Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՄՈՏ

Օգոստոս 18,2010 00:00

\"\"Ընթերակայի «պաշտոնը» վստահում են այս անգամ կալանավորին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ 10 րոպե ուշ սկսեց  ժ.12-ին նշանակված դատական նիստը: Պատճառը արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ ուղեկցողներն էին, որոնք ուշացումով բերեցին դատարան՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր-մասնագետ, ամբաստանյալ Նվեր Զաքարյանին: Նա կալանավորվել է այս տարվա մարտի 27-ին: Դատարանում նրա պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Վար դան Նիկողոսյանը:
Նշենք, որ երեկ թվով երրորդ դատական նիստն էր: Դատական նիստեր տեղի էին ունեցել հուլիսի 16-ին եւ 26-ին:
Նվեր Զաքարյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Ըստ մեղադրող Մուրադյանի հրապարակած փորձագիտական եզրակացության, 0,675 գրամ մարիխուանայի մասին է խոսքը:
Այս գործով ընթերակա է ճանաչվել վարչակազմից ըստ էության կախման մեջ գտնվող երկու դատապարտյալ:
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակիցները կարողացել էին ապահովել մեկի ներկայությունը, իսկ մյուսինը, որը բաց տիպի ռեժիմի կալանավոր է, այսինքն՝ քնում է միայն ՔԿՀ-ում, իսկ առավոտյան դուրս գալով այնտեղից, աշխատում է, անվտանգության աշխատակիցները չէին ապահովել, նաեւ տեղյակ չէին, թե ուր է նա:
Դատավորը ռեպլիկի կարգով նկատեց, որ մտածումների տեղիք կարող է տալ այն հանգամանքը, որ կալանավորը չի կատարում ՔԿՀ-ի պետի հանձնարարությունը, դատական նիստի չի ներկայանում:
Ոստան գյուղից մայրաքաղաքի Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում հայտնված տարեց կալանավորը ասաց, որ խուզարկություն է եղել Նվեր Զաքարյանի ավտոմեքենայում, ինչին ինքը մասնակցել է: Այնտեղ ոչինչ չի գտնվել: Հետո տեղի անվտանգության աշխատակիցների հետ բարձրացել են պետի աշխատասենյակ, ուր «Զաքարյանը հանեց փայլաթղթով մի փոքր բան, դրեց սեղանին: Ասաց՝ «պոչկեքս» ցավում են, իմ համար է դա»:
Ըստ դատապարտյալ-ընթերակայի, հայտնաբերվածը կշռել են, ծրարել ու կնքել: Այն հարցին, թե ձայնագրություն, տեսագրություն կատարվո՞ւմ էր, վկան ասաց, որ նման բան չի տեսել:
Ճշտվեց, որ պետի աշխատասենյակում են եղել տեղակալը՝ Տիգրան Ալեքսանյանը, «օպեր Վարդանը»:
Դատապարտյալը նախագահողի հարցին, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում «ֆոլգայի խոտը», պատասխանեց, որ այն նման էր կանեփի:
Ի դեպ, առանձին խոսակցության նյութ դարձավ մեղադրական եզրակացության այս հատվածը. «Զաքարյանը իրականացրել է իշխանության ներկայացուցչի գործառույթներ»: Նախագահողն ուզում էր հասկանալ, թե ո՞ր իրավական նորմով են երեւում իշխանության ներկայացուցչի գործառույթները, որո՞նք էին ՔԿՀ կրտսեր-աշխատակցի պարտականությունները: Այդ կապակցությամբ նախաձեռնություն էր ցուցաբերել եւ ստացել էր քրեակատարողական ծառայության մասին օրենքը, կանոնակարգը:
Մեղադրող Մուրադյանն ասաց, որ Զաքարյանն ըստ էության ունեցել է «կազմակերպչական-կառավարչական ֆունկցիաներ»: Իսկ նորմատիվ ակտ չկա, քանի որ այն լրամշակման փուլում է:
Ի դեպ, խուզարկության ողջ ընթացքը տեսագրվել է: Պաշտպանական կողմը դեռ նախորդ նիստի ժամանակ միջնորդել էր, որ դատարան բերվի պետի աշխատասենյակում կատարված տեսագրությունը:
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի ստորագրությամբ դատարան էր ուղարկվել մի պաշտոնական տեղեկանք: «Թմրամիջոց հայտնաբերելու նպատակով իրականացված խուզարկությունը կատարվել է …կամերայի միջոցով: Տեսաձայնագրման ձայներիզը չի պահպանվել». հրապարակեց նախագահող Գ. Ավետիսյանը: Սակայն ամբաստանյալի պաշտպան Վ. Նիկողոսյանը ասաց, որ քանի որ ձայնագրվում եւ տեսագրվում են հիմնարկի ողջ օրվա խոսակցությունները, իրենք պահանջել էին մարտի 27-ին ժ.9.30-11-ը պետի աշխատասենյակում կատարվածի մասին ձայնագրությունները կամ լազերային կրիչները:
Դատապարտյալների հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը խոստացավ 20 րոպեից բերել պահանջվածը՝ «կորած» կալանավոր-վկայի հետ: Դատական նիստն ավարտվեց. ոչ կալանավորը բերվեց, ոչ ՔԿՀ-ի պաշտոնական հերթական գրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել