի են անցնում «Քլաբ բարի» շաբաթօրյա քվեարկությանը նախորդող եւ հաջորդող հեռուստատեսային հաղորդումները, չկան դինամիկ զարգացումներ, նույնիսկ բարում գտնվող այցելուները, մասնակիցների հարազատները այնքան իներտ են թվում, որ կարծես նրանց ստիպողաբար են բերել: Առանձնակի ուշադրության են արժանի մասնակիցների կրթական եւ անձնային որակները: Ինչպես նախորդ նախագծերի ժամանակ, այնպես էլ այսօր, միմյանց հետ հաղորդակցվելիս, լրագրողի, վարողի կամ կազմակերպչի հետ խոսելիս պարզորոշ եւ անթաքույց զգացվում է երիտասարդների մտավոր հորիզոնի աղքատիկությունը, աղճատված լեզվամտածողությունը, իրական կյանքից կտրված լինելը: Մասնակիցները այնքան ինքնամոռաց են տրվում «խաղին», որ չեն մտածում, թե իրենց դիտում են եւ կարող են դիտել ծնողները, ընկերները, ուսուցիչը եւ, ինչու չէ, բակի երեխաները եւ, ի վերջո, կյանքը չի սկսվում եւ ավարտվում իրական շոուով: Պետք է մեր նորաթուխ մասնակիցները հիշեն, որ պատվի, արժանապատվության ոտնահարումները այնպիսի բարոյական սայթաքումներ են, որոնք չպետք է դառնան հեռուստատեսային սակարկության առարկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել