Սկսած գարնանից ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը, հանդիպումներ են ունենում եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակության հետ եւ քննարկում Երեւանի մոտակայքում «Խելացի գյուղ» ծրագրի իրականացման մանրամասներ։ «ԱՐՏՈԿ գրուպի» հետ շփումներին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին էլ խնդրեցինք որոշ մանրամասներ ներկայացնել: Պարզվեց՝ «Խելացի գյուղը» դասական եւ ուղղակի իմաստով գյուղ չէ: «Խելացի գյուղը» Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող բիզնես-պարկ է, որտեղ տեղակայված է խոշորագույն տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների գլխավոր գրասենյակների մեծ մասը: Դրանց համար բիզնես-պարկն առաջարկում է համատեղ օգտագործման ենթակառուցվածքներ եւ ծառայություններ, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմաններ՝ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար: Տեխնոլոգիական ընկերությունների՝ մեկ տեղում գտնվելը նպաստում է նոր հետազոտությունների եւ նախաձեռնությունների իրականացմանը, բարձրացնում է բանական սեփականության ստեղծման հնարավորությունը: «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերությունը հետաքրքրված է իրականացնել նմանատիպ զարգացման նախագիծ նոր վայրում՝ Երեւանում, որը հիմնված կլինի Կահիրեի «Խելացի գյուղ» գաղափարի վրա»,- տեղեկացրեց պարոն Փափազյանը: Առայժմ աշխարհում կա «ԱՐՏՈԿ գրուպի» հիմնադրած միայն մեկ «Խելացի գյուղ»: Նկատի ունենալով ոչ միայն հանրության կարծիքը, այլ նաեւ պաշտոնյաների տեսակետը, թե Երեւանը ու ՀՀ մարզերը զարգացածության մակարդակով շատ են տարբերվում, Բեկոր Փափազյանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ հենց Երեւանի մատույցներում, ինչո՞ւ չի կարելի ծրագիրը իրականացնել Երեւանից հեռու որեւէ մարզում. «ՀՀ կառավարության կողմից «ԱՐՏՈԿ գրուպին» ներկայացվել էր առաջարկ՝ իրականացնելու «Խելացի գյուղ» նախագիծը Երեւանից դուրս: Հնարավոր վայրերից մեկը Գյումրիի տեխնոպարկն է, որը ներկայումս գտնվում է նախագծային փուլում: Որպես հիմնական ներդրող, «ԱՐՏՈԿ գրուպը» տարբեր վայրեր է դիտարկում, իսկ բանակցություններն այդ հարցի շուրջ դեռեւս սկզբնական փուլում են»,- ասաց պարոն Փափազյանը: Նա, սակայն, չասաց, թե որքան եւ ինչ տեսք կունենա ՀՀ կառավարության ներդրումը, որքան կլինի եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպի» ներդրումը. «Ծրագրի ծավալը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների եւ զարգացման համար ներդրումների չափերը որոշելու նպատակով «ԱՐՏՈԿ գրուպն» առաջարկել է կատարել մանրամասն իրագործելիության ուսումնասիրություն: Այն կնախաձեռնվի ծրագրի իրականացման վայրի ընտրության հիման վրա»: