Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խոստացել է իր ինքնակենսագրականի հրապարակումից ստացված ողջ հասույթը փոխանցել վիրավոր զինծառայողներին: Այդ մասին հաղորդել է ռազմական տարբեր արշավանքների մասնակցած՝ վետերաններին օգնություն ցուցաբերող The Royal British Legion բարեգործական հիմնադրամի կայքէջը: BBC-ի մատուցմամբ, Բլերի մամլո խոսնակը հայտնել է, թե քաղաքական գործիչը բարեգործության նպատակով կնվիրաբերի նաեւ գրքի համար վճարված 4 մլն ֆունտ ստերլինգի ավանսն ու գրքի վաճառքից ստացվելիք միջոցները:
Դրանք հիմնադրամին կփոխանցվեն սեպտեմբերին, երբ «A Journey»՝ «Ճանապարհորդություն» վերտառությամբ գիրքը հանվի վաճառքի:
Նշենք, որ Բլերի կողմից իրականացվելիք ակցիան բարեգործական հիմնադրամում մեկ անձի կողմից երբեւէ ստացված ամենախոշոր չափի նվիրատվությունն է լինելու: Ֆինանսական այդ միջոցները ծրագրվում են ծախսել պատերազմական գործողություններին մասնակցած եւ ծանր վերքեր ստացած զինվորների վերականգնողական բուժման նպատակով:
Ի դեպ, պատերազմների դեմ հանդես եկող կազմակերպությունների ակտիվիստներն ու Իրաքում զոհված զինծառայողների հարազատները Բլերի նվիրատվությունը հասցրել են որակել՝ «արյունոտ փողեր»: