Սինգապուրում շարունակվող պատանիների առաջին ամառային օլիմպիական խաղերից ստացվեց երկրորդ բարի լուրը: Հայաստանցի ազատ ոճային ըմբիշ, Հոկտեմբերյանի ներկայացուցիչ, 46 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, ծանրորդ Սմբատ Մարգարյանից հետո, մեր երկրի մեդալների հաշվարկում գրանցեց երկրորդ «բրոնզը»: Այս քաշային կարգում պայքարին մասնակցում էին վեց երկրների պատվիրակներ: Արտակը մեկնարկային գոտեմարտում հաղթեց եգիպտոսցի Աբդենաեմ Մուհամեդին, այնուհետեւ տանուլ տվեց Ալդար Բաժենիմաեւին (Ռուսաստան), իսկ արդեն երրորդ տեղի համար պայքարում, միավորների 3:1 տարբերությամբ առավելության հասնելով վենեսուելացի Էնդրի Իովելայի նկատմամբ՝ իր մարզաձեւում դարձավ պատանեկան օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին երրորդ մրցանակակիրը:
Պայքարի մեջ հաջող է ներգրավվել նաեւ սպորտային մարմնամարզիկ Վահան Վարդանյանը: Բազմամարտում նա, 41 մասնակիցների հետ մրցակցության նախնական փուլի արդյունքներով զբաղեցնելով 10-րդ տեղը՝ մտել է եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճած 12 մարմնամարզիկների ցուցակ եւ այսօր մտադիր է անել ամեն բան՝ մրցանակային տեղ զբաղեցնելու համար: