Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ

Օգոստոս 18,2010 00:00

Խոստանում է «Աիդա» օպերայի իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին

\"\"
Մարիո Կորրադին (աջից) եւ Կամո Հովհաննիսյանը:

Այս անտանելի շոգին Ազգային օպերային թատրոնում եռուզեռ է. Վերդիի «Աիդա» օպերան են պատրաստում: Երեւանում է բեմադրիչը՝ Մարիո Կորրադին: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Մեր օպերային թատրոնում այս ներկայացումն ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն: 1941թ. այն իրականացրել են բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանը եւ ռեժիսոր Արմեն Գուլակյանը: Թատրոնի խաղացանկում մինչեւ 1990-ականների սկզբները տեղ գտած այս ներկայացման մեջ տարբեր տարիների փայլել են հայ օպերային բեմի երախտավորներ Եվգենյա Խաչիկյանը, Ելենա Միքայելյանը, Ելենա Վարդանյանը, Աիդա Դումանյանը, Մարիա Չմշկյանը, Գոհար Գալաչյանը, Օլգա Գաբայանը, Սերգեյ Դանիելյանը, Միհրան Երկաթը, Արշավիր Կարապետյանը եւ այլք: Ներկայացումը ղեկավարել են դիրիժորներ Սուրեն Չարեքյանը, Արամ Քաթանյանը եւ Յուրի Դավթյանը: Մասնագետների բնորոշմամբ, դա այնպիսի հիանալի բեմադրություն էր, որ ժամանակին համաձայնել են Երեւանի թատրոնում Աիդայի դերերգը կատարել Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Մարիա Բիեշուն: 1970-ականներին էլ առաջին անգամ Հայաստան են ժամանել ռումինացի օպերային արվեստի աստղեր Զինաիդա Պալլին, Կարպիս Զոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ հանդես են եկել «Աիդայում»:
Մերօրյա «Աիդայի» նախապատրաստական աշխատանքները սկսվել են ավելի վաղ: Ապրիլին իտալացի բեմադրիչ Կորրադին Երեւան էր ժամանել ճանաչված սոպրանո Պատրիցիա Պաչեի հետ, ով շուրջ 10 տարի հանդես է եկել Լա Սկալա օպերային թատրոնում, ներկայումս էլ դասավանդում է Պալերմոյի կոնսերվատորիայում: «Առավոտի» հետ զրույցում տիկին Պաչեն ասել էր. «Հիացած եմ հայ երգիչներով՝ չէի սպասում, թե կհանդիպեմ նման վոկալի եւ իտալերենի այսօրինակ հրաշալի արտաբերման: Հնարավոր եմ համարում ձեր օպերային թատրոնի հետ համագործակցության արդյունքում՝ այլ ձեռնարկների իրականացումը եւս»: Նույն միտքը նախօրեին մեզ հետ զրույցում բառացիորեն փոխանցեց բեմադրիչ Կորրադին, շեշտելով. «Խոստանում եմ՝ դեկտեմբերին օպերային արվեստի սիրահարները ներկա կգտնվեն ճոխ ու երեւելի ներկայացման, լի անակնկալներով»: Բեմադրիչը հիացած է օպերային թատրոնի շենքի թամանյանական ճարտարապետությամբ, իր խոսքերով՝ աշխարհում նման գեղեցիկ օպերային թատրոնի շենք չի տեսել եւ չի հանդիպել նույն դահլիճում՝ երեք բեմահարթակի: 3 բեմն էլ պետք է զբաղված լինեն «Աիդայում»: Խնդրանքին՝ համառոտ ներկայացնել իր ստեղծագործական ուղին, հատկապես նշելով, թե ո՞ր թատրոններում է բեմադրել «Աիդա», մեր զրուցակիցը լիաթոք ծիծաղեց ու ասաց. «Նոյեմբերին Միչիգան հյուրախաղերի մեկնելու կապակցությամբ ստացել էի հետեւյալ նամակը. ուղարկեք նոր լուսանկար, քանի որ վերջին մեկ տարում ձեր մազերը շատ են ճերմակել, եւ ձեր ստեղծագործական դիմանկարը, որը բաղկացած կլինի ընդամենը 100 բառից: Ես էլ գրեցի՝ դեբյուտս կայացել է 1982թ. Պալերմոյում, Չիմառոզայի «Գաղտնի ամուսնություն» օպերայի բեմադրությամբ: Աշխատել եմ բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից»: Հավելեց, որ «Աիդա» բեմադրել է 1997թ.՝ Ցինցինատիում, 2001թ.՝ Մարսելում եւ այլուր, ասելով, որ նշված ներկայացումներում Աիդայի դերերգը կատարել է Հասմիկ Պապյանը: Վերջինս հանդես կգա երեւանյան պրեմիերային: Քանի որ Կորրադին է անձամբ պարապում մեներգիչների հետ, հետաքրքրվեցինք, թե աիդաներից, ռադամեսներից, ամներիսներից կոնկրետ ովքե՞ր են գոհացնում: Բեմադրիչն ասաց. «Մագդա Մկրտչյան, Լիլիթ Սողոմոնյան, Մարինե Դեինյան, Աննա Մնացականյան, Սարգիս Աղամալյան, Ռուբեն Նուրիջանյան, Նարինե Անանիկյան… Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Մինչ այս այցս՝ բոլորն էլ լավ էին պատրաստվել: Դա թող անակնկալ լինի: Հիանալի են նաեւ Ավետիս Բարսեղյանի դեկորներն ու հագուստները… Բարձրակարգ աշխատանք է տարված ընդհանրապես: Իհարկե, իդեալական Ռադամես կլիներ Գեղամ Գրիգորյանը, ափսոս…»:
Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ով մշտապես ներկա է գտնվում փորձերին, ասաց, որ կոլեկտիվը անչափ գոհ է բեմադրիչից. «Կորրադին էներգիա չի խնայում, լեզվական արգելք չկա: Ընդհանրապես բեմադրիչը տիրապետում է 8 լեզվի»: Կես կատակ-կես լուրջ էլ տնօրենն ավելացրեց. «Կարծում եմ, մեր համագործակցությունը կշարունակվի իտալացի բեմադրիչի հետ: Այդ դեպքում նա լիարժեք հայերեն էլ կսովորի…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել