«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չհաջողված գործընթացի արդյունքում խզում տեղի ունեցավ ինչպես Հայաստան- Սփյուռք, այնպես էլ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Սակայն այդ խզումները վերականգնելի են»,- կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
– Պարոն Դեմոյան, շուտով կլրանա հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակման մեկ տարին: Քաղաքական կուսակցությունների հետ արձանագրությունների քննարկման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անկախ ելքից, մենք այս գործընթացից դուրս կգանք ավելի ուժեղացած: Ձեր գնահատմամբ, Հայաստանը որքանո՞վ ուժեղացավ տապալված այս գործընթացից:
– Նախ՝ արձանագրենք, որ գործընթացը տապալվեց միմիայն Թուրքիայի մեղքով: Ինչ վերաբերում է ուժեղանալուն, ապա ես այստեղ կփորձեի համարժեք մեկ այլ բառ օգտագործել՝ ավելի փորձառու դարձանք: Ի վերջո, սա քննություն էր, եւ եթե այդ ողջ գործընթացը գնահատենք որպես քննություն, ապա պետք է գնահատական տանք հայկական դիվանագիտության աշխատանքին: Սակայն մինչ այդ, ես ուզում եմ նշել հետեւյալը. շատ կարեւոր էր այն փաստը, որ հայ հանրույթի ներսում տեղի ունեցավ լուրջ քննարկում որոշակի հարցի շուրջ: Հնչեցին մտահոգություն- մեղադրանքներ, որոնք հիմնականում երկուսն էին. առաջինը դա ԼՂՀ հարցը որպես նախապայման դիտարկելու հետ էր կապված: Ինչպես տեսանք, դա այդպես չէր: Երկրորդ մտահոգությունը կապված էր Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խափանման հետ: Եվ կրկին, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսանք, որ այդ մտահոգությունները, որոնք անհիմն չէին, այդուհանդերձ չիրականացան: Թե ԱՄՆ-ի կոնգրեսի հանձնաժողովում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը, թե Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշումը, թե Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հայ-թուրքական արձանագրությունների պատճառով լուրջ բացասական հետեւանքներ չունեցավ: Ինչ վերաբերում է հայ դիվանագիտության աշխատանքին, ապա ես կարծում եմ, որ կատարվեց լավ աշխատանք, անշուշտ՝ որոշակի վերապահումներով: Մենք առաջին անգամ իրականացրեցինք կոմբինացիոն քայլեր, որոնք անակնկալ էին թուրքական կողմի համար: Այդպիսի քայլերից էր, օրինակ, ՍԴ որոշումը: Ամեն դեպքում, մենք գործընթացից դասեր քաղեցինք եւ ավելի փորձառու դարձանք:
– Պարոն Դեմոյան, որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից Հայաստանի ստացած ամենամեծ շահն այն էր, որ սեպ խրվեց Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, Թուրքիան էլ ավելի է սերտացնում իր հարաբերությունները կրտսեր եղբոր հետ: Դրա վառ օրինակն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ օրերս ստորագրված ռազմավարական համագործակցութայան մասին պայմանագիրը:
– Առայժմ այդ պայմանագիրը հրապարակված չէ եւ հայտնի չէ, արդյոք այն ենթադրում է ԼՂՀ դեմ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանին ուղղակի զինվորական եւ ռազմական աջակցության ցուցաբերում: Եթե նման բան արձանագրված չէ պայմանագրի բուն տեքստում, ապա այդպիսի կետ կարող է լինել պայմանագրին կից որեւէ գաղտնի արձանագրությունում: Ես չեմ ցանկանում ենթադրություններ անել, բայց այս դեպքում Թուրքիան պետք հաշվի առնի մի կարեւոր իրողություն. այն է՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Սա նշանակում է, որ Թուրքիան Ադրբեջանին կարող է ռազմական օգնություն ցուցաբերել միայն օդային ճանապարհով, քանի որ Հայաստանի ցամաքային սահմանների դեմ ցանկացած ոտնձգություն, համաձայն գործող պայմանագրի, բերելու է ՀԱՊԿ-ի միջամտության: Իսկ Թուրքիայի կողմից նման փորձը շատ կտրուկ պատասխան է ստացել դեռեւս 1992թ. մայիսի 22-ին, երբ մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայատարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ցանկացած երրորդ կողմի ներխուժումը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման վտանգով: Ես կարծում եմ, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին այս պայմանագիրը ունի նաեւ հոգեբանական ճնշում գործադրելու եւ հայկական կողմին որոշակի ազդակներ փոխանցելու նպատակ: Եվ այս առումով, կարծում եմ, քանի դեռ տեղի չի ունեցալ ՀԱՊԿ առաջիկա նիստը, անհրաժեշտ է ստորագրվելիք փաստաթղթերում շեշտադրումների հստակեցում կատարել՝ կապված Հայաստանին տրվող անվտանգության երաշխիքների հետ:
– Պարոն Դեմոյան, Ձեր գնահատմամբ, Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը որեւէ ազդեցություն ունեցա՞վ թուրք- ամերիկյան հարաբերությունների վրա:
– Թուրքիան արդեն մի քանի անգամ ի դերեւ է հանել ամերիկյան սպասելիքները՝ նախ իրաքյան պատերազմի ընթացքում իր ցամաքային տարածքով հյուսիսից ներխուժման մերժումը, ապա վրաց-օսական պատերազմի ընթացքում նավերի մուտքի հարցը, դրանից հետո Իրան-Բրազիլիա-Թուրքիա միջուկային վառելիքի հետ կապված պայմանագրի կնքումը եւ, իհարկե, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագծի տապալումը: Ահա այս ամենը լուրջ ազդակ դարձավ ԱՄն-ի համար, հասկանալու, որ եթե նախկինում ամեն ինչ կարող էր որոշվել Վաշինգտոնում եւ պարտադրվել Անկարայում, ապա այժմ արդեն Անկարան կարող է եւ ընդդիմանալ: Եվ կարծում եմ, ԱՄՆ-ը այս ամենից շատ լուրջ հետեւություններ է անում:
– Իսկ այդ հետեւություններն, ըստ Ձեզ, ինչպե՞ս կդրսեւորվեն: Հնարավո՞ր է, որ դա հանգեցնի ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման:
– Չի բացառվում: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը հայկական գործոնը երբեք իր զինանոցից չի հանի, քանի որ դա լրացուցիչ եւ կարեւոր լծակ է Թուրքիայի դեմ: Սակայն նշեմ, որ Թուրքիային ճնշելու համար ԱՄՆ-ն ունի բազմաթիվ այլ՝ առավել հզոր լծակներ: Սկսած թուրքական ապրանքատեսակների արտահանման քվոտաների կրճատումից, սպառազինության տրամադրման դադարեցումից, ավարտած Թուրքիայի առջեւ հին, բայց չհնացող հարցեր դնելով. օրինակ՝ կարող է վերաակտիվացվել պայմանականորեն ասած՝ Սեւրի սինդրոմը: Եվ խոսքն այստեղ միայն Սեւրի պայմանագրի մասին չէ: Այստեղ կարող է Թուրքիայի մասնատման խնդիր դրվել, քանի որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ իր իսկ կողմից այդչափ հզորացված պետությունը դուրս գա իր ուղեծրից եւ փորձի հարել ԱՄՆ-ին հակադրվող քաղաքական ուժերի, մասնավորապես Ռուսաստանին: Համենայնդեպս, Օբամա-Էրդողան վերջին հեռախոսազրույցի մանրամասների հրապարակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար այլեւս մտահոգիչ է դառնում Թուրքիայի վարքագիծը:
– Իսկ ռուս-թուրքական մերձեցումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
– Մենք պետք է հետեւություն անենք այն փաստից, որ Միացյալ Նահանգները, որպես գերտերություն, չկարողացավ իր դաշնակցի վրա անհրաժեշտ ազդեցություն ցուցաբերել: Այստեղից տրամաբանորեն պետք է մյուս ելակետը բխեցվի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջորդ հնարավոր նախաձեռնության հավանականությունը պետք է տեսնել թուրք-ռուսական համատեքստում: