Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010 թվականի հունվարից մինչեւ օգոստոսի 10-ը տարբեր բնույթի 400 բողոք է ստացել, որոնցից 231-ը ենթակա է ֆինանսական հաշտարարի ուսումնասիրմանը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա տվյալներով, 400 բողոքներից 273-ը վերաբերում են բանկերին, 48-ը՝ վարկային ընկերություններին, 43-ը՝ ապահովագրական ընկերություններին, 32-ը՝ գրավատներին եւ մեկական բողոք՝ ներդրումային ընկերության, փոխանակման կետի եւ դեպոզիտարիումի դեմ: Հիշեցնենք, որ ֆինանսական հաշտարարի ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ նրա աշխատանքի դիմաց վճարում են ֆինանսական կազմակերպությունները: Հաշտարարի ինստիտուտի օգտին բանկերի կողմից պարտադիր վճարումների չափը կազմում է նախորդ տարվա ակտիվների 0,01 տոկոսը, վարկային կազմակերպությունների համար այդ թիվը կազմում է 0,07 տոկոս, ապահովագրական ընկերությունների համար՝ հավաքված ապահովագների 0,15 տոկոսը: