Նոր ուսումնական տարեսկզբից հանրակրթական դպրոցներում կներդրվի «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ծրագիրը: Այն ավելի համակարգված իրականացնելու համար արդեն հրատարակվել է համապատասխան մեթոդական ձեռնարկ: Ծրագիրը մեր երկրում մշակվել է առաջին անգամ եւ այն իրականացնելու գործում ներգրավված են արտասահմանցի եւ տեղացի փորձագետներ: «Ծրագիրն արդեն փորձարկվել է 9-10-րդ դասարաններում: Մոտ 1000 աշակերտի հետ աշխատանքներ են տարվել, ամեն դպրոցում գոնե մեկ ուսուցիչ հասցրել է վերապատրաստվել: Վստահեցնում եմ՝ ձեռնարկը ծնվել է շահառուների՝ ծնողների, աշակերտների ու մանկավարժների պահանջով ու անմիջական մասնակցությամբ: Ծրագիրը արդեն «եփվել» է դպրոցներում, փորձարկվել ու դարձել ավելի հարմար ու պիտանի»,- երեկվա ասուլիսում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը նախատեսել են անցկացնել արտաժամյա, ինչպես նաեւ հասարակագիտություն առարկայի շրջանակներում:
Ըստ նախարարի. «Կոռուպցիան մեզ մոտ ավելի շատ չէ, քան մյուս բնագավառներում է եւ ոչ էլ՝ ավելի պակաս: Կոռուպցիան չարիք է, որ հավասարաչափ թափանցել է տարբեր բնագավառներ: Պարզապես կրթական բնագավառը ամենազանգվածայինն է շահառուների թվով եւ գործունեության մասշտաբով: Մոտ 700 հազար մարդ է ներգրավված կրթական համակարգում՝ ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ եւ այլն, հաշվի առնենք, որ բացի սրանից, մոտ 2000 կազմակերպություն էլ կա»: Պարոն Աշոտյանի բնորոշմամբ, կոռուպցիան՝ հնարավորությունների օգտագործումն է շահի համար. «Ցանկացած պետական աշխատանք ենթադրում է պարտավորություն եւ իրավունք, ու եթե աշխատանքի մեջ նախընտրում ես միայն մեկ հատվածը՝ իրավունքն ու լիազորությունը ու չես մտածում պարտավորությունների մասին, ապա ամեն ինչ սպասելի է»: Նախարարը նկատեց, որ հնարավոր է. «Աշակերտների հետ հակակոռուպցիոն աշխատանքը պտուղ տա մի քիչ ավելի ուշ, բայց այդ աշխատանքը ավելի ֆունդամենտալ է՝ աշակերտը դասերին, հիմնական առարկաների հետ զուգահեռ, սովորում է, որ կոռուպցիան պետությունը քայքայող աղետ է, անկախ նրանից՝ որ ոլորտում է»:
Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների համակարգման գրասենյակի ղեկավար Ֆրանսուա Վեզինան էլ ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում երեխաները կոռուպցիոն երեւույթներին ծանոթանում են հենց դպրոցներում. «Ուստի դպրոցում հակակոռուպցիոն կրթություն իրականացնելը կոռուպցիայի կանխարգելման կարեւորագույն միջոցն է»: Նրա խոսքով, Չինաստանը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան եւ մի շարք այլ պետություններ դպրոցներում շատ վաղուց են ներդրել այս ծրագիրը եւ իրականացնում են ոչ միայն բարձր, այլեւ ցածր դասարաններում. «Բավականին արդյունավետ արդյունքների են հասել»: