Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒՑ Է ՏՐՎԱԾ»

Օգոստոս 18,2010 00:00

Կամ՝ էսքիզներ «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաների առօրյայից

\"\"
Գյումրիի մանկատան սաներ՝ 12-ամյա Լեւոնը կլառնետահար է,
իսկ 13-ամյա Ավետիքը բժիշկ դառնալու մասին է երազում:

\"\"
7-ամյա Մարգարիտա Շահջանյանը
Գավառի մանկատնից է:

\"\"
14-ամյա գյումրեցի Օվսաննան երազում է բռնցքամարտիկ դառնալու մասին, բայց ամենից շատ սիրում է անգլերենը. «Ես ինձ կարամ պաշտպանել, բոքսի կերթամ, 2 անգամ 2-րդ տեղ եմ գրավել, քույրիկս էլ չեմպիոն է, նա էլ ինձի նման տղայական շարժումներով է»: Օվսաննան իր երկիրը շատ է սիրում. «Գյումրիից լավ տեղ չկա: Մենակ թե կուզեմ նենց ընել, որ բնությունը լավ պահին, ստեղ-ընդեղ կանֆետի թուղթ չթափին»:

\"\"
13-ամյա Մերին առաջին անգամ է
«Տիրամայր Հայաստանի» ճամբարում,
երազում է երգչուհի կամ թարգմանչուհի դառնալու մասին:

\"\"
Երեւանաբնակ գյումրեցի Լուսինեի երազաքն էլ ատամնաբույժ լինելն է, ապրում է Երեւանում, բայց ծնվել է Գյումրիում. «Այստեղ երեխաները շատ շփվող են, ընկերացանք: Բայց կան երեխաներ, որ տարբերվում են ու կոպիտ են»:

«Ոչ մի բան չի կարող փոխարինել ընտանիքին, որովհետեւ պատկանելությունը Աստծուց է տրված»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Տիրամայր Հայաստան» կենտրոնի եւ նույն ճամբարի պատասխանատու քույր Արուսյակ Սաջանյանը: Նա պատմեց, որ 1994 թվականից գործող «Տիրամայր Հայաստանի» ճամբարում հանգստանում են հիմնականում մանկատների, ծնողազուրկ ու կարիքավոր երեխաները: Քույր Արուսյակի խոսքով՝ գործունեության առաջին տարիներին երկրաշարժից տուժած ընտանիքներին, զոհվածների զավակներին էին օգնում, դասավանդում գյուղերի դպրոցներում. «Այն ժամանակ կտեսնեինք, որ երեխաները չէին կարող դասի նստել, առաջին հարցումս էր՝ նախաճաշ արե՞լ եք: Կըսեին՝ ոչ»: 1997 թվականից բարերարների օգնությամբ Գյումրիում ստեղծում են նաեւ մանկատուն: Կենտրոնը 5 տարի առաջ էլ ստեղծել է «Տիրամայր Հայաստանի» Կամերային երգչախումբը, որը ղեկավարում է Ռոբերտ Մլքեյանը: «Մի քանի տաղանդներ ենք հայտնաբերել ճամբարի ընթացքում: Ճամբարը միայն սնունդ տալու, ուրախանալու տեղ չէ: Հոգեւոր նպատակ կհետապնդինք»,- ասում է քույր Արուսյակը եւ հպարտությամբ հավելում, որ իրենց սաներից 4-ը արդեն կոնսերվատորիայում են սովորում:
Օրերս, երբ Ծաղկաձորի այս ճամբարում ներկա էին Բարերարների օրվան նվիրված հավաքին, մի ֆրանսահայ, լսելով այդ սաներից մեկի կատարումը, ցանկություն հայտնեց նրան հովանավորել: Քույր Արուսյակը նշում է մի խնդրի մասին՝ մանկատանը հասունացած աղջիկներ ունեն, որ սիրահարված են, բայց երբ ամուսնանալու ժամանակն է լինում, տղայի կողմը մերժում է. «Կասեն՝ աղջկա մայրը էսպես է, հայրը՝ էնպես, ու չեն ամուսնանար: Երեխաների մեջ փորձում ենք ինքնահաստատում մտցնել: Երբ մանկատնից դուրս են գալիս, կան շատերը, որ չեն տարբերվում մյուսներից»: Հարցին՝ երեխաները 17 օրվանից հետո ցանկանո՞ւմ են լքել ճամբարը, քույր Արուսյակը պատասխանեց. «Անոնք, որ տուն ունեն, կուզեն վերադառնալ, որոնք նորից մանկատուն պետք է վերադառնան, չեն ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել