«Արմինֆո» գործակալությունից տեղեկանում ենք, որ «Էլ-Ալ» (Իսրայել), Utair (Ռուսաստան), «Աերոսվիտ» (Ուկրաինա) եւ Armavia (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու մտադրությունների վերաբերյալ, որը կստանա WE (Western- Eastern) անվանումը: «Եդիոտ Ախրոնոտ» թերթի «Մամոն» տնտեսական հավելվածի համաձայն, 90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են ստորագրել լայնաֆորմատ համաձայնագիր: Արդեն բանակցություններ են տարվում այլ ավիափոխադրողների հետ, մասնավորապես ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ տարվա ընթացքում նոր միության անդամների թիվը մինչեւ 20-ի հասցնելու նպատակով: WE-ն ավիափոխադրողների թվով չորրորդ միջազգային միությունը կդառնա (արդեն գոյություն ունեն՝ Star Alliance, SkyTeam, OneWorld): Դա այլընտրանքային միավորում է ընկերությունների համար, որոնք քաղաքական պատճառներով կամ ավելի խոշոր «դաշնակիցների» կողմից կլանված լինելու մտավախությունից ելնելով՝ այլ միությունների մեջ չեն ընդգրկվել: WE-ի ստեղծման նախաձեռնողը «Էլ-Ալ»-ն է:
Սակայն երեկոյան tert.am-ը տեղեկացրեց, որ ուկրաինական «Աերոսվիտ» ընկերությունն արդեն հերքել է նման միության ստեղծումը: «Արմավիայից» լուրի հաստատումը կամ հերքումը երեկ այդպես էլ չստացանք: