Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիսանե տաճարի գանձերը» գրքի կոդերը

Օգոստոս 18,2010 00:00

\"\"«Մենք ապրում ենք պրագմատիկ դարում եւ մեզ պակասում են առասպելները: Մինչդեռ դրանք ժողովրդի ինքնության արմատներն են, որոնցից մենք կտրվել ենք: Այդ առասպելների, հեքիաթների մեջ մեծ իմաստնություն կա»,- խոսելով Գառնիկ Սահակյանի «Գիսանե տաճարի գանձերը» գրքի մասին, նշեց գրող Պերճ Զեյթունցյանը: Գիրքը տպագրել է լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը, շնորհանդեսն էլ օրերս էր՝ Սիրահարների այգում, «Ինքնագիր» ակումբի» նախաձեռնությամբ: Հեղինակի առաջին գիրքը՝ «Լուսնային լույսի համը» տպագրվել է 1996 թվականին՝ Լոս-Անջելեսում: Գ. Սահակյանը Գլենդելի քաղաքային քոլեջում հայերեն է դասավանդում:
«Գիսանե տաճարի գանձերը» այն մարդկանց մասին է, որոնցից յուրաքանչյուրն ապրում է իր առասպելով: Գիսանեն եղել է հեթանոսական աստված եւ նաեւ ժամանակակից աղջկա անուն է: Հեղինակի ձեւակերպմամբ, Գիսանեն որպես աստված խորհրդանշում է փրկության գաղափարը, որպես աղջիկ՝ սիրո. «Գրքում տարբեր հերոսներ կան, օրինակ՝ խմբագրության հերոսները արեւմտահայեր են, իրենք իրենց «ինտերնետային» Հայաստանն են ստեղծել եւ դրա մեջ ապրում են: Գլխավոր հերոսը մահվան տագնապի խնդիր ունի, ասում են, որ իր կյանքի ժամանակը քիչ է եւ փորձում է այդ ժամանակը իմաստավորել ու դա անում է առասպելներով»:
«Ինքնագիր» ակումբի» նախագահ Վահան Իշխանյանի խոսքով. «Գրքում այնպիսի կոդեր կան, որոնք կարող են բացել մեր իրականությունը: Նաեւ հետաքրքիր հայտնագործություններ: Օրինակ՝ Երեւանի հատակագիծը ինչպես է նմանվում մասոնական կազմակերպության սիմվոլիկային կամ սովետական արձանները, որոնք կառուցվել են պատերազմի, հաղթանակի հետ կապված, ինչպես է այդ սիմվոլիկան կապվում հեթանոսական սիմվոլիկայի հետ եւ ոչ միայն կապվում է, այլեւ դրա շարունակությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել