Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Օգոստոս 18,2010 00:00

Իրերը իրենց անունով կոչելու օգուտը

Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե պետության հասարակարգը քաղաքացիական է եւ հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել եւս, եթե այդ որոշումները եւ դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի եւ ժողովրդի համար:  
Հետխորհրդային պետությունները, թերեւս որոշ բացառությամբ՝ մերձբալթյան հանրապետությունների, դեռեւս հեռու են լիարժեք, լիակատար իրավական, ժողովրդավարական պետություն լինելուց:
Երկար ժամանակ է պահանջվում մեզանից հաղթահարելու համար վախը, ստախոսությունը, ազգային սնապարծությունը, ազգային նիհիլիզմը, ստրկամտությունը, անհավատությունը, անպատասխանատվությունը եւ այլ արատներ, որոնք մեզ ժառանգություն թողեց տոտալիտար ռեժիմը, տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրելով ժողովրդի մարդկային եւ ազգային նկարագիրը: Մարտնչող աթեիզմից մինչեւ, այսպես կոչված, կոմունիստական բարոյականության սնուցումը, կեղծ ինտերնացիոնալիզմից, ապազգային դաստիարակությունից մինչեւ խորհրդային շովինիզմի ներդրումը, քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ թշնամություն, անվստահություն եւ կասկածամտություն սերմանելը՝ այս բոլորը հանգեցրին մարդկային նոր տեսակի, հոմոսովետիկուսի աճեցմանը:
Լիարժեք ազգային ինքնագիտակցության, ազգային-պետական ժամանակակից քաղաքական մտածողության, քաղաքացիական պարտքի զգացմունքի ձեւավորումը ժողովրդի մոտ պահանջում է երկար ժամանակի հետեւողական աշխատանք եւ ոգու լարում բոլոր մակարդակներում եւ բոլոր բնագավառներում:
Սրան զուգահեռ, ժամանակի ընթացքում ժողովրդի կյանքի բարձր մակարդակի ապահովումը, ազդեցիկ միջին դասակարգի ձեւավորումը, անկախ արհեստակցական միությունների կազմավորումը, առնվազն երկու ուժեղ ազգային առաջադեմ մրցակից կուսակցությունների առաջանալը՝ այդ բոլորը միասին գրավականը կհանդիսանան ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների համար հնարավորին չափ քիչ սխալներ կատարել, իսկ սխալվելու դեպքում ուղղել եւ չկրկնել նման սխալները:
Այս բոլորը անվիճելի եւ շատերին հայտնի ճշմարտություններ են, որոնց կրկնելը, թերեւս, մեղք չէ:
Այս զարգացումները եւ գործընթացները միտինգներով եւ ոչ կառուցողական ընդդիմադրությամբ արհեստականորեն արագացնելը անիմաստ, անզոր եւ վտանգավոր է: «Մարտի մեկի» դեպքերը ցույց տվեցին, որ կատարվածը իշխանատենչ անառողջ, ապարդյուն կռիվ էր, իբրեւ զենք օգտագործելով ժողովրդի արդար դժգոհությունը, առաջացած կյանքի ցածր մակարդակից եւ հասարակության անհավասարության աննախադեպ բեւեռացումից:
Իսկ մինչ այդ կա գերագույն խնդիր, որի լուծումը հրատապ է եւ որը աններելի եւ անընդունելի վեճեր է հարուցում, իսկ դրա լուծման հետաձգելը մինչեւ «լավ ժամանակները», այսինքն՝ մինչեւ լիարժեք ժողովրդավարական, քաղաքացիական բարեկեցիկ հասարակարգի ձեւավորումը՝ սպառնում է ազգային անվտանգությանը:
Այդ վտանգը կանխելու համար պետք է ամեն գնով, ներկա պայմաններում, ունեցած միջոցներով ձեւավորել համազգային համաձայնություն, համայն հայության զանգվածային մասնակցություն, ապահովել անհրաժեշտ ուժ եւ կամք նոր պարտություն (ռազմական, դիվանագիտական) չկրելու, մարդկային եւ տարածքային նոր կորուստներ չտալու համար:
Հարյուրամյակների պարտություններից եւ կորուստներից հետո հայերին հաջողվեց պարտության մատնել ագրեսորին եւ ազատագրել զավթած հայրենիքի մի մասը: Անցյալում, հատկապես վերջին մեկուկես հարյուրամյակի ժամանակամիջոցում, մեր պարտությունների եւ կորուստների գլխավոր պատճառներից են եղել ոչ այնքան օբյեկտիվ անբարենպաստ պայմանները, որքան ազգային գերխնդիրների լուծման համար անհրաժեշտ համազգային միասնություն, հավաքական միտք, հավաքական կամք եւ անհրաժեշտ ուժ չապահովելը: Ազգի առաջ ծառացած խնդիրների մեջ անհետաձգելին, առաջնահերթայինը, անվիճելին չկարենալ որոշելը:
Մինչեւ Մեծ եղեռնը ազգի առաջնորդները չկարողացան որոշել՝ որն էր կարեւորը, անհետաձգելին՝ Օսմանյան կայսրության քանդումը ամեն գնով, թե ազգի անվտանգության ապահովումը ամեն միջոցներով: Մինչեւ լավ ժամանակների գալը: Որ անխուսափելիորեն գալու էին, անկախ մեր միջամտության, եւ այն էլ այն դեպքում, երբ մեր միջամտությունը մեզ անչափ մեծ վտանգ էր սպառնում: Կայսրությունները, որտեղ հայերը հայտնվել էին, փլուզվելու էին առանց դրա համար անհրաժեշտ մեր աննշան միջամտության: Գերխնդիր էր անցյալում եւ մնում է միշտ ազգի անվտանգությունը, առնվազն ֆիզիկական գոյությունը: «Մահ կամ ազատություն», «հիմա կամ երբեք» եւ նման ծայրահեղ նշանաբանները կարելի է որդեգրել անհատին, բայց ոչ ժողովրդին:
1918-1920 թվականներին գերխնդիր էր ամեն գնով պետության կայացումը հնարավորին չափ ընդարձակ հայկական տարածքներում, նրա պաշտպանության ապահովումը, առժամանակ մի կողմ դնելով քաղաքական, դասակարգային, գաղափարախոսական, կուսակցական խնդիրները, հատկապես անձնական ամբիցիաները: Նման մտածելակերպով եւ գործելակերպով հնարավոր էր խուսափել Մեծ եղեռնից, Հայաստանի Հանրապետության բռնագրավումից, նրա անկախության կորստից, մասնատումից եւ ավելին՝ պայմաններ ապահովել Սեւրի դաշնագրի հայերին վերաբերող որոշումների իրագործման համար:
Մինչդեռ տասնյակ տարիների ընթացքում ներշնչել են, որ ի սկզբանե դատապարտված էինք պարտության, կործանման, կորուստների՝ անկախ մեր մտածելակերպից եւ գործելակերպից: Եվ իբր հայերը անզոր էին եւ որ նրանց միակ ելքը, օրինակ, բոլշեւիկների արշավանքն էր, որ հայերին իբր փրկեց վերջնական կործանումից: Այս սուտը, առասպելը այնքան խորն է նստած, որ ոչ մեկի մտքով չի անցնում չհանդուրժել այնպիսի դեռ շատ մնացած խորհրդանշանների գոյությունը, ինչպիսին է, օրինակ, մայրաքաղաքի այգիներից մեկում ՀՀ խորհրդայնացման տասնամյակի առթիվ կանգնեցված հուշարձանը՝ «Երախտապարտ հայ ժողովրդից՝ նվիրված Կարմիր բանակի հերոսներին, որոնք զոհվեցին Հայաստանի ազատագրման համար»:
Նման հոգեբարոյական վիճակով, ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակով, ՀՀՇ-ական մտածելակերպով եւ գործելակերպո՞վ չէր, արդյոք, պայմանավորված այն հանգամանքը, որ նորելուկ անփորձ իշխանավորները հրաժարվեցին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումից՝ նվիրված Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը, որին հավատարիմ մնաց նույնիսկ 1991թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության Հռչակագիրը:
Հայերի վզին փաթաթված «ղարաբաղցիների ինքնորոշվումը» իբրեւ միջոց՝ «ղարաբաղյան հիմնախնդրից» հաջողակ դուրս գալու համար, անհեռանկար է եւ վտանգավոր: Այդ այլեւս ակնհայտ է դառնում, երբ երկարատեւ բանակցությունները տանում են միայն փակուղի:
Վաղուց ժամանակն է վերադառնալ ՄԻԱՑՄԱՆ դիրքերին, իրերը իրենց անունով անվանելով, դուրս գալ թշնամու «դաշտում» թույլ դիվանագիտական, քաղաքական, անհեռանկար պայքար տանելուց: Այդ կոնտեքստում Ադրբեջանը «պատրաստ է տալ ԼՂՀ-ին ամենաբարձր ինքնավարությունը»: Անհրաժեշտ է հասկանալի եւ ընդունելի դառնալ ինքներս մեզ եւ աշխարհի համար: Մեր ուժը նաեւ մեր ճշմարտությունն է (ոչ թե պարզունակ խորամանկությունը), մեր կամքն է, հավատքը եւ ոգին՝ արժանապատիվ ապրելու համար: Այս դիրքորոշումը պայմանավորված է նաեւ այն իրողությամբ, որ հաղթանակ է տարվել ագրեսորի նկատմամբ: Կնքվել է զինադադար, եւ բանակցությունները կարելի է վարել միայն կողմերի միջեւ պայմանագիր կնքելու նպատակով, դրա համար հիմք ընդունելով ստեղծված իրողությունը:
Այս իրադրությունում հայկական կողմին անտրամաբանորեն ներգրավում են, այսպես կոչված, Մինսկյան գործընթացի վիճելի բանակցություններում, որտեղ նրանցից սպասում են նոր զիջումներ ագրեսորին բավարարելու համար: Այն դեպքում, երբ հայերը արդեն գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով Նախիջեւանը վերադարձնելու համար, երբ հայերը դրա համար ամեն հիմք ունեն, ի տարբերություն Ադրբեջանի հավակնությանը Արցախի նկատմամբ: Երբ հայերը գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով վերադարձնել դեռ գրավված մնացած Արցախի տարածքները: Երբ հայերը գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով դատապարտել հայերի գենոցիդը Ադրբեջանի կողմից եւ հատուցել հասցված վնասը, պահանջ չներկայացնելով հայերի վերադարձը իրենց բնակավայրերը, որտեղ նրանք ապրել են անհիշելի ժամանակներից ի վեր, մինչեւ Կովկասի թաթարների երեւան գալը այդ տարածքներում:
Ավելին: Հայկական իշխանությունները պատրաստ են բարիդրացիական հարաբերություններ հաստատել այժմյան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, երբ նրանք իրավունք ունեն պայման ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, Սեւրի դաշնագրով հայերին հասանելիք իրենց հարազատ տարածքների վերադարձը: Սրանից հետո հայերից այլեւս ի՞նչ զիջումներ կարելի է ակնկալել:
Այս ամենի մասին տարբեր կարծիք ունենալը, առավել եւս անտարբեր լինելը՝ իսկապես վտանգավոր է:
Այս վտանգավոր վիճակը հիմնականում այսօրվա Կրեմլի անհետեւողական, երկիմաստ, պարտվողական քաղաքականության հետեւանքն է: Կրեմլի, որի նկատմամբ, անկախ նրա էությունից, սպիտակ, կարմիր, թե այլ, հայերը ունեն կույր հավատք: Եթե նա նույնիսկ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ նա ոչինչ չի անում իր ստրատեգիական դաշնակցին օգնելու՝ շրջափակումից դուրս բերելու համար, ավելին, պատրաստ է զենք վաճառել ագրեսորին, որ անընդհատ սպառնում է նոր պատերազմով Կրեմլի այսպես կոչված ֆորպոստին:
Գորբաչովյան «պերեստրոյկան» իր գլխավոր խնդիրը չկատարեց՝ վերակառուցել, մարդկային դեմքի բերել Խորհրդային միությունը: Առավել եւս նա նպատակ չուներ վերակենդանացնել այլասերված Ռուսական պետականությունը՝ ապահովելով նրա տերիտորիալ ամբողջականությունը՝ հնարավոր մեծ տարածքով: Բայց «պերեստրոյկայի» գլխավոր նպատակներից մեկն էր երկրի հասարակարգի դեմոկրատացումը: Դա անխուսափելիորեն պետք է հանգեցներ երկրի փլուզմանը՝ արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այն փլուզվեց բոլշեւիկյան հակահեղափոխական հեղաշրջման հետեւանքով, երբ ժողովուրդները հեռացան ոչ թե Ռուսաստանից, որոնցից շատերը ազատագրվել էին նրա կողմից, կամ կամովին անցել նրա հովանավորության տակ, այլ անմարդկային, անաստված, ամեն տեսանկյունից անհանդուրժելի եւ անհեռանկար ռեժիմից:
Այն, ինչ բոլշեւիկները հրով եւ սրով վերագրավեցին եւ ստեղծեցին իբրեւ ապազգային, սուտ գաղափարայնացված պետություն՝ ԽՍՀՄ, այն այլեւս ազգային ռուսական պետություն չէր, երբ Ռուսաստան անունն իսկ վերացվեց: Եվ Չարի իշխանության ամբողջականությունը ապահովվում էր միայն բիրտ ուժով, բռնությամբ, հալածանքներով եւ ստով: Ռուսաստանը եղավ առաջին բռնագրավված երկիրը, իսկ ռուսները՝ առաջին բռնադատված ազգը կոմունիստների կողմից: Երրորդ ինտերնացիոնալի ագենտների կողմից, ինչպես մարտնչող Ռուսաստանն էր անվանում կոմունիստ զավթիչներին, նրանց կողմից հրահրված քաղաքացիական պատերազմում:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել