Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեսակն ընդունելի չէ»

Օգոստոս 18,2010 00:00

Գիտնական դառնալու ունակ, սակայն հողագործությունն ընտրած երիտասարդի խոստովանությունը

Կարտոֆիլի պարկի ծանրության տակ կքած երիտասարդին չնկատել հնարավոր չէր: Աշխատանքային հագուստն ու դաշտում՝ արեւից այրված դեմքը անկարող էին սքողել նրա ազնիվ դիմագծերը: Իսկ երբ բեռը թոթափեց ու կարտոֆիլով լեցուն պարկերի մոտ ձգվեց, աչք շոյեց նաեւ երիտասարդի բարձր հասակն ու սպորտային կազմվածքը:
Հետաքրքրվեցի: Ասաց՝ անունն Արմեն է, 25 տարեկան: Կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, ընդունվել ասպիրանտուրա, մեկ տարի սովորելուց հետո հրաժարվել է ուսումը շարունակել եւ իր ընտրությամբ կապվել է հողին:
Նրա տարօրինակ ընտրության եւ ընդհանրապես՝ երիտասարդ մասնագետների աշխատանքային խնդիրների մասին զրուցելու առաջարկս միանգամից մերժեց: Ամեն ինչ անում էր մեջը կուտակված բողոքն ու վիրավորանքը կոծկելու համար, բայց անկեղծության պոռթկումները «գաղտնազերծեցին» նրա պահվածքի պատճառները:
Գիտնական ու թուղթուգրիչով աշխատելու ակնհայտ ունակություններով երիտասարդին հողագործության մեջ տեսնելը փոքր-ինչ անսովոր էր: Երբ այդ մասին բարձրաձայն ասացի՝ քթի տակ ծիծաղեց. «Եթե դուք եք զարմանում, բա կուրսեցիներս ու դասախոսնե՞րս ոնց կզարմանան: Չէի ուզի, որ այս մասին իմանային. ինձ ճիշտ չեն հասկանա: Ես նրանց եւ նման եմ, եւ տարբեր: Իմ ներուժին ծանոթ լինելով՝ ուղղակի կծաղրեն ընտրությունս: Բայց չկարծեք, թե հողագործությունն ընտրել եմ, որովհետեւ խելքս գնում է հողի մեջ աշխատելու համար: Պարզապես, սա ամենաանմեղ տեղն է, որտեղ քեզ չեն նվաստացնում, արժանապատվությունդ չեն խոցում: Այստեղ ստիպված չես բարձր աշխատավարձ ստանալու համար որեւէ մեկին քծնել, հաճոյանալ, որեւէ մեկի մանր-մունր ցանկությունների գերին դառնալ: Այստեղ ինքդ քո հետ ես: Եվ տեր ես, եւ ծառա: Երկու հեկտար կարտոֆիլ եմ դրել, լավ էլ բերք եմ ստացել: Ես աճեցնողն եմ, ստեղծողը: Թե ինչ գին կդնի վաճառողը, դա արդեն շուկան կթելադրի: Շուկայական հարաբերությունների մեջ էլ չեմ մտնում, որովհետեւ մեզանում այդպիսի հարաբերություններ ուղղակի գոյություն չունեն: Այն, ինչ արվում է՝ «բազար» է: Իսկ իմ տեսակը, իմ դաստիարակությունն ստացած մարդը «բազարային» հարաբերություններում անելիք չունի»:
Արմենի ծնողներն ու նրանց նախնիները մտավորականներ են: Ինքն էլ ընտանեկան այդ «դարբնոցում» է կերտվել: Իր համար ընդօրինակելի են ծնողների անցած դպրոցը, որտեղ սովորել են ոչ միայն գրքերով, այլ նաեւ Համո Սահյանի, Շիրազի, Սեւակի, Մինասի, Երվանդ Քոչարի հետ շփումների միջոցով: Բայց այս օրինակները անհամատեղելի են այն իրականության հետ, որում ապրում է երիտասարդը: «Հավատո՞ւմ եք՝ ես իմ դաստիարակության ձեռքը կրակն եմ ընկել: Չեմ կարողանում ապրել այնպես, ինչպես իմ ընկերներից շատերը: Չեմ կարողանում «լավ տղա» խաղալ՝ ոչ այն պատճառով, որ վատ դերասան եմ, այլ որովհետեւ այդ կերպարն ինձ համար ընդունելի չէ: Պապայի փողերով առած փափուկ պաշտոնն ու թանկարժեք մեքենա վարելը ինքնահաստատման գրավականներ չեն: Իսկ ես չեմ ուզում հասարակական դիրք ձեռք բերելու համար ծնողներիս գրպանը մտնել: Սեփական ինտելեկտով գնահատվելու ժամանակներն էլ արդեն մոդայից դուրս են: Շատ վիրավորական է, երբ գործատուն «ռեզյումեիդ» ծանոթանալուց հետո էլ հետաքրքրվում է սոցիալական վիճակովդ ու ծնողներիդ դիրքով: Անձամբ ես շատերին գիտեմ, որ ցերեկները կարեւոր պաշտոններ են վարում, իսկ գիշերները ակումբներից դուրս չեն գալիս: Նրանց մասին ասում են՝ «լավ տղա» են: Ցավալին էլ հենց այն է, որ իրենք ճիշտ են: Ի վերջո, հասարակությունն ինքը կերտեց լավ տղայի այդ կերպարը եւ հենց նույն հասարակությունն էլ մերժեց իմ նմաններին: Այսօրվա երիտասարդի կերպարը մեզ հպարտանալու առիթ չի տալիս, իսկ, թե ինչպիսի՞ն կլինի վաղվա երիտասարդը՝ վախենում եմ նույնիսկ մտածել»,- ասաց Արմենը:
Թե ուսումնառության տարիներին, թե դրանից հետո Արմենը հաճախ է եղել արտասահմանում: Եվրոպական մի երկրից աշխատանքի առաջարկ ստացել է, բայց ինչ-ինչ հանգամանքներ նրան ետ են պահել օտար երկրում աշխատելուց. «Եթե գնայի, անպայման հետ էի գալու. չեք պատկերացնի՝ ինչքան եմ սիրում Հայաստանը, ոնց եմ կարոտում, երբ գնում եմ: Միայն ափսոսում եմ, որ կամաց-կամաց, առանց խղճի խայթ զգալու կարեւոր արժեքներ ենք կորցնում: Նոր ժամանակները արժեքային նոր համակարգ ստեղծեցին եւ հարկադրաբար փոխեց մարդու տեսակը: Բայց էս տեսակը մերը չի, սա վտանգավոր է թե մեր երկրի, թե մեր երիտասարդ պետության եւ թե հայոց պետականության համար»:
Յուրայինների մեջ օտար զգալով հանդերձ, Արմենը, սակայն, չի խզում կապերն իր սերնդակիցների հետ: Նրանց հետ ամենօրյա ու նաեւ վիրտուալ շփումները թույլ են տալիս զգալ քաղաքային կյանքի զարկերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել