«Նաիրիտ» գործարանի վերակառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է $210 մլն: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է «Նաիրիտ» ՓԲԸ վերակառուցման եւ արդիականացման՝ լեհական PBG ընկերության կողմից կազմված նախագծի ղեկավար Եժի Կովալսկին: Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլին PBG-ն եւ կաուչուկի հայաստանյան արտադրող «Նաիրիտ» ՓԲԸ-ն համանուն պայմանագիր են ստորագրել:
«Իհարկե, առեւտրային բանկերն առայժմ այդ ծրագրի վարկավորումը չեն իրականացրել, սակայն մենք շարունակում ենք գործարանի արդիականացման օպտիմալ մեխանիզմների շուրջ բանակցություններ վարել «Նաիրիտի» հետ»,- ասել է Ե. Կովալսկին:
Լեհական ընկերության նախագիծը նախատեսում է «Նաիրիտի» արտադրողականության բարձրացում՝ տարեկան մինչեւ 33-34 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ, ներկայիս մի քանի հազարի փոխարեն: Ըստ նախագծի, 25 հազար տոննա կազմում է բուտադիենից, 9 հազարը՝ ացետիլենից արտադրությունը: «Ացետիլեն, իր հերթին, նախատեսվում է ստանալ ոչ թե մեթանից, այլ կալցիումի կարբիդից, ինչը Հայաստանի համար տեղական հումք է: Դա նշանակում է, որ գործարանը կնվազեցնի իր կախվածությունը ներկրումից: Առավել եւս, որ բուտադիենը, ինչը կապված է նավթաքիմիական արդյունաբերության հետ, նույնպես հարկավոր է ներմուծել»,- նշել է Ե. Կովալսկին: