Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացավ քաղաքականությունից

Օգոստոս 18,2010 00:00

Քաղաքականությունը թողնելով «շակալներին»

«Հեռանում եմ քաղաքականությունից…
Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են:
Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյա» արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողնեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում…
…Էս Լեւոնի ու Սերժի, որս սիրող Ռոբի թիմերի համատեղ որոշումն է, որին դիմադրել կարող եմ, բայց չեմ ուզում:
…Ես հեռանում եմ քաղաքականությունից, որովհետեւ հավատում եմ Վազգենին, ու էդ տեսակը էսօրվա քաղաքական դաշտում փնտրել ու չեմ գտել…
… Հավատացեք Վազգենի ախպորը՝ Արամին, ով խավարից լույս է ստեղծում…»,- երեկ իր անձնական բլոգում գրել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Tert.am-ի հարցին ի պատասխան խոսելով իր որոշման պատճառների մասին, Սուրենյանցը մատնանշել է Հայաստանի քաղաքական համակարգի անկատարությունը: «Հայաստանում չեմ տեսնում իրական քաղաքական պայքար, մրցակցություն, հետեւաբար ցանկություն չունեմ մաս կազմել այդ հարաբերություններին:
Մենք ունենք բարեփոխվելու ցանկություն չունեցող իշխանություն եւ նոր որակ ստեղծելու կարողություն չունեցող ընդդիմություն: Այս պայմաններում քաղաքականությունը դառնում է իմիտացիա»,- ասել է նա՝ հավելելով, թե  չի ցանկանում նաեւ, որ իր անձի պատճառով հնարավոր լարվածություն առաջանա ՀԱԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ:
Նա նաեւ հայտարարել է, որ  «գոնե առժամանակ» նաեւ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու որոշում է կայացրել: «Իմ քայլով ես չեզոքացնում եմ հնարավոր լարվածությունը եւ բոլոր տեսակի ընտրություններում անվերապահորեն պաշտպանելու եմ քաղաքական այն գիծը, որի դավանողը կլինի Արամ Սարգսյանը»,- ընդգծել է Սուրեն Սուրենյանցը:
Քաղաքագետը համաձայնել է, որ ստեղծված իրավիճակի պատճառն իր հանդիպումն էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը մեծ արձագանք առաջացրեց: Ըստ նրա, նման արձագանքի պատճառն այն է, որ «ունենք հիվանդ քաղաքական համակարգ»: «Այնպիսի տպավորություն է, որ ես հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Նման արձագանքը միայն կարող էր հետեւել նման հանդիպմանը, սակայն այդ հանդիպումը դարձավ այն ինդիկատորը, որը բացահայտեց մեր քաղաքական համակարգի անկատարությունը»,- հավելել է Սուրենյանցը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն, անդրադառնալով Սուրենյանցի այս հայտարարությանը, news.am-ին ասել է, թե «այդ որոշումը Սուրեն Սուրենյանցի վերջին շրջանի ամենախելացի որոշումներից մեկն է». «Վերջին շրջանում նրա քայլերը բավականին անհասկանալի էին, եւ նա այդ որոշմամբ կարող է գնահատել իր կատարած քայլերը: Նա մոլորության մեջ է»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սուրենյանցն ընդհանրապես հեռանա կուսակցությունից, Ս. Այվազյանն արձագանքել է. «Ոչինչ բացառել չի կարելի»:
Սուրենյանցի հայտարարությունը խիստ լակոնիկ ոճով մեկնաբանել է նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը. «Դա նրա անձնական որոշումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել