Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է, ՈՐԱԿՆ ԷԼ՝ ԲԱՐՁՐ

Օգոստոս 18,2010 00:00

 Չնայած մի քանի հազար հեկտար հիվանդ այգիներ կան

Հայերի նախասիրությունները ոգելից խմիչքների հարցում վերջին տարիներին փոփոխություն են կրել: «Նախասիրությունները կամաց-կամաց տեղափոխվում են գինու-կոնյակի դաշտ, սկսել ենք քիչ նախապատվություն տալ օղուն, լիկյորին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 8,8%-ով պակասել է օղու, լիկյորի արտադրությունը:
Պարոն Հարությունյանի տեղեկացմամբ, նախորդ 6 ամիսներին արտադրվել է մոտ 4 միլիոն լիտր օղի եւ նույնքան էլ լիկյոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 5,5 միլիոն լիտրի փոխարեն, բայց աճել է կոնյակի ու գինու արտադրությունը: Նախորդ տարվա 3,6 միլիոն լիտր կոնյակի փոխարեն այս տարի արտադրվել է ավելի քան 5 միլիոն լիտր, 1 միլիոնով էլ աճել է գինու արտադրությունը՝ 2,5 միլիոն լիտր:
Վերջին երկու տարվա համեմատությամբ աճ է արձանագրվել նաեւ շամպայնի ու գարեջրի արտադրության մեջ՝ նախորդ տարվա 70 հազար լիտր շամպայնի արտադրությունն այս տարի հասել է 99 հազարի, մոտ 4,5 միլիոն լիտր գարեջրի փոխարեն էլ 7 միլիոն լիտր է արտադրվել: Նրա խոսքով, վերջին շրջանում մեծ թափով զարգանում է գինու ու կոնյակի արտահանումը, միայն այս տարի այն ավելացել է 45-50%-ով: «Տարին խաղողագործների համար բարեբեր է: Խաղողի բերքը այս տարի որակյալ է, նախորդ տարվա համեմատությամբ էլ՝ 30%-ով ավելի, չնայած մթերման պայմանագրեր կնքվել են 25%-ով պակաս, քան նախորդ տարի»,- ասաց Գինեգործների միության նախագահը: Թե այս տարի ինչ գներով կմթերեն գյուղացու խաղողը, պարոն Հարությունյանը համոզված է՝ այս տարի էլ գները կթելադրի Երեւանի կոնյակի գործարանը. «Թեեւ տնօրինությունը հերքում է, որ իրենք են շուկայում գին թելադրողը: Կարծում եմ, այս տարի խաղողի 30%-ը կմթերվի 90-110 դրամով. մի մասն էլ՝ 110-130 դրամով: Ոչ մի կիլոգրամ խաղող դաշտում չի մնա, խնդիրն այն է, թե երբ կվճարեն գյուղացուն գումարը, որովհետեւ նախորդ տարվա խաղողի դիմաց ձեռնարկությունները գյուղացուն դեռ 200 միլիոն դրամ պարտք են մնացել»:
Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ գործարանը այս տարի կմթերի 29000 տոննա խաղող՝ նախորդ տարվա մոտ 32 հազար տոննայի փոխարեն: Մթերվելիք խաղողի յուրաքանչյուր կգ-ի գինն էլ անցյալ տարվա գնից ոչ մի կոպեկ պակաս չի լինելու: Նախորդ տարի 1 կգ-ին Արարատի եւ Արմավիրի մարզերում վճարել են 130, իսկ Տավուշում՝ 120 դրամ: Հասարակայնության հետ կապերի բաժնից նաեւ տեղեկացրին, որ այս պահին կազմվում են մթերման աշխատանքների նախնական ժամանակացույցերը: Սեպտեմբերի սկզբին էլ գյուղապետարաններում եւ այգիներում կփակցվեն խաղողի մթերման վերջնական ժամանակացույցերը: Երեւանի կոնյակի գործարանն արդեն ավարտել է ընկերության հետ համագործակցող խաղողագործների հետ պայմանագրերի կնքման աշխատանքները եւ յուրաքանչյուր խաղողագործ հստակ գիտի իր կողմից մատակարարվելիք խաղողի ծավալը:
 Գինեգործների միության ղեկավարն էլ երեկ կայացած ասուլիսում հորդորեց գյուղացուն՝ լավ մշակել խաղողն ու ամենեւին չմտածել, թե գինեգործները միայն լավորակ խաղող են փնտրում. «Եթե ուզում են, որ իրենց խաղողը մթերվի, պետք է լավ մշակեն: Գինեգործները երազում են, որ իրենց մոտ գա բարձրորակ խաղող՝ բարձր շաքարայնությամբ, բայց նկատի ունեցեք, որ Հայաստանում միայն 1000 հա խաղողի այգիներից է ստացվում բարձրորակ գինու արտադրության համար պիտանի խաղող»: Ըստ նրա, ճգնաժամի պատճառով «շուկան մաքրվեց անորակ գինի- կոնյակից, անորակ արտադրանքի պահանջարկն էլ պակասեց: Բացի այդ, շուկան դիվերսիֆիկացվեց ու նոր խաղացողներ հայտնվեցին»: Չնայած սրան, ըստ Ա. Հարությունյանի, կոնյակագործության ճյուղը դեռ ճգնաժամից դուրս չի եկել եւ հավանական է, որ միայն տարեվերջին դրական տեղաշարժ արձանագրվի՝ կոնյակագործության մակարդակը կհավասարվի 2007-2008թթ. մակարդակին: Ա. Հարությունյանը չշրջանցեց Արարարտյան դաշտավայրի խաղողի այգիներում արագ զարգացող ֆիլոքսեռա հիվանդությունը. «Այս հիվանդությունը 3-4 տարվա ընթացքում ոչնչացնում է խաղողի այգին: Դրա դեմ պայքարելու հնար չկա, միակ միջոցը այգին ոչնչացնելն է»,- ասաց նա: Հետո էլ հավելեց, որ ֆիլոքսեռան մեր երկիր հասել է դեռեւս 1920-ականներին՝ կլանելով հանրապետության հյուսիս-արեւելքի այգիները եւ Արցախն ամբողջությամբ. «Վտանգը միշտ եղել է, բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ոչինչ չի արվում հիվանդության դեմն առնելու ուղղությամբ»: Նրա խոսքով, Արարատյան դաշտավայրում ներկայումս 16,5 հազար հա խաղողի այգիներից 2 հազար հա խաղողի այգիները ֆիլոքսեռայով են վարակված, ու դեռ մեծ թափով էլ զարգանում են. վերջերս էլ հիվանդությունը հայտնաբերվել է Էջմիածնի մի քանի այգիներում:
Պարոն Հարությունյանի հաշվարկներով, խաղողի այգիները քանդելու եւ նորը տնկելու համար գյուղացիներից կպահանջվի $270-290 միլիոն: Հիվանդության տարածման դեպքում 5 տարվա ընթացքում գինեգործների կրած վնասը կհասնի մոտ $140 միլիոնի, նույնքան էլ գյուղացիները կտուժեն: Վնասի մեծ չափաբաժինը կհասնի կոնյակագործներին՝ մոտ $170 միլիոնով կտուժեն. «Պետությանը հասցված վնասի ընդհանուր չափը, մեղմ նկարագրած, $700 միլիոն է կազմելու: Խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի հակաֆիլոքսեռային ֆոնդ ստեղծելը, որն առնվազն $200 միլիոն կապիտալ պետք է ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել