Շվեդիայում ապրող թուրքերը լրջորեն անհանգստացած են, որ այդ երկրում սեպտեմբերի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կարող են հաղթանակ տանել ընդդիմադիր ձախ կուսակցությունները, որոնց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծն այս տարի ընդունվեց Շվեդիայի խորհրդարանում: News.am-ի մատուցմամբ, հիմա Շվեդիայում թուրքերն ակտիվ քարոզչություն են իրականացնում՝ խորհուրդ տալով ընտրողներին առաջիկա ընտրություններում ձայն չտալ ընդդիմադիրներին: Թուրքական Haberx-ի փոխանցմամբ, նրանք դիմում են իրենց հայրենակիցներին՝ հորդորելով խորհրդարանական ընտրություններում ձայն չտալ ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական», «Ձախ», «Կանաչների եւ շրջակա միջավայրի» կուսակցություններին: Ի դեպ, շվեդական «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով վերջերս նշանակված համազեկուցող Գորան Լինբլադը:
Հիշյալ կուսակցությունները հայտարարել են, թե իշխանության գալու դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխելու են ՄԱԿ-ի օրակարգ, նաեւ Հայոց ցեղասպանությունը ներառելու են Շվեդիայի դպրոցական պատմության դասագրքերում: Հիշեցնենք, որ հիշյալ 3 կուսակցությունների ջանքերով Շվեդիայի խորհրդարանը 2010-ի մարտի 11-ին 131 կողմ եւ 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Ընդունված բանաձեւում հիշատակվում են նաեւ Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունները: