ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍՏԱՏԵՑ
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ շաբաթ օրը մայրաքաղաքի դիսկո-ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել նախկին նախագահ Ռ. Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի որդիները:
Ոստիկանությունը երեկ պաշտոնապես պատասխանեց, որ միջադեպ չի գրանցվել, իսկ նշյալ անձինք ընդհանրապես չեն տարվել բաժին:
ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ տեղադրվել է մետաղորսիչ սարք: Ընդհանուր իրավասության դատարանները, թե մայրաքաղաքի, թե մարզերի, չունեն մետաղորսիչ համակարգեր: Հավանաբար, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ քրեական վերաքննիչ դատարանից հետո Կենտրոնի դատարանը թերեւս ամենածանրաբեռնվածներից մեկն է, ամենամարդաշատը:
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի 39-ամյա բնակչուհի Հասմիկ Միքայելյանը;
Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը ծանր է:
ՋՐԱՄԲԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ
Արարատի մարզի Լանջազատ գյուղի ջրամբարից դուրս են բերել Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ՝ 46-ամյա Պավլիկ Ուռշանովի դին ու հանձնել իրավապահ մարմիններին:
ԳԱՎԱՌ-ՍԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են Գավառ-Երեւան երթուղու «Գազել» մակնիշի 3208 Լ եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ԼՕ 786 պետհամարանիշների ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» ավտոմեքենայից մարմնական վնասվածքներով դուրս է բերվել վարորդը՝ Հայրավանք գյուղի բնակիչ Պարգեւ Հակոբյանը, որը տեղափոխվել է Գավառի հիվանդանոց: Նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ «Գազել» ավտոմեքենայի ուղեւոր Աշոտ Սարգսյանը: