Համաշխարհային բանկը Պակիստանին 900 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել՝ երկրում ավերիչ ջրհեղեղների հետեւանքները չեզոքացնելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետից տուժել է ավելի քան 20 մլն մարդ, մոտ 2000-ը զոհվել է:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների դիտարկմամբ, միջազգային օգնությունը դանդաղում է: Բացի այդ, առայժմ հաջողվել է հավաքել ՄԱԿ-ի կողմից խոստացված 460 մլն դոլարի օգնության միայն մեկ երրորդ մասը: Բրիտանիայում Պակիստանի դեսպանի խոսքով, երկրի վերականգնողական աշխատանքները կարող են տեւել 5 տարի եւ արժենալ 15 մլրդ դոլար:
Միաժամանակ բժիշկները՝ ի դեմ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության, նախազգուշացնում են, որ հարկադիր տեղահանվածների շրջանում, որոնց թվում 3,5 մլն երեխաներ կան, մեծ է վարակի տարածման վտանգը: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մաուրիցիո Գիլյանոն զգուշացրել է, որ եթե Պակիստանին անհապաղ օգնություն չցուցաբերվի, երկրին սպառնում է «մահացության երկրորդ ալիք»: Ըստ որոշ հաշվարկների, հիվանդության զոհ կարող է դառնալ 6 մլն մարդ: