Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԹԻՐԱԽ

Օգոստոս 18,2010 00:00

Իսրայելի զինված ուժերի նախկին զինծառայողը միջազգային սկանդալի հեղինակ է դարձել: Աշդոդի 20-ամյա բնակիչ Էդեն Աբարջիլը Facebook սոցիալական ցանցի իր բլոգում իր բանակային առօրյան պատկերող 26 լուսանկար է տեղադրել, որոնցից երկուսում նա զինվորական համազգեստով, ժպիտը դեմքին հպարտորեն «դիրքավորվել» է՝ աչքերն ու ձեռքերը կապած պաղեստինցիների ֆոնին: Լուսանկարների այդ շարքը նա վերնագրել է այսպես՝ «Ծառայություն բանակում. իմ կյանքի լավագույն ժամանակը»: Ըստ էության, այդ լուսանկարները ձերբակալվածների հետ դաժան վերաբերմունքի դրսեւորում համարվել չեն կարող, բայց պաղեստինցիներն ու հենց իսրայելական բանակի հրամանատարությունն այլ կարծիքի են, առավել եւս, որ բլոգում զորացրված զինծառայողն ու նրա ընկերուհին ծաղրական տոնով քննարկել են լուսանկարում պատկերված արաբներին ու նկարները համարել են շատ սեքսուալ:
Պաղեստինցիների կարծիքով, լուսանկարները զավթիչների մենտալիտետի ցուցադրությունն է. նրանք հպարտանում են, որ կարող են ստորացնել արաբներին: «Օկուպացիան անարդար է, անբարոյական է, եւ, ինչպես ցույց են տալիս այդ լուսանկարները՝ արատավոր է»,- BBC-ի մատուցմամբ, ասել է Պաղեստինի իշխանության ներկայացուցիչ Հասան Խատիբան: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչները եւս դատապարտել են կին զինծառայողի արարքը՝ այն համարելով ամոթալի եւ հայտարարել են, թե հետաքննություն կիրականացնեն: «Նկատի ունենալով, որ նա զորացրվել է անցալ տարի, նրա վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցվել է ղեկավարությանը»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը:
Իսրայելի Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի ղեկավարը կարծիք է հայտնել, թե լուսանկարները «արտացոլում են պաղեստինցիների նկատմամբ ոչ թե որպես մարդկանց, այլ առարկաների՝ վաղուց արդեն նորմա դարձած վերաբերմունքը»: Ու թեեւ Էդեն Աբարջիլն այդ լուսանկարները՝ բարձրացած աղմուկից հետո, հանել է իր բլոգից, բայց, ինչպես իսրայելական Haaretz թերթն է գրում, զորացրված զինծառայողը այդ լուսանկարներում նաեւ համընդհանուր ցուցադրության է հանել իր աշխատանքային սեղանին դրված գաղտնիք պարունակող փաստաթղթեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել