Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ընդունվել քոլեջ

Օգոստոս 18,2010 00:00

«Առավոտին» էր դիմել  Էրեբունու պետական բժշկական քոլեջի մի դիմորդ ու նեղսրտել, թե քոլեջի փոխտնօրեն Վարդուհի Ավետիսյանը չի ընդունել իր գործերը, ավելին՝ պահանջել է $350՝ ասելով, թե առանց հատուկ պարապելու հնարավոր չէ իրենց քոլեջ ընդունվել: Միակողմանի ծնողազուրկ տղայի պատմելով, որը քոլեջ էր գնացել մորաքրոջ հետ,  ստիպված են եղել առանց գործերը հանձնելու հեռանալ՝ այլ ուսումնական հաստատություն դիմելու համար: Եվ երբ ասել են, թե երեխան բարձր գնահատականներով է ավարտել դպրոցը, ըստ տղայի, փոխտնօրենն էլ կարծիք է հայտնել, թե դպրոցական գիտելիքները բավարար չեն քոլեջ ընդունվելու համար: Ինչ վերաբերում է դիմորդին, անունը չենք հրապարակում՝ չվնասելու համար:
«Առավոտը» կապվեց նաեւ քոլեջի փոխտնօրեն Վ. Ավետիսյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե դպրոցական ծրագիրը բավարար չէ քոլեջ ընդունվելու համար, մի՞թե հարցաշարերը դպրոցական ծրագրից դուրս են կազմվում: Փոխտնօրենը պատասխանեց, որ շատերն են դպրոցական գիտելիքներով իրենց քոլեջ ընդունվում, նաեւ հավելեց, թե իր տպավորությամբ տղան պատրաստված չէր. «Ինքը հանձնել է իր գործերը, ինչպես հարկն է ընդունել ենք: Երեկ եկան հետ վերցրին, որ տանեն ուրիշ տեղ, իրենք ուզում էին ատեստատը տանել, պատճենը թողնել ինձ մոտ, ասացի՝ այդպես չի լինի»: Հարցրինք՝ իսկապե՞ս $350 է պահանջել: Տիկինը հրաժարվեց, ասելով. «Ոչ, նման բան չկա: Ուղղակի ասել եմ, որ եթե գիտելիք չունես, մեզ մոտ պետական հիմնարկություն է, քննություն, չես կարող ընդունվել: Եթե ուրիշ տեղ ունես գնալու, այդ դեպքում որոշիր, որ ժամանակ չկորցնես: Ասել եմ՝ շատ քոլեջներ կան, որ առանց քննության ընդունում են, իսկ մշակույթը եւ արվեստը քննությունով է: Սկզբում ինքը մենակ էր, ես իր հետ աշխատանք տարա, որ կողմնորոշվի: Երեկ էլ մորաքրոջ հետ եկավ, ասացի՝ երեխան եկել է, խոսել ենք, եթե ուզում է՝ էստեղ էլ թող փորձի: Բայց իրենք զանգեցին եւ հրաժարվեցին»: Զարմանալի է, թե քոլեջի փոխտնօրենը ինչպես է «ոտքի վրա» որոշել, որ երեխան չի կարող հաղթահարել իրենց քննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել