Վրաստանի Գորիի շրջանի Խուրվալետի գյուղում բնակություն հաստատած հարավօսական փախստականների հետ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում. միավորված Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի կարողացել հանդիպել, քանի որ նրան քարկոծել են: Ըստ tert.am-ի, այս մասին տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը: Բուրջանաձեի խոսքով՝ իրեն եւ իր կուսակցականներին չի հաջողվել մուտք գործել գյուղ, քանի որ քաղաքացիական հագուստով մի քանի տասնյակ մարդիկ փակել են նրանց ճանապարհը՝ փորձելով բախում հրահրել ընդդիմության ներկայացուցիչների եւ փախստականների միջեւ: Բուրջանաձեն պնդում է, որ «սադրիչները» ուժային կառույցների ներկայացուցիչներ էին, որոնք քողարկվել էին քաղաքացիական հագուստի ներքո: