Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

Օգոստոս 18,2010 00:00

«Հայջրմուղկոյուղի» տեղեկատվական թերթիկը եւ իրականությունը իրարից շատ տարբեր են

\"\"
Դեղձավանցի Շալիկո Թորոսյանը:

\"\"
Տավուշի մարզի Դեղձավանը:

Շուրջ 300 բնակիչ ունեցող, Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Դեղձավան գյուղը խմելու ջրի մեծ հիմնահարց ունի: Անձրեւի ժամանակ առանձնատների ջրհորդաններից թափվող ջուրը չի կորչում, դեղձավանցիներն այն օգտագործում են տնային կարիքների համար: Գյուղացիները գանգատվեցին, որ ջրի, ավելի ճիշտ՝ որակյալ ու մաքուր ջրի բացակայության պատճառով այստեղ առողջ մարդ չի մնացել: 74-ամյա Շալիկո Թորոսյանը խիստ բորբոքված էր. «Մենք ջուր չունենք, ես կարող եմ քեզ իմ տուն տանել, ապացուցել, որ հիմա, այս շոգին 15 օրվա հնության ջուր ենք օգտագործում: Երկու թոշակառու ենք, աղջիկս եւ երկու թոռս, 5 հոգով՝ առանց ջրի»: Շալիկոն ասաց, որ Դեղձավանը նախկինում էլ է ջրի խնդիր ունեցել: Այս ընտրատարածքից ԱԺ պատգամավորը գյուղի ջրի խնդրի հաղթահարման համար ավտոցիստեռն է նվիրել: Հարցնում եմ, թե ավտոցիստեռնի Արամ անունով վարորդը ի՞նչ ժամանակացույցով է գյուղ ջուր բերում: «Երբ քեֆը տալիս է՝ գալիս է: Լինում է՝ երկու օր հետո, մեկ շաբաթից, պատահում է՝ 10-15 օրից է ջուր բերում: Մի ջրաման ջուրը 100 դրամով է վաճառում»,- վկայում է Շալիկոն: Նրան ջրի որակի մասին եմ հարցնում. «Եթե թարմ բերեն՝ նորմալ է, բայց ցիստեռնի մեջ որ մնում է, որակն ընկնում է»:
Հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս գյուղապետարանի հաշվապահ Յուրա Հովհաննիսյանը. «Մարդիկ ջրի պահանջով գյուղապետարան են դիմում, մենք էլ զանգում ենք վարորդին: Լինում է, որ 2-3 օր իրար հետեւից ջուր է բերում, լինում է՝ մի շաբաթից, 10 օրից: 4 տոննանոց ցիստեռնով Բագրատաշենի պոմպերից մղվող ջուր է բերում, ջուրը որ մնում՝ հնանում է»:
«Չեղած տեղից լավ է»,- այսպես է բնութագրում իրավիճակը Յուրան: Դեղձավանցիներից ով հնարավորություն ունի՝ սեփական մեքենայով այլ տեղերից ջուր է բերում: «Գյուղը երկու աղբյուր ունի, սակայն ջուրն աղի է, խմելու չէ: Այժմ ինչ-որ ծրագրով ջրագիծ են կառուցում: Պլաստմասայե խողովակը գցել են ջրամբար, ջուրը գալու է Բերդավանից: Դեռ ջուր չի եկել, ջրամբարն էլ վերանորոգված չէ: Այդ ծրագիրը սեպտեմբերին պետք է ավարտվի»,- տեղեկացնում է Յուրան: Յուրան ցույց տվեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվերով՝ Նոյեմբերյան, Այրում, Հաղթանակ բնակավայրերում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկը: Այնտեղ նշված է, որ Դեղձավանի ջրամատակարարման բարելավման համար նախատեսվում է Բերդավանի խորքային հորերի ջուրը ինքնահոս եղանակով հասցնել Հաղթանակ, այնտեղից էլ նոր կառուցվող 75 մմ տրամաչափի խողովակաշարով՝ Դեղձավան: Ըստ այդ թերթիկի, Դեղձավանում նախատեսվում է յուրաքանչյուրը 250 խմ տարողությամբ 2 ջրամբարների նորոգում, 20-25 մմ տրամագծով, 200 գծամետր ընդհանուր երկարությամբ անհատական տների մուտքագծերի կառուցում, առանձնատների ջրաչափական հանգույցների կառուցում եւ այլն: Յուրա Հովհաննիսյանը հայտնեց, որ գյուղապետարանի ներկայացուցիչները հանդիպել են «Հայջրմուղկոյուղու» պաշտոնյաների հետ: Նրանք տեղեկացրել են, որ ծրագրի գումարները չեն բավականացնում, ուստի գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարները չեն նորոգվելու, ներքին ցանց էլ չի կառուցվելու: Իսկ թե ինչպես է ստացվել, որ նախապես պլանավորված աշխատանքների համար փող չկա, դեղձավանցիներին չեն ասել: Արդեն 17 տարի Դեղձավանը խմելու ջուր չունի եւ հույս էլ չկա, որ առաջիկայում ունենալու է: Մինչդեռ վերոհիշյալ թերթիկում սեւով սպիտակի վրա գրված է. «Այս նախագծում առաջարկվող բարեփոխումներն ուղղված են Դեղձավան գյուղի ջրամատակարարումը 24-ժամյա հասցնելուն»: Իսկական զավեշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել