Կամ ռուս արվեստագետները՝ կիսադատարկ դահլիճում
«Փարաջանովի նման իսկական հանճար իմ կյանքում չեմ հանդիպել: Նրան լավ ճանաչում էի, մի անգամ երկար ժամանակով հյուր էի նրա տանը, դա կարծես ճակատագրի նվեր լիներ: Այդ տարիներին Փարաջանովն ուզում էր նկարահանել «ԽՌպՉրՍՌպ ՒՐպրՍՌ» ֆիլմը, նկարներ էր բերել, եւ մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ այդ օրը: Փարաջանովի հետ հեշտ էր շփվելը, բաց, պարզ մարդ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՌԴ ժողովրդական արտիստուհի Նատալյա Ֆատեեւան, որ օրերս «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով հայ-ռուսական ստեղծագործական ակցիայի շրջանակում Երեւանում էր եւ եւս մեկ անգամ հնարավորություն էր ունեցել շփվելու Փարաջանովի իրերի, գործերի հետ՝ այցելելով վարպետի տուն-թանգարան: «Մեկ այլ առիթով, երբ Կիեւում էի, ցուցադրվում էին նրա կոլաժները, որոնք թղթի վրա էին: Հետաքրքիր էր, որ այդպիսի գործեր այստեղ թանգարանում չտեսա»,- ասաց Ն. Ֆատեեւան: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Ռուսաստանում շատ հայ ընկերներ ունի, բայց նրանք, ըստ արտիստուհու. «Արդեն հայ չեն, կարծես ռուսացած լինեն»:
ՌԴ վաստակավոր արտիստ՝ 41-ամյա Տիմոֆեյ Ֆեոդորովը Հայաստանում 25 տարի առաջ էր եղել: Մեզ հետ զրույցում խոստովանում է, որ այն ժամանակ չգիտեր՝ ի՞նչ երկիր է Հայաստանը: Այս այցին նրան հիացրել է Փարաջանովի թանգարանը, բայց ասում է՝ քանի օր է այստեղ է ու չի կարողանում խմել այնպիսի սուրճ, որն իրեն 25 տարի առաջ էին Երեւանում հյուրասիրել. «Հիշում եմ, որ ամեն 3 մետրի վրա փոքր սենյակներ էին, կեղտոտ բաժակներ, բայց սուրճը յուրահատուկ էր»: Երիտասարդ ռեժիսորը հատկապես հավանում է Ա. Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի արվեստը. «Այսօր առաջին անգամ «Բարեւ, ես եմ» ֆիլմը նայեցի, չէի կարծում, որ նման գեղագիտությամբ կինո կարելի էր Սովետական միության ժամանակ նկարել: «Հայֆիլմը» այնպիսի ֆիլմեր ունի, որ համաշխարհային կինեմատոգրաֆում են»: Այս ամենի կողքին մեր զրուցակիցը ցավով նշեց, որ ոչ մի հայ կինոյի ժամանակակից անուն չգիտի. «Այն ժամանակ մի ամբողջ ծրագիր էր լինում Կինոյի տանը, բերում էին մեկ շաբաթով հայկական կինո էին ցուցադրում: Հիմա դա չկա, ինչո՞ւ: Եկել ենք Երեւան, ամբողջ ծախսը հոգացել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը: Ծրագրում գրել ենք՝ հայ-ռուսական համատեղ համերգ, բայց ոչ մի հայ արտիստ չկար, դահլիճը դափ-դատարկ էր, իսկ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված այդ հանճարեղ ֆիլմի դիտմանը Մոսկվայի տան դահլիճում 6 հոգի էր ներկա (խոսքը ծրագրի բացմանը հաջորդած՝ «Рябиновый вальс» ֆիլմի մասին է, որին ինքս ներկա էի, ռուս արտիստները՝ «Ի՜նչ անշլագ» ռեպլիկով լքեցին դահլիճը դեռ ֆիլմը չսկսված- Լ. Խ.)»: Մեր զրուցակիցը մինչ այժմ չի կարողանում հասկանալ. «Քաղաքական գործիչնե՞րը մեզ փչացրին, հասկացանք, որ նրանք խամաճիկ են դարձել արեւմուտքի ձեռքին, բայց ինչո՞ւ է մեր 2 ժողովուրդների միջեւ կապը կտրվել, ինչո՞ւ լեզու չենք գտնում իրար հետ»: «Առավոտի» մյուս զրուցակից, ՌԴ ժողովրդական արտիստ, 70-ականների «Արտլոտո» հաղորդման վարող Ֆյոդոր Չեխանկովը եւս հիացած էր Փարաջանովի տուն-թանգարան այցից, վարպետի հետ մոտ է եղել: Նոր անուններ չգիտեր. «Լավ գիտեմ Վիլեն Գալստյանին, Գոհար Գասպարյանին, իսկ ո՞ւր են մյուսները…»:
Տ. Ֆեոդորովը պատմեց այսօրվա ռուսական կինեմատոգրաֆում միտումների մասին: Ըստ նրա. «Խորհրդային միության տարիներին աշխատանքին լուրջ էին վերաբերվում, մանրակրկիտ ամեն ինչ վերլուծում էին, հիմա 2 ամսում 300 սերիա են նկարում, սերիալախեղդ ենք լինում, մակարդակն էլ ցածրանում է: Մարդիկ կարոտ են լավ ֆիլմի, ամբողջ օրը ոստիկաններ, հանցագործներ են ցույց տալիս»: Մեր զրուցակիցը ցանկություն հայտնեց նկարահանվել որեւէ հայ-ռուսական համատեղ ֆիլմում. «Այնպիսի լուրջ թեմաներ, պատմություններ կան: Բայց ճգնաժամը կխանգարի, հարուստ քեռիներ պետք է գտնենք»: