Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԻՑ ԿՏՐԵԼ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԴՎԵԴԵՎԻ

Օգոստոս 18,2010 00:00

Մայրաքաղաքի 10 ընտանիք պետք է մի կերպ գոյատեւի՝ մինչեւ ՌԴ նախագահը Հայաստանից կգնա

\"\"
Շիրազի փողոցը պատրաստ է դիմավորելու Մեդվեդեւին:
Երբ ՌԴ նախագահը գնա, այստեղ գործող շուկան նորից կլցվի առեւտրականներով: Այս հատվածում նույնիսկ մայրուղու ծառերի բներն են ներկել, ինչը սովորաբար անում են գարնանը:

\"\"
Շիրազի փողոցում մայթերին անգամ ծաղիկ չէին վաճառում:

Լուսանկարում Երեւանի Աջափնյակ համայնքի Շիրազի փողոցն է: Ամսի 15-ից սկսած՝ թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները մեծ կռիվների գնով այդ տարածքից ապամոնտաժել են շուրջ 10 առեւտրականների կրպակներ, ինչ է թե Շիրազի փողոցով՝ Աշտարակի ճանապարհով, նախատեսված է, որ պետք է անցնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունը: Չնայած Մեդվեդեւի պաշտոնական այցը Հայաստան նախատեսված է այսօր՝ օգոստոսի 18-ին, բայց մեր իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է, ինչ պատրաստվում են այդ այցին: Հաշվի առնելով, թե հատկապես այս վերջին օրերին մայրաքաղաքում ինչ փոփոխություններ են եղել, արդեն պարզ է, որ Մեդվեդեւի մոտ մերոնք այս օրերին իսկական թատրոն են խաղալու եւ ցույց են տալու «եվրոպական չափանիշներով» թաղամասեր, փողոցային առեւտուր չտեսած փողոցներ, մաքուր քաղաք ու օրինավոր երկիր: Սակայն հարցն այն է, թե մեր պատկան մարմիններն ինչ ճանապարհով ու ինչ միջոցներով են ուզում քաղաքը գոնե մի քանի օրով կարգի բերել:
Կոնկրետ Շիրազի փողոցում օրվա հացը վաստակող առեւտրականներին Աջափնյակի թաղապետարանի առեւտրի բաժնից «քշել» են ու ստիպել, որ 1 շաբաթով՝ մինչեւ օգոստոսի 22-ը դադարեցնեն իրենց գործունեությունը՝ ասելով, թե Մեդվեդեւը պետք է մեր երկրում տեսնի միայն մաքրությունից փայլող, խաղաղ փողոցներ, ոչ թե փողոցային շուկա ու անկապ կրպակներ:
Նշենք, որ այդ առեւտրականները պարզապես փողոցային վաճառականներ չեն, նրանք գործում են հարկային դաշտում, աշխատում են հաշվիչ-դրամարկղային մեքենաներով եւ իրենց վաճառած մի քանի կիլոգրամ կարտոֆիլից, սմբուկից, լոլիկից կամ մի քանի տուփ ծխախոտից ամեն օր հարկ են վճարում մեր պետությանը: Չնայած դրան, ինչ է թե ՌԴ նախագահը «քրջոտ» չտեսնի Շիրազի փողոցը, թաղապետարանը մեծ ջանքերով ու առեւտրականների հետ կռիվ տալով՝ շուրջ 10 ընտանիքի կտրել է օրվա հացից, այն դեպքում, երբ այդ մարդիկ օրվա 500-1000 դրամի հույսին են: Այդ առեւտրականներն ընտանիք են պահում, երեխաներ ունեն, որոնք ուտել են ուզում: Փաստորեն, իրենցից հաց ուզող մանուկներին ծնողները պետք է բացատրեն, որ մի քիչ համբերեն, մինչեւ Մեդվեդեւը Հայաստանից կգնա: Վատն այն է, որ հատկապես հիմա դպրոցական սեզոն է, մարդիկ իրենց պատեպատ են տալիս, չեն ուզում այս շոգ օրերին քաղաքից բացակայել, որպեսզի երկու կոպեկ ավելի աշխատեն եւ երեխաներին դպրոցական նոր հագուստով, անհրաժեշտ պիտույքներով դպրոց ճանապարհեն: Բայց որքան էլ վաճառականները թաղապետարանին հորդորում են, որ թույլ տան իրենց սուսուփուս աշխատել՝ ոչ մեկի պետքը չէ, իրենց վերեւներից հրահանգել են՝ յուրաքանչյուրն իր թաղամասը «մաքրի» ու վերջ: Առեւտրականների խոսքերով, իրենք կհասկանային համայնքի իշխանությունների պահանջը, եթե այդ օրերի դիմաց իրենց ժամանակավոր առանց վճարի առեւտրի տեղ հատկացնեին այլ շուկաներում, որպեսզի հնարավորինս կորուստներ չկրեին:
Շիրազի փողոցի այդ հատվածում էլ, ինչպես մնացած համայնքներում, թաղապետարանը ձեւականորեն ներկել է ծառերի բները, որը սովորաբար գարնանն են անում՝ ցույց տալու համար, թե հոգ են տանում կանաչ տարածքների մասին, խնամում են ծառերը եւ բարեկարգում երկիրը:
Թե իրականում ինչ է կատարվում Երեւանում՝ կերեւա մի քանի օրից, երբ ՌԴ պատվիրակությունը Հայաստանից մեկնի, ու մեր իշխանությունները վերջապես խորը շունչ քաշեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել